June 26, 2019

Եթե ժողովուրդն ուզում է՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունները լինեն դեկտեմբերին, մենք էլ ենք ուզում. Գագիկ Ծառուկյան

Մենք պատրաստ ենք, էլի ենք պատրաստ, մենք մեր ժողովրդի հետ եղել ենք, էլի կանք, այնպես չի, որ ուզում ենք խանգարել։ Այս մասին Կենտրոն ՀԸ եթերում Ուրվագիծհաղորդման ժամանակ հայտարարեց Բարգավաճ Հայաստան կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը՝ խոսելով արտահերթ խորհրդարանական ընտրությունների գնալու վերաբերյալ վարչապետի հայտարարությունների մասին։

Դիտարկմանը, թե վարչապետն ասում է՝ միայն ընտրություններից հետո ներդրումներ կլինեն, Գ. Ծառուկյանն արձագանքեց, որ արդեն կան բազմաթիվ ներդրումներ, արևային պանելների, սրբիչի, ՏՏ ոլորտներում և այլն։ «Հիմա, որ ասում են՝ հոսքը կանգ է առել ներդրումների, հիմա հոսքը կանգնել է ոչ թե օրենքի համար…բոլոր պատգամավորներն էլ կողմնակից են ներդրման զարգացմանը, եթե այսօր ճանապարհով 2 մեքենա գնում են, քո գործընկերներն են, կանգնեցնում են, պառկեցնում ասֆալտին, նկարում, ո՞ր մարդը կգա, սովորական մարդին խի են կանգնեցնում։ Այսօր հիմնական խնդիրն այն է, որ պարոն վարչապետն այդ հակահեղափոխական մարդկանց իր թիմում պիտի ման գա»,-ասաց Ծառուկյանը։

Ինչ վերաբերում է դիտարկմանը, թե Ն. Փաշինյանն ու ՔՊ-ականները պնդում են՝ ժողովուրդը դեկտեմբերին է ուզում արտահերթ խորհրդարանական ընտրություններ, ապա ԲՀԿ նախագահն արձագանքեց. «Ժողովուրդն ուզում է դեկտեմբերին, ժողովրդի ցավը տանեմ, եթե ժողովուրդն ուզում է դեկետմբերին, մենք էլ ենք ուզում։ Ես ինչ անում եմ, ժողովրդի համար եմ անում, որ այդ հնարավորությունը, ծանոթությունս օգտագործեմ երկիրը զարգացնելու համար»։

Նա հայտարարեց, որ հանդիպումներ է ունենալու արտախորհրդարանական այն ուժերի հետ, որոնք հանդիպումներ չեն ունեցել ՀՀ երկրորդ և երրորդ նախագահներ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի հետ։

Հիշեցնենք, որ Ազգային ժողովի ՀՀԿ, Ծառուկյան և ՀՅԴ խմբակցություններն հոկտեմբերի 2-ի երեկոյան արտահերթ նիստում հրատապ կարգով ընդունեցին «Ազգային ժողովի կանոնակարգ օրենքում» փոփոխություն կատարելու մասին նախագիծը։ Քվեարկությունը տեղի ունեցավ առանց ուղիղ հեռարձակման, լրագրողների մուտքը փակ էր նիստին։ Խորհրդարանական արտահերթ ընտրություններ անցկացնելու համար, ըստ Սահմանադրության, վարչապետը պետք է հրաժարական տա, որից հետո երկու անգամ խորհրդարանը պետք է չկարողանա ընտրել վարչապետ և արձակվի օրենքի ուժով։ Այժմ օրենքի նախագիծը սահմանում է, որ եթե կա խոչընդոտ ԱԺ նիստը շարունակելու, ԱԺ նիստը պետք է ընդհատվի, ոչ թե համարվի չկայացած:

Այս օրենքին կողմ քվեարկելուց հետո հանրահավաքի ժամանակ Նիկոլ Փաշինյանը պաշտոնից ազատեց ԲՀԿ-ական ու ՀՅԴ-ական նախարարներին ու մարզպետներին։

Գագիկ Ծառուկյանն արդեն իսկ այսօր երեկոյան հանդիպում էր նշանակել ԲՀԿ քաղաքական թիմի անդամների հետ՝ տեղեկանալու վերջին քվեարկության և դրան հաջորդած իրադարձությունների մասին:

Իսկ հաղորդման ժամանակ, անդրադառնալով կառավարության մաս չկազմելուն, նա ասաց, որ պաշտոնի երբեք չեն ձգտել։

tert.am

 

«Կենտրոն» հ/ը-ում չգիտեն, թե ինչու Գագիկ Ծառուկյանի հարցազրույցը չի հեռարձակվում իրենց եթերով

Հոկտեմբերի 4-ին, ժամը 22:10-ին, «Կենտրոն» հ/ը-ի եթերում նախատեսված էր ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հարցազրույցը՝ «Ուրվագիծ» հաղորդման շրջանակներում: Սակայն նախատեսված ժամին հարցազրույցի փոխարեն եթեր հեռարձակվեց հեռուստասերիալ:

«Ուրվագիծ» հաղորդման վարող եւ հեղինակ Պետրոս Ղազարյանը ՀԺ-ի հետ զրույցում նշեց՝ ինքը եւս զարմացած է, որ հարցազրույցը եթեր չի գնում: «Ես չգիտեմ, ես չեմ կարող հեռարձակման համար պատասխան տամ: Ես գիտեմ, որ հարցազրույցը եղել է, մնացածը չգիտեմ, թե ինչու չկա: Ես էլ ձեր նման»,- մասնավորապես, ասաց նա:

Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը մեր հեռախոսազանգերին չպատասխանեց, որպեսզի պարզեինք, թե ինչու հարցազրույցը եթեր չի հեռարձակվում: Նրա համապատասխան գրառման տակ ֆեյսբուքյան օգտատերերը եւս հետաքրքրվում են այդ հարցով, սակայն կրկին արձագանք չկա:

«Կենտրոն» հ/ը-ի լուրերի ղեկավար Վարդուհի Մելտոնյանը ՀԺ-ի հետ զրույցում եւս նշեց, որ տեղյակ չէ, թե ինչու հարցազրույցը եթեր չի հեռարձակվում:

«Հայկական ժամանակ»-ն այսօր արդեն գրել է, որ ԲՀԿ-ականներն ընդհատակ են անցել: Այսօր Ծառուկյանի հետ հանդիպում է տեղի ունեցել, որտեղ պետք է քննարկեին ԱԺ կանոնակարգում կատարված աղմկոտ փոփոխությունը, բայց ԲՀԿ-ի պատգամավորներից շատերը չեն մասնակցել:

 

Ծառուկյանի հարցազրույցի ինտրիգը. նա կիսու՞մ է վարչապետի կարծիքը՝ ով քվեարկել է աղմկոտ նախագծին, հակահեղափոխական է

Կեսգիշերն անց ի վերջո հեռարձակվեց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հարցազրույցը՝ «Կենտրոն» հ/-ով: Հարցազրույցի ուշագրավ մասն այն է, որ Գագիկ Ծառուկյանը հայտարարեց՝ ԲՀԿ-ն պատրաստ է քաղաքացիների նախընտրած ժամկետներում խորհրդարանական արտահերթ ընտրությունների մասնակցել:

«Մենք չենք ասում, որ ընտրություն չենք ուզում: Ժողովուրդը, եթե ուզում է ընտրություններ մենք էլ ենք ուզում: Ժողովրդի ցանկությունից մի քայլ հետ գնացող չկա: Ես հանդիպելու եմ արտախորհրդարանական ուժերի հետ, որոնք չեն հանդիպել Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի հետ»,- ասաց նա:

Այս հարցազրույցի մյուս ուշագրավ դրվագն այն է, որ Գագիկ Ծառուկյանը որեւէ կերպ չանդրադարձավ հոկտեմբերի 2-ին գումարված ԱԺ արտահերթ գիշերային նիստին, որտեղ խայտառակ ընթացակարգերով փոփոխություն կատարվեց Ազգային ժողովի կանոնակարգ օրենքում: Այնինչ հարցազրույցի առանցքում պետք է լիներ ԲՀԿ պատգամավորների պահվածքը՝ ԱԺ արտահերթ նիստում: Հոկտեմբերի 4-ին Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը ֆեյսբուքյան գրառում էր կատարել, որի համաձայն ԲՀԿ ղեկավարը հանդիպելու է պատգամավորների հետ ու քննարկի այդ իրադարձությունը: «Գագիկ Ծառուկյանն արդեն իսկ այսօր երեկոյան հանդիպում է նշանակել ԲՀԿ քաղաքական թիմի անդամների հետ՝ տեղեկանալու վերջին քվեարկության եւ դրան հաջորդած իրադարձությունների մասին»:

Այս գրառումը եւս վկայում էր այն մասին, որ հարցազրույցի թոփ թեման լինելու է դա: Այսպիսով՝ Գագիկ Ծառուկյանն արդարացնում էր թիմակիցների այն քայլը, որով խոչընդոտվում է ԱԺ արտահերթ ընտրությունների անցկացումը՝ վարչապետի հրաժարականի տարբերակով: Կարծես թե նա հաստատեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն խոսքերը, որ՝ ով քվերակում է ԱԺ կանոնակարգում փոփոխություններ կատարելու նախագծի օգտին, ուրեմն հակահեղափոխական է: Այդ քվեարկությունը կտրուկ գցեց ԲՀԿ-ի վարկանիշը, որն առանց այդ էլ բարձր չէր:

Ծառուկյանն այս հարցազրույցը կազմակերպել էր թերեւս մեկ նպատակով, որպեսզի ցույց տա, որ ինքը չի համագործակցում Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի հետ: Նա նաեւ ուշադրություն էր հրավիրում ան փաստի վրա, որ ակտիվ հեղափոխական է: Նա անգամ մեկ բառ չասաց, թե ինչ է քննարկել իր կուսակցիների հետ հանդիպման ժամանակ:

Ճշտող հարցին՝ նշանակում է հակահեղափոխությանը չի՞ միացել, Գագիկ Ծառուկյանը պատասխանեց. «Հեղափոխության կողմնակիցն եմ եղել եւ այսօր ավելի շատ եմ անելու, պատասխանատվությունը ինձ վրա է, գալիս են 25 երկրներից 5 հազար ներդրողներ՝ ներդրումների համար»:

Գագիկ Ծառուկյանը պարզաբանեց, որ ներդրողների հոսքը կանգնել է ոչ թե այն պատճառով, որ արտահերթ ընտրություններ չեն լինում, այլ բոլորովին այլ պատճառով. «5 մեքենա իրար հետեւից գնում ա, պառկացնում են ասֆալտին, ինչի՞ համար: Դա ա խանգարողը, այսօր հիմնական խնդիրը, պարոն վարչապետը հակահեղափոխական մարդկանց իր թիմում պետք է ման գա»:

Ծառուկյանը նշեց, որ վարչապետի ընտրվելու համար անհրաժեշտ ձայների մեկ երրորդը հատկացրել է, այնինչ կարող էր իր թեկնածությունը դնել. «Ասել եմ՝ ժողովուրդ ջան, ձեր ուզածով է լինելու: Այսօր հեղափոխությունը առանց արյան չի լինում, վլաստը հենց այնպես չի տրվում, բայց Ծառուկյանը ոտի է հելել: Ոչ պաշտոն եմ ուզում, ոչ փող, ի՞նչ վատ բան եմ արել իմ ժողովրդին:

Գագիկ Ծառուկյանը նկատեց, որ երբ Նիկոլ Փաշինյանին, Սասուն Միքայելյանին, Արարատ Միրզոյանին ձերբակալել էին, առաջինը ինքը նրանց կողքին կանգնեց. «Այդ ժամանակ ոչ մեկը չէր պատկերացնում, որ հնարավոր է Սերժ Սարգսյանը հրաժարական տա, բայց ես կանգնել եմ կողքին եւ Սերժ Սարգսյանի հետ շատ սուր խոսակցություն եմ ունեցել: Անմիջապես զանգել է ինձ, ես ասել եմ՝ ընդդիմադիր եմ եւ իմ ընդդիմադիր գործընկերների հետ եմ».- ասաց Գագիկ Ծառուկյանը:

 

armtimes.com

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


Add video comment
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը www.aaeurop.com-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական արտատպումը, տարածումը, կամ հեռուստառադիոընթերցումն առանց www.aaeurop-ին հղման արգելվում է:Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Կայքը պատասխանատվություն է կրում միայն «Եվրոպայի Հայերի Համագումարի » ի ստորագրությամբ նութերի, կարծիքների եւ դիրքորոշումների համար: All Rights Reserved,4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4