Rss Feed
Tweeter button
Facebook button
Technorati button
Reddit button
Myspace button
Linkedin button
Webonews button
Delicious button
Digg button
Flickr button
Stumbleupon button
Newsvine button
Youtube button
February 18, 2019

Ընտրության արդյունքները շատ խոսուն են. Դաշնակցությունում ինքնամաքրման գործընթաց պետք է տեղի ունենա

«Առաջին լրատվական» զրուցակիցն է Գլենդելի քաղաքապետ Զարեհ Սինանյանը:

– Պարոն Սինանյան, խորհրդարանական ընտրությունների արդյունքում երեք քաղաքական ուժ անցավ խորհրդարան։ Ինչպե՞ս եք գնահատում։

– Ընդհանուր առմամբ, իհարկե, շատ դրական եմ գնահատում։ Բնական է, որ այս հեղափոխությունը պետք է տրամաբանական ավարտ ունենար։ Կարծում եմ՝ այս խորհրդարանական ընտրությունները այդ հեղափոխության վերջին փուլն էին։ Սրանից հետո պետք է անցնեն բարեփոխմանը միտված աշխատանքներին՝ և՛ բրենդի իմաստով, և՛ ադմինիստրատիվ, և՛ դատական համակարգի, սակայն առանց ԱԺ-ի, մի ԱԺ, որն իրոք արտահայտում է ժողովրդի կամքը և համապատասխանում է հեղափոխական իրականությանը, բնական է, որ չէր կարելի հեղափոխությունը հաջողված համարել։ Բացասականն այն է, որ մի ուժ կա, որը շատ մեծ առավելություն ունի այլ ուժերի նկատմամբ։ Եթե պատմականորեն դա դիտարկենք, ապա երբեք դա լավ չի եղել Հայաստանի համար։ Բայց պետք է հույս ունենանք, որ ՔՊ-ն կարողանալու է իր հեղափոխական նպատակներին և իր սեփական գաղափարախոսությանը նվիրված մնալ մինչև վերջ և իր թվային, տոկոսային առավելությունն ԱԺ-ում օգտագործել հանուն երկրի և բնակչության բարօրության։

Ընդհանուր առմամբ՝ արդյունքներն ինձ համար սպասելի էին։ Ես մեծ հույս ունեի, որ ՀՀԿ-ն չի լինի ԱԺ-ում, այսինքն՝ այդ խումբը, որ սարսափելի մեծ վնաս էր հասցրել ՀՀ-ին և մեր ժողովրդին, թշնամական  քաղաքականություն էր վարում ժողովրդի և պետության նկատմամբ, իսպառ դուրս կմնա, ինչն էլ տեղի ունեցավ՝ դրանով ևս մեկ անգամ ապացուցելով, որ իրենց ամբողջ իշխանությունը հիմնված էր կեղծիքի, ստի, անարդարության և նման բացասական երևույթների վրա։

– Ինչպե՞ս եք գնահատում, որ ութ քաղաքական ուժ և դաշինք չհաղթահարեցին հինգ տոկոսը, Դաշնակցությունը նույնպես։

– Ընտրության արդյունքները շատ խոսում են, չհաղթահարեցին, ուրեմն չհաղթահարեցին։ Իրենք պետք է ներքին վերլուծության ենթարկեն սեփական քաղաքականությունը, մոտեցումները և վերագնահատեն իրենց դերը Հայաստանում։ Դաշնակցությունում ինքնամաքրման գործընթաց պետք է տեղի ունենա։

– Կարծում եք՝ նոր իշխանությունը իր առջև դրված մարտահրավերները, խնդիրները կարողանալո՞ւ է լուծել՝ հաշվի առնելով այն, որ սպասելիքները շատ մեծ են։

– Ես հույս և հավատ ունեմ, որ այդպես է լինելու։ Մեր մարտահրավերները շատ լուրջ են, բայց եթե նրանք չկարողանան հաղթահարել այդ մարտահրավերները, ապա, կարծում եմ, վատագույն դեպքում տեղի կունենան նոր խորհրդարանական ընտրություններ, և իրավիճակը կփոխվի, սակայն այս պահին պատճառ չկա մտածելու, որ նրանք չեն հաջողելու։ ՔՊ-ն ունի բավականին ուժեղ առաջնորդ, որը մինչ այժմ իր կամային հատկություններով մեծ արդյունքներ է ապահովել երկրի համար, և պետք է հուսանք, որ այս գործընթացը կշարունակվի, և բարեփոխումներն էլ կունենան իրենց համապատասխան հաջող հետևանքները։

– Արտահերթ ընտրություններին հապճեպ գնալը պատճառաբանվում էր նրանով, որ ստեղծված վիճակը խոչընդոտում էր ներդրումներին։ Հունվարից հետո ներդրումների առումով փոփոխություններ լինելո՞ւ են՝ ըստ Ձեզ։

– Իրոք, Հայաստանում շատ անբնական վիճակ էր, երբ  օրենսդիր մարմինը՝ պառլամենտը, գտնվում էր մի ուժի ձեռքերում, և գործադիր լծակները գտնվում էին մեկ ուժի ձեռքերում, որը ԱԺ-ում մեծամասնություն չէր, ինչը իրեն վստահություն չէր ներշնչում։ Հետևաբար այս դժվարությունը հաղթահարելուց հետո իրոք պատճառ կա հավատալու, որ ավելի գրավիչ մթնոլորտ և ավելի գրավիչ պայմաններ են ստեղծվելու ներդրողների համար։ Ես օրինակներ կարող եմ բերել՝ կապված հենց Գլենդելի բնակիչների հետ, որ բուն հեղափոխությունը մարդկանց մեջ ներդրումների իմաստով մտածողության փոփոխություն է առաջացրել։ Ես հասկանում եմ, որ մարդիկ ուզում են, որ ներդրումները տեղի ունենան միանգամից, մեկ ակնթարթում, բայց իրականում դա այդպես տեղի չի ունենում։ Կարևորն այն է, որ մարդկանց մեջ վստահության մեծ աճ է տեղի ունեցել Հայաստանի նկատմամբ։ Եվ այն, որ «ընդդիմադիր» ուժերը, որոնք դուրս մնացին քաղաքական պայքարից և ԱԺ-ից, վերջին ամիսներին հեգնանքով ասում էին՝ բա ո՞ւր են ձեր ներդրումները, ո՞ւր են ձեր ներգաղթողները։ Ես ձեզ հավաստիացնում եմ, որ այդ ներդրողները կան, լինելու են և ներգաղթողներն էլ հետը։

– Երբեմն տեղի համայնքից  հոռետեսական կարծիքներ են հնչում, թե ի՞նչ է փոխվել Հայաստանում, որ տեղի է ունեցել աթոռակռիվ։ Լևոն Շարաֆյանն էլ նշում է, որ փոփոխություններ Հայաստանում տեղի չեն ունեցել։

Շատ հարգում եմ Լևոն Շարաֆյանին, նա մեր քաղաքի բնակիչ է, բայց համաձայն չեմ իր հետ։ Ըստ երևույթին՝ ինքը ճիշտ մարդկանց հետ չի առնչվում, չի շփվում, և իր չտեսնելը իրականության որևէ նշաձող չէ։ Այսպիսի կարծիքները իրականությանը չեն համապատասխանում։ Կարող եմ օրինակ բերել. վերջին 5-6 ամիսների ընթացքում ներդրումներ են արվել Հայաստանում կոնկրետ մեր քաղաքից, և էլի շատ օրինակներ գիտեմ, որ մարդիկ պատրաստ են այդ ներդրումներն անել։ Սա է իրականությունը։ Հասկանում եմ, որ մարդիկ դա չեն ուզում ընդունել, բայց դա իրականությունն է։

– Եթե ամփոփենք, 2019-ին Հայաստանը տնտեսական  առումով բեկում կարձանագրի՞։

– Կարծում եմ՝ այո, մանավանդ եթե ԱԺ-ն լավ աշխատի, լավ օրենքներ ընդունվեն, եթե Երևանի քաղաքապետարանը լավ աշխատի, և պարզապես տարրական հույսերը, որ կապել են հեղափոխության հետ, կարողանա արդարացնել, ապա հավատում եմ, որ այդ սպասելիքները կարդարացվեն, ներդրումներ կլինեն, և իրավիճակը կբարելավվի։

 

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


Add video comment
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը www.aaeurop.com-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական արտատպումը, տարածումը, կամ հեռուստառադիոընթերցումն առանց www.aaeurop-ին հղման արգելվում է:Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Կայքը պատասխանատվություն է կրում միայն «Եվրոպայի Հայերի Համագումարի » ի ստորագրությամբ նութերի, կարծիքների եւ դիրքորոշումների համար: All Rights Reserved,4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4