June 24, 2019

Թեժ բանավեճ՝ կառավարությունում. Նիկոլ Փաշինյանը գործ չանողներին հատուկ զգուշացում տվեց

Կառավարության այսօրվա նիստում թեժ քննարկում ընթացավ ծրագրերի իրականացման գրասենյակների օպտիմալացման հարցի շուրջ: Բանը հասավ նրան, որ Նիկոլ Փաշինյանն ակնարկեց պաշտոնանկությունների մասին: Ֆինանսների նախարարի պաշտոնակատար Ատոմ Ջանջուղազյանը կառավարության նիստում ասաց, որ վերանայում են զանազան ԾԻԳ-երի, հիմնադրամների գործունեության արդյունավետության հարցը: Դրանք, ըստ նրա, տարիներ շարունակ պետական կառավարման համակարգին զուգահեռ կառավարման գործառույթ իրականացնող մարմինների են վերածվել:

«Վայ այն պաշտոնյաներին, որ իմ հանձնարարականներն այս կոնտեքստում չեն կատարի: Այսինքն՝ մենք այսքան խոսում ենք, որ այս երկիրը դարձրել են ծիգիզմի, հիմնադրամիզմի եւ պոակիզմի տրամաբանությամբ, եւ ամեն անգամ, երբ որ բանը գալիս ա հարցեր լուծելուն, պարզվում է, որ նորից պետք ա քննարկենք: Ոչ մի բան չպետք ա քննարկենք, էդ ինչ ա ԾԻԳ-ը, էդ պադավատներ են, ատկատներ են, կոռուպցիա ա, ամենամեծ օջախները կոռուպցիայի, գնացեք մտեք ցանկացած ոլորտ, եւ հեսա հերթով կբացահայտվեն դրանք: Հետո ասում են՝ պետական կառավարման համակարգի աշխատավարձերը բարձրացնենք, ո՞նց բարձրացնենք, երբ որ կան պետական կառավարման համակարգեր, երբ որ մարդիկ ստանում են բոլորից տասն անգամ բարձր աշխատավարձ, ինչ ա իրանք արտոնյալներ են: Ես ասում եմ՝ էս հարցով կայացվել է քաղաքական որոշում: Այն պաշտոնյաները, որ պարզվի՝ հանձնարականները չեն կատարել, էսօրվանից իրենց վեշերը հավաքեն ու գնան իրենց գործին, շատ հստակ եմ ասում»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Խնդրի վերաբերյալ վարչապետի պաշտոնակատարին պարզաբանումներ ներկայացրեցին ֆինանսների նախարարի պաշտոնակատար Ատոմ Ջանջուղազյանը, փոխվարչապետի պաշտոնակատարներ Տիգրան Ավինյանն ու Մհեր Գրիգորյանը:

Բանավեճը թեժացավ, երբ Ավինյանը խոսեց ֆինանսների նախարարության արտասահմանյան ֆինանսական ծրագրերի կառավարման կենտրոնի գործունեությունը դադարեցնելու հարցի մասին: Նա ասաց, որ հիմնական բովանդակային մտահոգությունը կայանում է հենց զուտ ծրագրերի իրականացման հետ:

«Նույնիսկ եթե այս տարի իրականացրել ենք նախանշված 10 ծրագրերի 50 տոկոսը, ուզում են մինչեւ վերջ հասկանալ՝ այդ կոմունիկացիան Համաշխարհային բանկի հետ իրականացվե՞լ է եւ արդյո՞ք 2019 թվականին չենք ունենա զրո տոկոս իրականացված ծրագիր: Այսինքն՝ եթե այդ կենտրոնի հմտությունների գնահատում իրականացվի, ինչքա՞ն կտեւի այդ պրոցեսը եւ արդյոք մինչեւ վերջ ՀԲ-ի հետ մենք համաձայնեցրել ենք պրոցեսը»,- ասաց Ավինյանը:

Նիկոլ Փաշինյանն ասաց, որ համաձայն չէ դիտարկման հետ: Ի՞նչ է նշանակում՝ արդյոք ծրագիրն իրականացվել է: Հյուսիս-հարավ ծրագիրն էլ ենք իրականացրել, բայց բռնել ու թալանել են ծրագիրը: Եվ լավ է, որ չի իրականացվել, քանի որ դրանով առաջին հերթին կանխվել է կոռուպցիան:

«Հերիք ա մեզ ամեն անգամ Համաշխարհային բանկով ու չգիտեմ ինչով բերեք որպես վերջնական փաստարկ: Եվ այս մոտեցումը դադարեցրեք»,- Տիգրան Ավինյանին դիմեց Փաշինյանը:

Ավինյանն ասաց, որ ուզում է ընդամենը հարցը հասկանալ՝ մինչեւ վերջ պայմանավորվածություն ունե՞նք ՀԲ-ի հետ, քանի որ երկու անգամ ՀԲ ներկայացուցիչներն այս հարցը բարձրացրել են:

Մհեր Գրիգորյանն ասաց, որ ՀԲ-ի հետ երկու անգամ խոսել է, վաղը վերջնական զրույցն է լինելու: «Այն փաստարկները, որոնք բերում է Համաշխարհային բանկի երեւանյան գրասենյակը, կարծում եմ, հակափաստարկներ ունենք, որովհետեւ իրենց շահերից էլ է բխում, որ մենք ծիգիզմ չունենանք»,- ասաց Մհեր Գրիգորյանը:

Նիկոլ Փաշինյանն ասաց, որ փաստորեն ՀԲ-ն ավելի շատ է շահագրգռված մեր կառավարության գործունեության արդյունավետությամբ, քան կառավարությունը: Սա, ըստ նրա, մեր ամենամեծ պրոբլեմն է:

«Ուրեմն, այստեղից դուրս կա մարմին կամ որեւէ անհատ, որն ավելի շատ ա մտահոգված ՀՀ կառավարության գործունեության արդյունավետությամբ, ուրեմն այստեղ պետք է լուրջ հետեւություններ անենք»:

Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարի պաշտոնակատար Տիգրան Խաչատրյանն ասաց, որ գուցե հայկական կողմը լավ չի բացատրել Համաշխարհային բանկին, դրա համար են նրանք մտահոգ: Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մեկ անգամ էլ կհանդիպի ու կպարզաբանի:

«Կներեք, եթե կառավարությունում կան մարդիկ, ովքեր ի հեճուկս վարչապետի հանձնարարության, ոչ թե բացատրում են դա, այլ հակառակն են բացատրում, ուրեմն այդ բացատրության վրա ավելի երկար ժամանակ կպահանջվի: Ուրեմն, գնացեք բացատրեք, քաղաքական որոշումը կայացված ա, ոնց ուզում եք բացատրեք»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Տիգրան Խաչատրյանն ասաց, որ վաղը նախատեսվում է ՀԲ-ի հետ երրորդ հանդիպումը, որտեղ պետք է որ ցրվեին ՀԲ ներկայացուցիչների բոլոր մտահոգությունները:

«Այս որոշումը, որը կայացնում ենք, ուժի մեջ է մտնում մարտի մեկից, ինչո՞ւ ենք շտապում այս նիստում կայացնում որոշումը, ոչ թե Համաշխարհային բանկի վաղվա հանդիպումից հետո»,- հարցրեց Խաչատրյանը:

Ի պատասխան Նիկոլ Փաշինյանն ասաց, որ շտապում են, որովհետեւ դեռեւս սեպտեմբերին տրված են հանձնարարականներ եւ ոչ մի նշան չկա, որ այդ հանձնարարականները սկսել են կատարվել:

«Իսկ ինչո՞ւ չեք շտապում վարչապետի հանձնարարականները կատարել, կարո՞ղ է որեւէ մեկը բացատրել: Ով որ ուզում ա ՀԲ հանձնարարականներն ավելի շուտ կատարել, թող գնա աշխատի ՀԲ-ում: Կառավարությունում աշխատողը պետք ա կատարի վարչապետի հանձնարարականները»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանն ասաց, որ երկրորդ կարծիք չկա, այն ճանապարհը, որն ընտրել է կառավարությունը, անշեղորեն գնալու են այդ ճանապարհով: Նա առաջարկեց հենց հիմա որոշում կայացնել Ֆիննախի ենթակայությամբ գործող այս կառույցի նկատմամբ, հետո հերթով անդրադառնալ մյուսներին:

armtimes.am

 

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


Add video comment
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը www.aaeurop.com-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական արտատպումը, տարածումը, կամ հեռուստառադիոընթերցումն առանց www.aaeurop-ին հղման արգելվում է:Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Կայքը պատասխանատվություն է կրում միայն «Եվրոպայի Հայերի Համագումարի » ի ստորագրությամբ նութերի, կարծիքների եւ դիրքորոշումների համար: All Rights Reserved,4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4