May 25, 2019

Հնարավոր են նշանակումներ, որոնք չեն լինի «Իմ քայլը» դաշինքից․ Լենա Նազարյան

 

«Առաջին լրատվական»– ի զրուցակիցն է «Իմ քայլը» դաշինքից ընտրված պատգամավոր Լենա Նազարյանը:

Շնորհավորում եմ վերստին ԱԺ պատգամավոր ընտրվելու կապակցությամբ: Թիվ 2 ընտրատարածքում ստացել եք 11300 քվե՝ անսպասելի բարձր ցուցանիշ:

-Երբեք կանխատեսումներ չեմ արել, պարզապես իմ աշխատանքն եմ արել: Մեծագույն երախտագիտությունս եմ հայտնում այն մարդկանց, ովքեր իրենց ձայնը վստահել են ինձ…  Ես միշտ ակտիվ եմ եղել հեղափոխական գործընթացների ժամանակ: Թիմից ինձ չեմ անջատում, ինձ ընտրելով՝ ընտրել են այն ուժին, որը ես եմ ներկայացնում:

-Վարչական ռեսուրսի չարաշահման մասին հայտարարությունները քննարկե՞լ եք կուսակցության ներսում:

-Անընդհատ եղել են քննարկումներ, և մեր թեկնածուներին փոխանցել ենք այն ուղերձը, որ որևէ կերպ չփորձեն չարաշահել վարչական ռեսուրսը: Չեմ բացառում, որ եղել են համայնքի ղեկավարներ, ովքեր իրենց նախաձեռնողականությամբ փորձել են արջի ծառայություն մատուցել… Դա՞ էր մեր հույսը, դա՞ էր մեր ուժը, հնարավորությունը: Ցանկացած քաղաքական ուժ, որն իր հույսը դնում է վարչական ռեսուրսի վրա, կա՛մ պարտված է, կա՛մ ոչ լեգիտիմ: Այդ հնարավորությունը մեր արժեքներին դեմ էր:

-Եթե նոր Ընտրական օրենսգրքով անցկացվեին ընտրությունները, խորհրդարանի ա՞յլ պատկեր կունենայինք:

-Այո՛, հնարավոր է. մենք ավելի քիչ ձայներ կստանայինք, և այն ուժերը, որոնք չանցան խորհրդարան՝ ՀՀԿ-ն, ՀՅԴ-ն, կանցնեին, չէ՞ որ նոր ԸՕ-ով առաջարկում էինք անցողիկ շեմը դարձնել 4 տոկոս և 4-րդ ուժի անցնելու պայմանը պարտադիր դարձնել: Այդ երկու ուժերը մերժեցին նոր ԸՕ ընդունումը, և դա պտտվեց իրենց դեմ… Նրանք խորհրդարանում ամեն մի կառուցողական քննարկում վերածելու էին բացասականի:

-Ըստ այդմ՝ Արցախի հարցը քարոզչական խոհանոց բերելը կե՞ղծ օրակարգ էր:

-Այո՛, Հայաստանի և Արցախի իշխանությունների միջև սեպ խրելը այդպիսի նպատակ ուներ:

-Գոնե հանգի՞ստ եք, որ ՀՀԿ-ն չհայտնվեց խորհրդարանում:

-Ճիշտն ասած՝ այո: ՀՀԿ-ն այս քարոզարշավի ընթացքում վերածվեց մի սև խոռոչի, որն ուղղակի կլանում էր ամեն դրական բան, բայց եթե անգամ նրանց դիտանկյունից սև է, բայց չէ՞ որ դրական բաներ էլ էին տեղի ունենում: Երբ որ իրենց ներկայացուցիչն ասում է՝ իշխանություն՝ Արցախի դիմաց, կամ՝ Հայաստանում այսպիսի խայտառակ ընտրություններ տեղի չէին ունեցել, այդ ծայրահեղ գնահատականներն ուղղակի վկայում են այն մասին, որ ադեկվատ չեն այդ մարդիկ, և նրանց հետ խոսել, նշանակում է պարզապես քայքայել քաղաքական քննարկումը: Հնարավոր չէ բանավիճել մի մարդու հետ, ով ասում է, թե խայտառակ ընտրություններ են տեղի ունեցել, այն դեպքում, երբ Հայաստանում բացառիկ աննախադեպ ընտրություններ էին, և գուցե առաջին անգամ մարդկանց կամքը ընտրակաշառքով չի ձևավորվել:

-Եվ այդ մասին է վկայում այն, որ ընտրությունները վիճարկող բողոք որևէ քաղաքական ուժի կողմից չկա այս պահին:

-Բացի դրանից՝ մարդիկ իրար շնորհավորում են, սա տոն է դարձել մարդկանց համար:

-ՀՀԿ-ից ասում են՝ ընտրությունները ձևով կատարյալ էին, բովանդակությամբ՝ ոչ:

-Չեմ հասկանում ինչ նկատի ունեմ, չեմ էլ ուզում քննարկել, մենք շատ ժամանակ և էներգիա կենտրոնացրինք նրանց վրա, ժամանակն է, որ ապագային նայենք:

-Մանավանդ որ եկել է միանձնյա պատասխանատվությունը կրելու ժամանակը:

-Այո՛, մենք կոալիցիաներ չենք կազմելու, դրա անհրաժեշտությունը չկա:

-Որևէ մեկի կարիքը չեք զգում նաև կադրերի՞ հարցում:

-Մենք ասել ենք, որ կադրային քաղաքականություն վարելիս մեր ընտրությունը չենք պայմանավորելու քաղաքական կուսակցության անդամ լինելու փաստով: Հնարավոր է լինեն նշանակումներ, որ մեր դաշինքից չլինեն:

-Դուք կմնա՞ք խորհրդարանում:

-Իհարկե:

-Գիտեք նաև, թե ինչ կարգավիճակո՞ւմ:

-Դեռ քննարկումներ են լինելու, քիչ առաջ վարչության նիստ արեցինք, հաջորդ օրերի քննարկումների համար մեր օրակարգը կազմեցինք, պետք է որոշումներ կայացվեն՝ կառավարության և ԱԺ պաշտոնների հետ կապված: Դեռևս չկան որոշումներ:

-Այս ԱԺ-ում 132 պատգամավո՞ր կլինի:

-Կարծես թե այո, բոլոր հաշվարկներն այդ մասին են վկայում: Դա ռեյտինգային ընտրակարգի հետևանքն է, որն ուզում էինք փոխել:

-Հիմա այդ փոփոխությունները մնո՞ւմ են օրակարգում:

-Այո՛, այսօր կարճ քննարկում ունեցանք՝ կապված ռեյտինգային ընտրակարգի հետ. մեր թիմում կա համախոհություն, որ ռեյտինգային համակարգը փոխվի, լինի համամասնական ընտրակարգ: Տարածքներում առաջացած խնդիրները որևէ կենտրոնի կողմից ուղղորդված և համակարգված չէին, բայց ինչ խնդիր էլ առաջացել է այս ընտրությունների գործընթացում, կապված է եղել ռեյտինգային ընտրակարգով առաջադրված կոնկրետ անձերի հետ:

-Ինձ մնում է հաջողություն մաղթել: Մինչև տարեվերջ, կարծում եմ, արդեն կառավարությունը և ԱԺ-ն ձևավորված կլինեն:

-Շնորհակալություն: Կարծում եմ՝ այո: Ըստ կարգի՝ դեկտեմբերի 24-ին առաջին նիստն է լինելու, եթե իհարկե Սահմանադրական դատարան բողոքարկումներ չներկայացվեն: Առաջին նիստում պետք է ընտրվի ԱԺ նախագահ, փոխնախագահներ, հանձնաժողովների թիվը պետք է որոշվի, ընտրվեն հանձնաժողովների նախագահները՝ փակ քվեարկությամբ: Հնարավոր է, որ այդ նիստերում ընտրվի վարչապետը, և 20 օր հետո կներկայացվի նոր կառավարության ծրագիրը… Հեղափոխությունը չի ավարտվում, անընդհատ նոր նվաճումների առաջ ենք կանգնելու:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

 

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


Add video comment
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը www.aaeurop.com-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական արտատպումը, տարածումը, կամ հեռուստառադիոընթերցումն առանց www.aaeurop-ին հղման արգելվում է:Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Կայքը պատասխանատվություն է կրում միայն «Եվրոպայի Հայերի Համագումարի » ի ստորագրությամբ նութերի, կարծիքների եւ դիրքորոշումների համար: All Rights Reserved,4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4