November 22, 2019

Վարչապետն ու Վեհափառը այցելել են Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանի «Արմենիա» ցուցահանդես

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդի հետ այցելել է Նյու Յորքի հանրահայտ Մետրոպոլիտեն թանգարանում բացված «Արմենիա» խորագրով ցուցահանդես: Վարչապետը շրջայց է կատարել ցուցասրահներով, ծանոթացել ներկայացված հայկական արվեստի ու մշակույթի լավագույն նմուշներին՝ սկսած 4-րդ դարից մինչև 17-րդ դար:

Վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ Փաշինյանը նշել է, որ 2018 թվականը խորհրդանշական տարի է, որի ընթացքում զգալիորեն ամրապնդվել են հայ-ամերիկյան մշակութային կապերը:

«Այս տարի հայկական մշակույթը ներկայացվում է Ամերիկայի Միացյալ Նահանգներում աննախադեպ ձևով՝ մոտեցնելով Հայաստանի մշակութային և քաղաքակրթական ժառանգությունը մեր ամերիկացի բարեկամներին: Այս տարի նշվում է ամերիկյան հողում հայկական ներկայության 400-ամյակը: 1618 թվականին առաջին հայը՝ Մարտին անունով, հասել է Վիրջինիայի ափերին և բնակություն հաստատել Ջեյմսթաունում: Այդ օրվանից ի վեր մեր հայրենակիցների ներկայությունն այս հողի վրա չի ընդհատվել, ինչպես և նրանց ներդրումն իրենց նոր հայրենիքի մշակույթի մեջ», – ասել է վարչապետը` շարունակելով․ – «Այս տարի ավելի վաղ հայկական մշակույթը՝ սովորույթներն ու ավանդույթները, ցուցադրվել են Վաշինգտոնում՝ ԱՄՆ մայրաքաղաքի սրտում, ազգային Մոլում, Սմիթսոնյան ժողովրդական կյանքի փառատոնի շրջանակում: Այն մեզ աննախադեպ հնարավորություն տվեց հայկական մշակույթն իր յուրահատուկ բազմազանությամբ ներկայացնել ամերիկյան հասարակությանը, ինչպես նաև աշխարհի տարբեր անկյուններից ժամանած հազարավոր զբոսաշրջիկների: Մի քանի շաբաթ առաջ մեր երկու ժողովուրդները միասին նշեցին Պուլիտցերյան մրցանակակիր, դրամատուրգ և գրող Վիլյամ Սարոյանի ծննդյան 110-ամյակը: Սարոյանի ժառանգությունը նշելու նպատակով, որը թանկ է մեր երկու ժողովուրդների համար, հեղինակի հայրենի Կալիֆորնիա նահանգի Ֆրեզնո քաղաքում բացվել է Սարոյանի թանգարանը»:

«Որպես Միացյալ Նահանգներում Հայաստանի համար այս աննախադեպ իրադարձային մշակութային տարվա գագաթնակետը` այժմ ես մեծ պատիվ ու անձնական ուրախություն ունեմ ականատես լինելու այս յուրահատուկ ցուցահանդեսի բացմանը, շատ առումներով եզակի ցուցահանդես», – նշել է Փաշինյանը՝ ավելացնելով, որ այն ներկայացնում է հայկական ինտեգրված մշակույթը, որպես նաև արևմտյան մշակույթի և քրիստոնյա քաղաքակրթության ներկայացուցիչ:

Վարչապետն ասել է, որ ցուցահանդեսում ներկայացված 14 դարերի հայկական ժառանգությունն իր անգին գլուխգործոցներով, ամբողջ աշխարհից հավաքվել է Մետրոպոլիտենում` աշխարհի ամենակարևոր թանգարաններից մեկում, և համոզմունք է հայտնել, որ այն, անկասկած, Միացյալ Նահանգներում կփոխի Հայաստանի և հայկական արվեստի նկատմամբ ընկալումն ու գնահատականը:

«Այս նշանավոր նախաձեռնության շնորհիվ Մետրոպոլիտենի տասնյակ հազարավոր այցելուներ կծանոթանան մեր ազգի պատմական և մշակութային ժառանգությանը, որն առաջինն է ընդունել քրիստոնեությունը որպես պետական կրոն: Այսօր ներկայացվում են ավելի քան 140 նմուշներ` պատկերազարդ ձեռագրեր, եկեղեցիների մանրանկարներ, խաչքարեր, տպագիր գրքեր և այլ եզակի ցուցանմուշներ, ներառյալ Թորոս Ռոսլինի, Սարգիս Պիծակի, Թորոս Տարոնացու, Հակոբ Ջուղայեցու, Գրիգոր Տաթևացու ստեղծագործություններ», – ասել է Փաշինյանը` հավելելով, որ շատերի համար Մետրոպոլիտենում «Հայաստան» ցուցահանդեսը երազանքի իրականացում է:

Նիկոլ Փաշինյանը հավելել է, որ այն հնարավոր է դարձել տիկին Հելեն Էվանսի և նրա գործընկերների ջանքերի շնորհիվ: Վարչապետը շնորհակալություն է հայտնել նաև թանգարանի նախագահ Դանիել Վայսին, թանգարանի տնօրեն Մաքս Հոլիին, միջոցառման համակարգողներին, ինչպես նաև բոլոր անհատ նվիրատուներին, հիմնադրամներին, Երուսաղեմի և Կոստանդնուպոլսի Հայոց պատրիարքարաններին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին:

Ցուցահանդեսը ներկայացնում է հայկական արվեստի ու մշակույթի լավագույն նմուշները՝ սկսած 4-րդ դարից մինչև 17-րդ դար: Ցուցադրությունը նվիրված է հայ ժողովրդի գեղարվեստական և մշակութային ձեռքբերումներին համաշխարհային համատեքստում: Ցուցադրությանը ներկայացված են թվով 140 նմուշներ:

 

 

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


Add video comment
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը www.aaeurop.com-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական արտատպումը, տարածումը, կամ հեռուստառադիոընթերցումն առանց www.aaeurop-ին հղման արգելվում է:Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Կայքը պատասխանատվություն է կրում միայն «Եվրոպայի Հայերի Համագումարի » ի ստորագրությամբ նութերի, կարծիքների եւ դիրքորոշումների համար: All Rights Reserved,4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4