March 20, 2019

Երկրաշարժից 30 տարի անց աղետի գոտի հասկացությունը վերացված չէ. Նիկոլ Փաշինյան

Երկրաշարժից 30 տարի անց աղետի գոտի հասկացությունը վերացված չէ, այսօր Գյումրիում՝ երկրաշարժի զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողի մոտ, պաշտոնական միջոցառման ժամանակ հայտարարեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։

«Իհարկե մինչև հիմա աղետի գոտի ասելով մենք առաջին հերթին հասկանում ենք մարդկանց բնակարանային կարիքները, դպրոցների, մանկապարտեզների շինարարությունը և բացումը, բայց այնուամենայնիվ պետք է արձանագրենք, որ երկրաշարժի արդյունքում ավերվեց Հայաստանի արդյունաբերության համար առանցքային նշանակություն ունեցող մի հսկայական տնտեսական սեգմենտ, և երբ ասում ենք՝ աղետի գոտու վերականգնում, պետք է հասկանանք ոչ միայն մարդկանց բնակարանային կարիքների վերականգնումը, ոչ միայն դպրոցների ու մանկապարտեզների, հանրային նշանակության այլ օբյեկտների վերականգնումը, այլև վերականգնումն այն ողջ տնտեսական հզորության, այն ողջ տնտեսական պոտենցիալի, որ գոյություն է ունեցել Գյումրիում, Սպիտակում, Վանաձորում և ընդհանրապես աղետի գոտու ողջ տարածքում», – ասաց Փաշինյանը։

Վարչապետի պաշտոնակատարն ընդգծեց՝ թեև երկրաշարժից շատ չանցած սկսվեցին աղետի գոտու վերականգնման աշխատանքները, բայց միշտ չէ, որ շենքերին զուգընթաց վերականգնվում էին մարդկանց հույսը, վստահությունը, լավատեսությունը։

«Աղետի պատճառած ամենամեծ վնասը թերևս մարդկանց հոգիներում տեղի ունեցած ավերածություններն էին։ Երբ ասում ենք աղետի գոտի, առաջինը հենց սա պետք է նկատի ունենանք, թե ինչքանով է վերականգնված մարդկանց վստահությունը սեփական ուժերի նկատմամբ, ինչքանով է վերականգնված լավատեսությունը վաղվա օրվա նկատմամբ, ինչքանով է վերականգնված հույսը, որ զոհվածների կիսատ թողնված գործերը և երազանքները կդառնան իրականություն։ Հենց աղետի գոտու վերականգնման այսպիսի հայեցակարգն է առավել կարևորը և անհրաժեշտ։ Ես հույս ունեմ և համոզված եմ, որ Հայաստանում տեղի ունեցող գործընթացներն առաջին հերթին ծառայում են և պիտի ծառայեն այս նպատակին՝ մարդկանց հույսը, վստահությունը, լավատեսությունը վերականգնելուն։ Ես համոզված եմ, որ մենք թևակոխել ենք մի փուլ, որտեղ ամեն օր, ամեն ժամ, ամեն ամիս, ամեն շաբաթ պետք է լրջորեն վերակառուցենք մարդկանց հավատը և վստահությունը սեփական ապագայի, սեփական երկրի ապագայի և իրենց երեխաների ապագայի նկատմամբ, որ նրանք պետք է կապեն Հայաստանի Հանրապետության հետ», – ասաց Փաշինյանը։

1988 թվականի դեկտեմբերի 7-ին ժամը 11:41 Ռիխտերի սանդղակով 9 բալլ ուժգնությամբ ստորգետնյա ցնցումները մեծ ավերածություններ պատճառեցին Հայաստանի հյուսիսային հատվածում՝ Սպիտակ, Լենինական (այժմ՝ Գյումրի), Կիրովական (այժմ՝ Վանաձոր), Ստեփանավան քաղաքներում, բազմաթիվ այլ բնակավայրերում:

Երկրաշարժը, ըստ պաշտոնական տվյալների, խլեց 25 հազար կյանք, հարյուր հազարավոր մարդիկ մնացին անօթևան: Ուղղակի նյութական կորուստները գնահատվում են շուրջ 10 միլիարդ դոլար։ Եվ մինչ օրս կան բազում չլուծված հարցեր․ աղետի գոտին դեռ ամբողջովին չի վերականգվել, հազարավոր մարդիկ դեռ տնակներում են ապրում:

«Այսօր աղետի գոտին պետք է ամբողջապես վերականգնված լիներ»

Այսօր աղետի գոտին պետք է ամբողջապես վերականգնված լիներ, բայց ֆինանսներն անարդյունավետ ծախսելու հետևանքով կանգնել ենք կոտրած տաշտակի առջև։ Այսպիսի համոզմունք է հայտնում Լոռու մարզպետի խորհրդական Լևոն Ասլանյանը, ով անցած 30 տարիներին բարձր պաշտոններ է զբաղեցրել մարզում։ Վերջին 10 տարիներին աղետի գոտու հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակապահովման, բնակարանների կառուցման և բաշխման պետական հանձնաժողովի անդամ է։

Բոլոր անցած տարիներին անմիջականորեն մասնակից լինելով աղետի գոտու ծրագրերին, Ասլանյանն ասում է՝ երկրի ղեկավարները տարեցտարի հետաձգել են աղետի գոտու խնդիրների լիարժեք լուծման վերջնաժամկետները․ – «Մի տարի հանրապետության երրորդ նախագահն ասում էր՝ 2011 թվականը վերջնաժամկետն է, մյուս տարին դա սահուն նույն նախագահի արտահայտությամբ անցնում էր 2012, 2013, 2014, 15․․․ Ինչքա՞ն կարելի էր խաբել մարդկանց, ինչքա՞ն: Հիմա ինչպե՞ս են էդ նույն մարդիկ ձգտում հետ գալ իշխանության՝ որ ի՞նչ ասեն աղետի գոտու ժողովրդին, ի՞նչ ասեն»:

Լոռու մարզպետի խորհրդականը նշում է, որ խորհրդային երկրներից ժամանած շինարարների հեռանալուց հետո ամենաինտենսիվ շինարարությունն իրականացվել է 2009-2013 թվականներին՝ Ռուսաստանից ստացած խոշոր վարկի հաշվին։ 500 միլիոն դոլարի կեսը առանձնացվել էր աղետի գոտում անօթևան մնացած 6 հազար ընտանիքներին բնակարաններով ապահովելու համար։ Լոռու մարզի 2 հազար 221 անօթևանների միայն կեսի համար կառուցվեց բնակարան, փաստում է Լևոն Ասլանյանը։

«Հաշվարկները ցույց էին տալիս, որ այդ գումարը բավական է, որ մենք աղետի գոտում գյուղական և քաղաքային բնակավայրերում վերջ տանք բնակարանաշինությանը: Բայց եկեք տեսեք, ինչպես Պուշկինն է ասում՝ ջարդված տաշտի առաջ ենք կանգնած: Ինչպե՞ս եղավ, որ այդ գումարը չբավարարեց», – ընդգծեց մարզպետարանի պաշտոնյան:

Հետագայում կարիքավորների մի մասը պետությունից ստացել են բնակարանների գնման էժան վկայագրեր, մի մասի դեպքում պատասխանատուները որոշել են, որ նրանք չպետք է ընդգրկվեին բնակարանի կարիք ունեցողների ցուցակներում, և աղետից տուժած անօթևանների թիվը նվազեցվել է։

Այսօր պաշտոնական տվյալներով պետությունը քաղաքներում որևէ պարտավորություն այլևս չունի։ Գյուղական բնակավայրերի ցուցակներով դեռևս 524 տուն պետք է կառուցվի, որի կեսից ավելին՝ Լոռու մարզում։

1998-99 թվականներին մարզպետի պաշտոնն զբաղեցրած Ստեփան Այվազյանը, ով ավելի ուշ պետական այլ պաշտոններ է զբաղեցրել, պնդում է՝ վերջին գրեթե 20 տարիներին աղետի գոտում իրականացված բոլոր շինարարությունների դեպքում շինարարները պատվիրատուի հատկացրած գումարի 10-15 տոկոսը կանխիկ ետ են վերադարձրել՝ որպես կաշառք, այսպես կոչված՝ «ատկատ»։ Նախկին մարզպետն էլ առանձնացնում է 1998-2006 թվականները, երբ շինարարությունները հիմնականում իրականացվել են «Լինսի», Սոցիալական ներդրումների և «Հայաստան» հիմնադրամների ու պետական բյուջեի հաշվին։

«Նպատակային սկզբից նախահաշիվները կազմված էր էնպես, որ բարձր գներով լինի, և շինարարը շահելու դեպքում պետք է անպայման պատվիրատուին իրենց 10-15 տոկոսը պահանջված կանխիկ գումարով հետ վերադարձներ: Էդ 98 թվականի սկսած շինարարական աշխատանքները տևեց 8 տարի: Այ էդ 8 տարվա ընթացքում եթե հաշվենք՝ ինչքան ներդրում է եղել, դրանց 10-15 տոկոսը երևի տասնյակ միլիոն դոլարներ կլիներ դեռ կոնկրետ մեր մարզի համար», – «Ազատության» հետ զրույցում շեշտեց Այվազյանը:

Նախկին մարզպետը համոզված է՝ ուսումնասիրությունների դեպքում շատ արագ կարելի է համեմատել կատարված ծախսերն ու աշխատանքը և գնահատել իրավիճակը:

«Եթե որևէ մարզպետ՝ սկսած ինձանից, դա կփորձի հերքել, էդ փաստաթղթերը լրիվ մնում են: Էնպես որ, չի կարող ոչ մեկը հերքել, ասել՝ էդպիսի բան չի եղել: Ու դա արվում էր, գիտե՞ք, պետական կառույցների շենքերով․ պատվիրատուն ո՞վ է, ասենք՝ մարզում մարզպետն է լինում, քաղաքապետն է լինում, չէ՞, էդ ատկատները էդ շենքերում են էդ հարցերը լուծվում՝ պատվիրատուի հետ: Եվ գիտե՞ք, էն ժամանակ բաժանումներ եղան՝ մարզպետը ինչքանի պատվիրատուն լինի, տարեկան մի միլիարդ, երկու միլիարդ տրվում էր մարզպետարանին, որ ինքը տեղում պատվիրատու լինի, նախարարությունը ինչքան պատվիրատու լինի․․․», – նշեց Այվազյանը:

1988-ի երկրաշարժի էպիկենտրոն Սպիտակում, որտեղ վերջին տարիներին իշխանությունները համարել են, որ աղետի հետևանքներն արդեն վերացված են, վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի Լոռի այցի ժամանակ բնակիչները նշում էին, թե սպասելիքներ ունեն՝ գոնե 30 տարի անց վերջնականապես լուծված տեսնել իրենց խնդիրները:

Գործող կառավարությունն իր ծրագրերում նշել է, որ աղետից տուժածների խնդիրը կլուծեն առաջիկա երկու տարիներին: Անցած ամիս պետական բյուջեից 460 միլիոն դրամ հատկացվեց Լոռու մարզում 44 կիսաշեն տուն ավարտին հասցնելու համար՝ հաջորդ տարվա գարնանը կսկսվի շինարարությունը:

azatutyun.am

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


Add video comment
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը www.aaeurop.com-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական արտատպումը, տարածումը, կամ հեռուստառադիոընթերցումն առանց www.aaeurop-ին հղման արգելվում է:Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Կայքը պատասխանատվություն է կրում միայն «Եվրոպայի Հայերի Համագումարի » ի ստորագրությամբ նութերի, կարծիքների եւ դիրքորոշումների համար: All Rights Reserved,4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4