Rss Feed
Tweeter button
Facebook button
Technorati button
Reddit button
Myspace button
Linkedin button
Webonews button
Delicious button
Digg button
Flickr button
Stumbleupon button
Newsvine button
Youtube button
December 16, 2018

Աննախադեպ առաջընթաց առաջնագծի լարվածության նվազեցման ուղղությամբ. Վլադիմիր Կարապետյան

«Առաջին լրատվական»-ը զրուցել  է Հայ ազգային կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ներկայացուցիչ Վլադիմիր Կարապետյանի հետ։

-Պարոն Կարապետյան, վերջին օրերի շուրջ Արցախի շուրջ մի շարք զարգացումներ են տեղի ունեցել, մասնավորապես, վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ-ի իր ելույթում անդրադարձավ Արցախի խնդրին, իսկ Դուշանբեում կարճ զրույց է ունեցել Ադրբեջանի նախագահի հետ։ Ըստ Ձեզ, ի՞նչ ակնկալիքներ կարելի է  ունենալ։

– Տեղի ունեցածը լրջագույն զարգացում էր հակամարտության կարգավորման հարցում: Առաջին անգամ տարիներ ի վեր, Ադրբեջանը պաշտոնապես հաստատում է հակամարտությունը բանակցային եղանակով լուծելու և շփման գծի և Հայաստանի ու Ադրբեջանի սահմանի երկայնքով միջադեպերի կանխման նպատակով հրադադարի ռեժիմի ամրապնդման իր հանձնառությունը։ Ավելին, էլ ավելի ամրապնդելու համար նշյալ պայմանավորվածությունը, ըստ Ադրբեջանի պաշտոնական հաղորդման, կողմերը որոշել են մշակել համապատասխան կառույցների միջև օպերատիվ կապի հաստատման մեխանիզմներ։

Սա շատ ավելի լուրջ բան է, քան Վիեննայի ու Սանկտ-Պետերբուրգի պայմանավորվածությունները, որովհետև դրանց մասին խոսում էին մերոնք, երբեմն միջնորդները, բայց երբեք՝ Ադրբեջանը: Հասկանալի է, որ եթե կողմերից մեկը չի հաստատում պայմանավորվածությունները, ուրեմն դրանք, առնվազն վստահելի չեն: Ուրեմն կողմերից մեկի համար դրանք պայմանավորվածություններ չեն: Իսկ եթե դա այդպես է, և չկա պայմանավորվածությունը հարկադրելու որը լծակ, ուրեմն դրանք արդյունավետ չեն:

Այն ինչ կատարվեց Դուշանբեում, իմ գնահատմամբ, համադրելի է զինադադարի համաձայնագրին, որովհետև դրանում կա երկու երկրների «ստորագրությունը»՝ երկու երկրների ղեկավարները հաստատում են պայմանավորվածությունը, կնքում և վավերացնում այն: Նման բան չի եղել առնվազն 20 տարի:

Սա մի մեծ պարտավորություն է նաև միջազգային հանրության առջև: Միջնորդները շատ են ջանացել նման մի բանի հասնելու համար, սակայն դա հաջողվեց մեր վարչապետին, կողմերին: Վստահաբար, լիցքաթափվելու է լարվածությունը շփման գծում, ստեղծվելու են նախադրյալներ բանակցային գործընթացը առաջ մղելու ուղղությամբ: Վարչապետի շարունակ պնդումները, որ ստեղծված մթնոլորտը չի նպաստում բանակցային գործընթացին, որ ռազմատենչ հայտարարությունների ներքո անհնարին է խոսել փոխզիջումների մասին ունեցան իրենց ազդեցությունը՝ այն կողմը, որը մեղավոր էր ռազմատենչ հայտարարությունների և համապատասխան պահվածքի համար հասկացավ, որ միջազգային հանրությունը ընդունում է Հայաստանի տեսակետը: Մինչև երեկ, Ադրբեջանի պահվածքը անհասկանալի էր միջնորդների, միջազգային հանրության համար: Առաջացավ անհրաժեշտություն փոխելու մարտավարությունը և պայմանավորվելու Երևանի հետ: Դա շատ կարևոր ձեռքբերում է մեզ համար։

-Նախկին իշխանությունների որոշ ներկայացուցիչներ հակառակն են պնդում, նշում, թե Փաշինյանի այս ձեռքբերումը «ջրում» է Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի համաձայնությունները։

– Ես ուրախ կլինեի, եթե նախկին իշխանություններից որևէ մեկը, խոսելով այդ պայմանավորվածությունների մասին, որևէ թուղթ ներկայացներ։ Այդ ի՞նչ պայմանավորվածություններ են, որ թղթի վրա չեն։ Հիմա կա պայմանավորվածություն, անմիջապես արձագանքել է վարչապետը, զեկուցել է մեզ՝ քաղաքացիներիս, պայմանավորվածության մասին։ Անդրադարձել է Ալիևը պետական «ԱզերԹաջ» գործակալության հաղորդմամբ։ Պայմանավորվածությունը ընդունում են երկու կողմերը: Վստահ եմ, որ Վիեննայում, Սանկտ Պետերբուրգում խոսակցություն եղել է, նույնիսկ պայմանավորվածության նման մի բան, բայց ո՞ւր է այդ փաստաթուղթը, ո՞ւր են այդ պայմանավորվածությունները, որոնց վկայակոչմամբ կկարողանային Ադրբեջանին կարգի հրավիրել, այդ թվում միջազգային հանրության ճնշմամբ։

-Այսինքն, մանիպուլյացիա են անո՞ւմ։

-Այդպես չէի ասի, քանի որ, ըստ երևույթին, կային պայմանավորվածություններ։ Բայց հիմա առաջընթացն այն է, որ կա ամրագրում՝ պաշտոնական հաղորդագրության մակարդակով, Ալիևը հաստատել է հրադադարի ռեժիմի ամրապնդման և հակամարտությունը խաղաղ կարգավորելու իր հանձնառությունը։ Այն ժամանակ ոչ մի հաստատում Ադրբեջանի կողմից չկար։ Ցավով պետք է նշեմ, որ համանախագահներն էլ չեն ներկայացրել նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունները հաստատող փաստաթուղթ:

-Շատ վերլուծաբաններ նշում են, որ պայմանավորվածությունը պայմանավորվածություն, բայց Ալիևի խոսքերին վստահել չի կարելի։

– Ինձ թվում է, առնվազն մինչև խորհրդարանական ընտրությունները այս պայմանավորվածությունները կպահպանվեն: Դրան կհաջորդի վարչապետ Փաշինյանի ու Ալիևի հանդիպումը, որը և կկանխորոշի գործընթացի հետագա զարգացումը

-Նոր իշխանությունները ի՞նչ պիտի անեն, որ ամրագրեն հրադադարի ռեժիմը։ Օրինակ, վարչապետն ինքը խոսել է օպերատիվ կապի մասին։

-Նախևառաջ, այդ օպերատիվ կապը պետք է հաստատվի ամենակարճ ժամկետներում։ Կարծում եմ՝ կա պայմանավորվածություն՝ ինտենսիվացնելու շփումները, մի գուցե նաև բանակցություւները, որոնք, սակայն, լուրջ բովանդակություն կստանան միայն արտահերթ ընտրություններից հետո։ Ուզում եմ հիշեցնել ԵԱՀԿ ՄԽ համանախագահների երեկ հրապարակած հայտարարությունը, որտեղ խոսք է գնում մինչև տարեվերջ երկու երկրների արտգործնախարարների հանդիպում կազմակերպելու վերաբերյալ։ Սրանով, կարծում եմ, հստակ ակնարկ կամ պահանջ կա, որ մինչև տարեվերջ մեզ մոտ ընտրություններ լինեն և իշխանություններն ամրապնդեն իրենց դիրքերը։ Այլապես որևէ խնդիր չէր լինի կազմակերպել հանդիպում նախարարների միջև հոկտեմբերին կամ նոյեմբերին։ Իրենք խոսում են տարեվերջի մասին։ Կարծում եմ՝ միջազգային հանրությունն էլ ակնկալում է, որ Հայաստանում իրավիճակը հստակեցվի, տեղի ունենան խորհրդարական ընտրություններ, իշխանությունը կարողանա լիարժեք, ժողովրդի կողմից տրված օրինակարգ մանդատով ներգրավվի բանակցություններին։

-Այսինքն, Հայաստանում իշխանության ոչ հստակ վիճակը վտանգներ է պարունակո՞ւմ։

-Սեպտեմբերի 23-ին ժողովուրդը մանդատ տվեց վարչապետին բանակցել շուտափույթ արտահերթ ընտրություններ անցկացնելու համար: Դա երկրի կայունության, անվտանգության հարց է: Այդ մանդատը պետք է իրացնել հնարավորինս կարճ ժամկետներում: Դա է սպասում նաև միջազգային հանրությունը: Իսկ, ավելի կարևոր, դա է պահանջում մեր ժողովուրդը:

1in.am

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


Add video comment
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը www.aaeurop.com-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական արտատպումը, տարածումը, կամ հեռուստառադիոընթերցումն առանց www.aaeurop-ին հղման արգելվում է:Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Կայքը պատասխանատվություն է կրում միայն «Եվրոպայի Հայերի Համագումարի » ի ստորագրությամբ նութերի, կարծիքների եւ դիրքորոշումների համար: All Rights Reserved,4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4