Rss Feed
Tweeter button
Facebook button
Technorati button
Reddit button
Myspace button
Linkedin button
Webonews button
Delicious button
Digg button
Flickr button
Stumbleupon button
Newsvine button
Youtube button
November 21, 2018

ՀՅԴ-ն թալանում է համայնքը, նույն վարքը տարիներ շարունակ բանեցրել է ՀՀԿ վերնախավը Հայաստանում

«Առաջին լրատվական»ի զրուցակիցն է Թեհրանում տպագրվող «Արաքս» շաբաթաթերթի խմբագիր Մովսես Քեշիշյանը։

-Պարոն Քեշիշյան, Իրանում սոցիալական վիճակը գնալով խորանում է. հնարավո՞ր է արդյոք, որ իրանահայերը տեղափոխվեն Հայաստան։ Ինչպիսի՞ն են տրամադրությունները։

-Իրանահայերը հին պատմություն ունեն Իրանում և իրենց տեղափոխվելը միայն փոքր կամ մեծ տնտեսական պայմանների հետ չի կապված։ Այս տարիների ընթացքում բավական մեծ թվով իրանահայեր տեղափոխվել են Հայաստան, աշխատում են, և կան մարդիկ, որոնք գնում-գալիս են, ներդրումներ ունեն Հայաստանում։ Այսօր էլ համայնքում այդ թեմայի շուրջ քննարկումներ լինում են։ Հատկապես Հայաստանում թավշյա հեղափոխությունից հետո համայնքում բավականին աշխուժություն է սկսվել այդ առումով։ Թե որքանով դա իրականություն կդառնա, այսօր դժվար է ասել, որովհետև թեև Իրանի վիճակը տնտեսական առումով վատթարացել է, շատ բաներ շատ են թանկացել՝ հիմնականում դոլարով, բայց նոր քաղաքականությունը, որ վարեց պետությունը Եվրոպայի հետ հարաբերություններում, նաև Կենտրոնական բանկին որոշակի լիազորություններ տալով, կառավարությունը որոշակի չափով կարողացավ գներն իջեցնել։ Դա որոշակի հույսեր է ներշնչում տնտեսության բարելավման առումով։

-Հայերն ի՞նչ վիճակում են հայտնվել Իրանում։

-Դե բնական է, որ ընդհանուր տնտեսության վիճակը, տնտեսական ճգնաժամը բացասաբար է ազդում բոլոր քաղաքացիների վրա։ Ես չէի ասի, որ հայերն ամենաաղքատն են, նրանք կարողանում են իրենց ապահովել, պահել, որովհետև միշտ էլ լինելով արհեստի ու արվեստի ոլորտներում, երբեք էլ իրենց պահելու առումով դժվարություն չեն ունեցել։ Իհարկե, որոշ հարցեր կան, որ կապված են համայնքային իշխանության, համայնքային հարստության հետ։ Պետք է վարել ճիշտ քաղաքականություն, որ համայնքի չքավոր դասին կարողանանք ապահովել։ Դժբախտաբար, այդպիսի քաղաքականություն չեն վարել, որի հետևանքով վնասվել է համայնքը։

-Դուք խոսեցիք թավշյա հեղափոխության մասին։ Ընդհանրապես, հայ համայնքում ինչպե՞ս են գնահատում Հայաստանում տեղի ունեցածը, արդյո՞ք հնարավոր է դեպի Հայաստան ներգաղթ կազմակերպել։

-Թավշյա հեղափոխության ազդեցությունը շատ մեծ էր համայնքի վրա, մարդկանց մոտ իրապես տրամադրություն փոխվեց Հայաստանի նկատմամբ։ Եթե Հայաստանը մինչև երեկ համարվում էր թալանող իշխանություն ունեցող երկիր, որտեղ ամեն ինչ կարող են մարդու ձեռքից խլել, ներդրումները փչացնել, վնասել մարդկանց գործունեությունը, ամեն ինչ անել միայն սեփական գրպանի համար, այսօր մարդիկ ուրախ են, որ Հայաստանում իշխում են այնպիսի մարդիկ, որ երկրի ու ազգի շահերով են մտահոգված ու դրա համար են աշխատում։ Դա մեծ ազդեցություն է թողել համայնքի վրա և մարդիկ ավելի ուրախ, ավելի լավ հայացքով են նայում Հայաստանի ապագային, դեպի իրենց համար ցանկալի մի վայր, որտեղ կուզենան գնալ, հաստատվել։

-Սեպտեմբերին Նյու Յորքում կայացավ Փաշինյան-Ռոհանի հանդիպումը։ Ի՞նչ դիտարկումներ ունեն իրանահայերն այդ հանդիպման հետ կապված։

-Այս հանդիպման հետ կապված ավելի կարևոր է իրանական հայացքը, քան հայկականը, որովհետև հայերի մոտ արդեն իսկ թավշյա հեղափոխությունն իր դրական ազդեցությունն ունեցել է հեղափոխության օրերից սկսած։ Դրանք բավական մարդկանց մոտ դրական տրամադրություն են ստեղծել նոր Հայաստանի նկատմամբ։ Ինչ վերաբերում է իրանական այրերին, ապա նրանք ևս սկսել են նոր մոտեցումով նայել Հայաստանին։ Եթե մինչ այս պատկերացնում էին, որ նոր իշխանությունների ընդհանուր քաղաքականությունը երկիրը տանում է դեպի Արևմուտք, սակայն հիմա տեսան, որ Հայաստանը վարում է անկախ քաղաքականություն, որ Հայաստանից նայում են և՛ Արևմուտք, և՛ Արևելք, բայց այդ ամենն անում են հանուն ազգային շահերի։ Սա հենց այն է, ինչին Իրանի իշխանությունները դեմ չեն եղել և դեմ չեն։ Իրենց մոտ սկզբում, իսկապես, տպավորությունն այնպիսին էր, որ Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունը՝ Փաշինյանի գլխավորությամբ, Հայաստանին տանում է Արևմուտքի գիրկը, բայց հիմա այդ մտահոգությունները փարատված են։

-Հայաստանի քաղաքական կյանքում հիմա էլ հանգիստ չէ. քննարկվում է խորհրդարանը ցրելու, արտահերթ ընտրություններ անցկացնելու հարցերը։ Ձեր կարծիքով՝ որքանո՞վ կլարվի իրավիճակը, մտահոգություններ դուք ունե՞ք, թե՞ ոչ։

Ես հավատացած եմ, որ ժողովրդի կամքը կհաղթի, սակայն, այդուհանդերձ, իրավունք չունեն թույլ տալու այնպիսի թերություններ, որոնք թույլ կտան նախկին իշխանություններին կամ հակահեղափոխական ուժերին քայլեր անելու առիթ տալ։ Ես անձամբ դեմ էի Նիկոլ Փաշինյանի հրաժարական տալու մտադրությանը, ես դրանում դրական բան չեմ տեսնում, նաև տեսնում եմ առիթ, որ դիմացինները կարող են որոշակի քայլերի գնալ։ Իհարկե, շատերը հրաժարականի մոտեցումն արդարացնում են նրանով, որ ժողովրդական ալիքը կարող փշրել ցանկացած հակաքայլ, սակայն մինչև հակաքայլը մենք կարող ենք կորուստներ ունենալ։ Դա, կարծում եմ՝ արդարացված չէ։ Մենք դա պատմությունից գիտենք, տեսել ենք, թե ինչպիսի քայլեր են անում այն մարդիկ, որոնք իշխանություն ու աթոռ են կորցնում։ Ես կարծում եմ, որ չպետք է հարցերին միամտությամբ մոտենալ, թեև հավատացած եմ, որ ՀՀ իշխանություններն ամեն բան լավ հասկանում են։ Ինչ վերաբերում է խորհրդարանի արած քայլերին, ես դրան սպասում էի և զարմացած էի, որ ավելի շուտ այդպիսի քայլերի չեն գնացել, որովհետև մենք այդ փորձը ունենք, Սփյուռքում տեսել ենք, թե ինչպես է վարվում Դաշնակցությունը։ Նույն հոգեբանությունը, երևի, Հայաստանում ունի Հանրապետական կուսակցությունը։ Նույն քաղաքականությունը, նույն թալանը Դաշնակցությունն է Սփյուռքում գործադրում։ Օրինակ՝ հենց մեր համայնքում, երբ մենք խոսում ենք, հարց ենք բարձրացնում, որևէ քաղաքական խնդիր ենք դնում, այնքան քաղաքական խնդիր չունենք ՀՅԴ-ի հետ, որքան համայնքի թալանի հետ կապված։ Անընդհատ մտածում ենք՝ եկեղեցին չպառակտեն, համայնքի հարստությունը չթալանեն ու իրենց քաղաքական գործունեությունն առաջ տանեն։ Աջ կգնան, թե ձախ կգնան, իրենց խնդիրն է, ժողովուրդը կորոշի՝ իրենց հետևից գնալ, թե ոչ։ Բայց երբ որ ժողովրդի ունեցվածքը, ժողովրդի հարստությունը թալանում են, իսկ համայնքի բազմաթիվ հարցեր բաց են մնում, այդ թվում՝ դպրոցների հարցը, եկեղեցու հարցը, համայնքի չքավոր խավը շարունակում է մնալ դժվար պայմանների մեջ։ Այսինքն՝ Դաշնակցությունը թալանում է համայնքը, նույն վարքը տարիներ շարունակ բանեցրել է Հանրապետական կուսակցության վերնախավը Հայաստանում։ Այս տարիներին ինչ կատարվել է Հայաստանում, ուղղակի թալան ու ավազակություն է եղել։ Այդ թալանչիները իրենց թալանի ճանապարհը չփակելու համար հակաքայլի են գնալու, իսկ այդ դեպքում, բնականաբար, նրանք հաշվի չեն առնելու ժողովրդի շահերը, միայն իրենց շահերին են նայում։ Մենք, նոր իշխանությունները, ժողովուրդը դրան պետք է դեմ դուրս գան։ Բարեբախտաբար, ժողովուրդը դա գիտակցել է, ժողովուրդը կանգնած է վարչապետի կողքին։ ՀՀ կառավարությունն ու վարչապետը պետք է ավելի զգուշավոր լինեն, ապագա քայլերի մասին մտածեն ու թերությունների տեղիք չտան։

 

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


Add video comment
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը www.aaeurop.com-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական արտատպումը, տարածումը, կամ հեռուստառադիոընթերցումն առանց www.aaeurop-ին հղման արգելվում է:Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Կայքը պատասխանատվություն է կրում միայն «Եվրոպայի Հայերի Համագումարի » ի ստորագրությամբ նութերի, կարծիքների եւ դիրքորոշումների համար: All Rights Reserved,4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4