May 20, 2019

Ո՛չ արտահերթ ընտրությունները, ո՛չ քաղաքական ճգնաժամը ՀՀԿ-ին, ԲՀԿ-ին, ՀՅԴ-ին ձեռնտու չեն. Գարիկ Քեռյան

Պատմական և քաղաքական գիտությունների դոկտոր Գարիկ Քեռյանը գտնում է, որ  վարչապետի հայտարարությունները ցույց են տալիս, որ նա իր մտադրությունը փոխել է մայիսին խորհրդարանական ընտրություններն անցկացնելու վերաբերյալ, ինչի համար խթան են հանդիսացել ավագանու ընտրություններին «Իմ քայլը» դաշինքի բացարձակ հաղթանակը և որոշ ընդդիմադիր ներկայացուցիչների ցածր ցուցանիշները:

Այս մասին նա նշեց Tert.am-ի հետ զրույցում՝ անդրադառնալով արտահերթ խորհրդարանական ընտրությունների հնարավորինս շուտ անցկացմանը: «Հավանաբար այդպիսի բարձր ռեյտինգը պատճառ է հանդիսացել որոշման փոփոխման, սակայն այստեղ կան մի քանի խնդիրներ, որոնցից առաջինն այն է, որ պետք է մտածել սահմանադրական լուծումների մասին, որով հնարավոր կլինի ցրել Ազգային ժողովը, ինչի համար մի քանի տարբերակներ կան»,- ասաց նա և խնդիրն այն համարեց, որ ԱԺ-ում ներկայացված կուսակցությունները կգնան դրան, թե ոչ:

«Եթե ընտրությունները նախատեսվում են նոյեմբերին կամ դեկտեմբերին, այստեղ արագացված կարգով պետք է ընդունվի նոր ընտրական օրենսգիրքը, որը տեխնիկական բարդ խնդիր է: Եթե Փաշինյանին հաջողվեց քաղաքական ուժերի ընդհանուր համաձայնությամբ արտահերթ ընտրությունների հասնել, կոնսեսուսի գալ` ՀՀԿ-ի, ՀՅԴ-ի, ԲՀԿ-ի և Ելք-ի հետ, ապա ես կարծում եմ՝ արագացված տարբերակով կընդունվի ընտրական օրենսգիրքը»,-ասաց նա:

Քաղաքագետը վստահություն հայտնեց, որ քաղաքական ուժերի միջև խորհրդակցությունների մեծ մասը կգնա ոչ այնքան բացահայտ հանրային քննարկումների ձևով: «Հնարավոր է, որ լինեն որոշակի պայմանավորվածություններ հետագա քաղաքական գործընթացներին` այս կամ այն ուժի մասնակցության առումով, բայց ամեն դեպքում պետք է սպասենք, տեսնենք, թե վարչապետի գալուց հետո ինչ ֆորմատի կլինեն այդ խորհրդակցությունները, և ինչ արձագանք դրանք կունենան»,-ասաց նա:

Հարցին, թե ինչ պայմանավորվածության մասին կարող է խոսք գնալ, նա ասաց .«Իհարկե, կառավարության մաս կազմելու բանակցություն չի կարող լինել, պարզապես պետք է ընթանա այն ֆորմատը, որ արտահերթ ընտրությունները միակ ուղին են քաղաքական ճգնաժամից դուրս գալու համար, որովհետև քաղաքական ճգնաժամի բացահայտ դրսևորում է այն, որ, ըստ էության, գործադիր իշխանությունը մեկ քաղաքական ուժի ձեռքում է, իսկ ԱԺ-ում տվյալ ուժը չունի մեծամասնություն: Սա չի կարող երկար շարունակվել, այս հանգուցալուծումը պետք է տրվի»,- ասաց նա:

Դիտարկմանը, թե ամեն դեպքում այս ավագանու ցուցանիշներից հետո հավանական համարում եք, որ կարող է՝ մյուս ուժերը չգնան արտահերթ ընտրություններին` մտահոգվելով, որ չեն անցնի խորհրդարան, Գարիկ Քեռյանն ասաց, որ դա էլ է հնարավոր տարբերակ: «Պարզապես այդ պարագայում քաղաքական ճգնաժամի խորացումը, ինձ թվում է, չի աշխատի այն քաղաքական ուժերի օգտին, որոնք այսօր կա՛մ չմասնակցեցին Երևանի ավագանու ընտրություններին, կա՛մ լայն հրապարակային ծավալուն գործունեություն չեն ծավալում և կաղապարված են իրենց կուսակցական ֆրակցիաների մեջ»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է ԲՀԿ-ին և ՀՅԴ-ին, ապա նա ասաց, որ նրանք հրապարակային գործունեություն թեև ծավալեցին, բայց ներկա պահին ստացած արդյունքները զգալիորեն սահմանափակում են նրանց քաղաքական ակտիվության շրջանակները:

«Հարցն այն է, թե հիմա նրանք կվերականգնեն իրենց ընտրազանգվածը, թե կնպաստեն, որ որոշ ժամանակ հետո տեղափոխվեն ավելի պասիվ քաղաքական դաշտ»,-ասաց նա: Հարցին, թե այսինքն՝ ոչ մի քաղաքական ուժին ձեռնտու չէ՞ հետաձգել արտահերթ ընտրությունները, նա ասաց՝ այն քաղաքական ուժերը, որոնք հիմա կան Ազգային ժողովում, օրենսդիր իշխանության իրենց լծակները պահպանելու համար պետք է բավականին լուրջ ծավալի քաղաքական  կապիտալ ներդնեն, որը այսօր փաստացի նրանք չեն տիրապետում, և այս առումով նրանց ձեռնտու չեն արտահերթ ընտրությունները, քանի որ հնարավոր է՝ նմանատիպ արդյունքներ գրանցվեն նաև խորհրդարանական ընտրություններին:

«Կարելի է կանխատեսել, որ արտահերթ ընտրություններն այսօր բացի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից ուրիշ ուժերի համար նպատակահարմար չեն՝ իրենց մասնակցության չափը պահելու իմաստով»,-ասաց նա:

Դիտարկմանը, թե նշում եք, որ մի կողմից քաղաքական ճգնաժամը և մյուս կողմից արտահերթ ընտրությունները քաղաքական ուժերին ձեռնտու չեն, ապա ինչի կհանգեցնի այս ամենը, նա ասաց.« Այս ամենը իրար հետ վերցրած հենց նշանակում է քաղաքական ճգնաժամ, և քաղաքական ուժերը պետք է որոշում կայացնեն, հենց ճգնաժամն այն ժամանակ է առաջանում, երբ ձեռնտու չի գտնվում, լուծումներ չեն կարողանում գտնել. որոշների շահերից բխում է, որոշներինը` ոչ»:

tert.am

Լիանա Առաքելյան

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


Add video comment
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը www.aaeurop.com-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական արտատպումը, տարածումը, կամ հեռուստառադիոընթերցումն առանց www.aaeurop-ին հղման արգելվում է:Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Կայքը պատասխանատվություն է կրում միայն «Եվրոպայի Հայերի Համագումարի » ի ստորագրությամբ նութերի, կարծիքների եւ դիրքորոշումների համար: All Rights Reserved,4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4