July 18, 2019

Մեր նպատակն է, որ ՀՀ-ում աշխատավարձ ստացողների կեսից ավելին ստանան 400-800 հազար դրամ աշխատավարձ. Փաշինյան

Եկամտային հարկի կոմբինացիաները ոնց էլ պտտում ենք, նույնիսկ ամենաանհավանական սցենարներով պարզում ենք, որ որքան էլ իջեցնենք 100 հազար դրամ ստացող մարդու եկամտահարկը, դրանից մարդու եկամուտներն ավելանում են 3-4 հազար, քարը տրաքի 5 հազար դրամով: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 6-ին, Ֆեյսբուքի ուղիղ եթերում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Սխալ կլինի, եթե մենք նպատակ դնենք, որ 80-100 հազար դրամ ստացող մարդը պետք է լավ ապրի, որովհետեւ 80 հազար դրամ աշխատավարձը քիչ է: Ինչ էլ անենք այդ աշխատավարձի հետ, քիչ է: Հետեւաբար մենք պետք է ոչ թե մտածենք, թե ինչ ֆոկուս անենք, որ 80 հազար դրամ աշխատավարձը շատ դառնա, այլ պետք է այնպես անենք, որ աշխատավարձերը ավելանան»,-հայտարարեց վարչապետը:

Նրա խոսքով, համահարթ 23 տոկոս եկամտային հարկ սահմանելով կառավարությունը խրախուսում է բարձր աշխատավարձը. «Իսկ այսօր գործող համակարգը խրախուսում է ցածր աշխատավարձը, որովհետեւ ասում է՝ այ, տես, գործատու, եթե բարձր աշխատավարձ տաս, ես քեզ շատ եմ հարկելու: Հետեւաբար, երբ ես ասում եմ, որ նախկինում տարվել է աղքատության խրախուսման քաղաքականություն, սա այդ տրամաբանության մի մասն է: Իսկ մենք ասում ենք՝ գործատու ջան, հանգիստ բարձրացրու աշխատողների աշխատավարձը, որովհետեւ մենք պայմաններ ենք ստեղծում, որ դու կարողանաս աշխատավաարձերը բարձրացնել առանց հավելյալ հարկային բեռի»:

Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ իրենց նպատակը չի, որ 100 կամ 150 հազար դրամ աշխատավարձ ստացողները լինեն աշխատողների կեսը. «Մեր նպատակն է, որ մեր երկրում աշխատավարձ ստացողների կեսից ավելին ստանան 400, 500, 600, 800 հազար դրամ աշխատավարձ»:

Նշենք, որ Նիկոլ Փաշինյանը այսօր ավելի վաղ հայտարարել էր, որ առաջարկում է եկամտային հարկը սահմանել 23 տոկոս, միաժամանակ ամեն տարի 0,5 տոկոսով նվազեցնել այն, մինչեւ հասնի 20 տոկոսի:

news.am

Ո՞ր դեպքում Նիկոլ Փաշինյանը կհեռանա վարչապետի պաշտոնից. Նա խոսել է երաշխիքների մասին

Այն պահին, երբ կհեռանամ վարչապետի կարգավիճակից, պետք է լինեն այլեւս ինստիտուցիոնալ երաշխիքներ, որ որեւէ մեկին հնարավորություն չեմ տա իշխանությունը վերցնել ժողովրդի ձեռքից: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 6-ին, Ֆեյսբուքի ուղիղ եթերում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ես ինձ վարչապետի կարգավիճակում համարում եմ ձեր ներկայացուցիչը: Իմ այստեղ լինելը իմաստավորվում է եւ կիմաստավորվի միայն ու միայն այդ կարգավիճակի բերումով: Ես ուզում եմ ասել, որ ՀՀ-ում իշխանության ճակատագիրը Հանրապետության մակարդակով, տեղական ինքնակառավարման մարմինների մակադրակով որոշողը լինելու եք միայն դուք՝ ՀՀ քաղաքացիներդ: Ես ինձ համարում եմ այդ գործընթացի երաշխավորը:

Ես պետք է երաշխավորեմ, որ դուք լիարժեք կրողն եք իշխանության Հայաստանում: Այն պահին, երբ կհեռանամ վարչապետի կարգավիճակից, պետք է լինեն այլեւս ինստիտուցիոնալ երաշխիքներ, որ որեւէ մեկին հնարավորություն չեմ տա իշխանությունը վերցնել ժողովրդի ձեռքից»,-ասել է վարչապետը:

 

Փաշինյանն առաջարկում է սահմանել համահարթ 23 տոկոս եկամտային հարկ եւ ամեն տարի այն նվազեցնել 0,5 տոկոսով

 

Եկամտային հարկի գործող համակարգը վատն է եւ պետք է փոխել, որովհետեւ նախ բավականին բարձր հարկային բեռ է նախատեսում, նաեւ խրախուսում է ստվերը եւ չի խրախուսում աշխատավարձերի բարձրացումը: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 6-ին, ֆեյսբուքի ուղիղ եթերում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Փաշինյանը ներկայացրել է եկամտային հարկի գործող օրեննսդրությունն ու փոփոխության երկու տարբերակ՝ մատնանշելով, թե որն է իր համար նախընտրելի:

«Այսօր Հայաստանում գոյություն ունի շահութահարկ 20 տոկոս եւ 5 տոկոս դիվիդենտի հարկ: Ըստ էության, մենք կանգնած ենք մի իրավիճակի առջեւ, երբ Հայաստանի ռեզիդենտ տնտեսվարողների համար շահութահարկի եւ դիվիդենտի հարկի գումարը ավելի ցածր է, քան եկամտային հարկը: Սա բերում է նրան, որ սեփականատերերը աշխատավարձը չեն վճարում, որ բարձր եկամտային հարկ չվճարեն, այդ եկամուտը ձեւակերպում են շահույթ ապա նաեւ դիվիդենտ եւ աշխատողներին աշխատավարձը տալիս են ծրարներով: Այսինքն իրականում մարդը ստանում է 200 հազար դրամ աշխատավարձ, բայց ձեւակերպված է ասենք 100 հազար դրամը, իսկ ասենք 150 հազար դրամը վճարվում է առձեռն»,-ասաց նա:

Փաշինյանի ներկայացրեց եկամտային հարկի փոփոխության 2 տարբերակ.

«Առաջին սցենարով առաջարկվում է երեք սանդղակի փոխարեն ձեւավորել երկու սանդղակ: Այսօր կան մինչեւ 150 հազար դրամ ստացողներ, որոնք հարկվում են 23 տոկոսով, 150 հազար դրամից մինչեւ 1,5 մլն դրամ ստացողները հարկվում են 28 տոկոսով եւ դրանից ավելի ստացողները հարկվում են 36 տոկոսով:

Հիմա կա տարբերակ՝ սահմանել շեմը ոչ թե 150 հազար դրամ, այլ 250 հազար, որտեղ մինչեւ 250 հազար դրամ ստացողները վճարեն 20 տոկոս եկամտային հարկ, իսկ դրանից ավելի ստացողները՝ 25 տոկոս:

Այս պարագայում կունենանք որոշակի շոշափելի նվազում եկամտահարկի, որը դրական էֆեկտ կունենա: Ո՞րն է այս տարբերակի առավելությունը: Կարող է թվալ, որ սա սոցիալական արդարության կանոններին ավելի շատ համապատասխանող տրամաբանություն է, ավելի գրավիչ է»ընդգծեց Փաշինյանը:

Երկրորդ տարբերակով առաջարկվում է սահմանել 23 տոկոս համահարթ եկամտային հարկ, շահութահարկ եւ դիվիդենտի հարկ. «Այսինքն ունենալ այնպիսի համակարգ, որ բոլոր չափի աշխատավարձերի համար լինի 23 տոկոս եկամտային հարկ, շահութահարկի եւ դիվիդենտի հարկի հանրագումարը եւս լինի 23 տոկոս:

Հիմա պետք է համեմատել այս երկու տարբերակները:

Կարող է թվալ, որ առաջին տարբերակն ավելի գրավիչ է, բայց, իմ կարծիքով, այդ տպավորությունը որոշակիորեն խաբուսիկ է, որովհետեւ եթե այս տարբերակը կիրառենք, օրինակ, 100 հազար դրամ ստացող քաղաքացիների եկամուտը կավելանա ամսական 3 հազար դրամով: Սա ըստ էության, կարեւոր արձանագրում է, բայց այդ քաղաքացիների մի զգալի մասի՝ մոտ 190 հազար մարդու համար, որոնք ստանում են մինչեւ 150 հազար դրամ աշխատավարձ, կուտակային կենսաթոշակների մասին օրենքի փոփոխություններով, արդեն վերադարձրել ենք 2500 դրամ: Այսինքն 100 հազար դրամ ստացողների համար 2500 դրամով ավելացել է եկամուտը, իսկ 150 հազար դրամ ստացողների դեպքում ավելացել է 3750 դրամով»,-ընդգծեց Փաշինյանը:

Նա հիշեցրեց, որ 2 ամիս առաջ փոփոխություններ կատարվեցին կուտակային կենսաթոշակի մասին օրենքում, որի արդյունքում 5 տոկոսի փոխարեն պետությունը սկսեց վճարել քաղաքացիների եւս 2,5 տոկոսը. «Մենք այդ օրենքում գրեցինք, որ երբ եկամտահարկը իջնի, նորից քաղաքացիները կսկսեն վճարել 5 տոկոս: Ստացվում է, որ այս երկաստիճան համակարգով առաջնորդվելու պարագայում, 100 հազար ստացողների եկամուտը կավելացնենք ընդամենը 500, իսկ 150 հազար ստացողների համար՝ 750 դրամով: Սա այն արդյունքը չէ, որին ձգտում ենք:

Երկաստիճան համակարգ ունի եւս մեկ թերություն: Այն շարունակում է խրախուսել ստվերային աշխատավարձը, որովհետեւ եթե ունենք երկու սանդղակ, որից մեկը ցածր է շահութահարկ+դիվիդենտի հարկ կոմբինացիայից, գործատուները կարող են շահագրգռված լինել բուն աշխատավարձը չվճարել, որ պակաս հարկվեն եւ աշխատավարձի մի մասը վճարեն ստվերային ձեւով, ծրարով»:

Ինչ վերաբերում է համահարթ տարբերակին, սա, ըստ Փաշինյանի, ռազմավարական առումով իրենց ավելի է դուր գալիս, որի պատճառները մի քանիսն են:

«Մեկն այն է, որ այս ընթացքում բոլոր պոտենցիալ ներդրողները, որոնք հետաքրքրվում են ներդրումներ անելով, առաջին հարցը հետեւյալն է՝ արդյոք ձեզ մոտ կա շահութահարկի եւ եկամտահարկի համահարթ տարբերակ: Սա կարեւոր հարց է ներդրողների համար: Այս համակարգի երկրորդ առավելությունը հարկային համակարգի պարզությունն է: Երրորդ՝ համահարթ տարբերակը խրախուսում է, որ աշխատավարձերի ստվերային մասերը դուրս գան ստվերից: Եթե նախկինում գործատուներին ձեռնտու էր աշխատավարձի մի մասը գրանցել շահույթ ու դիվիդենտ եւ այդտեղից ստվերային աշխատավարձ վճարել, այս դեպքում, ընդհակառակը, քանի որ այս բոլոր հարկերը հավասար են, գործատուն շահագրգիռ է դառնում դա ձեւակերպել այնպես ինչպես կա որպես աշխատավարձ»,-ասաց վարչապետը:

Նա նկատեց նաեւ, որ համակարթ համակարգն ունի նաեւ թերություն. «Դա այն է, որ այս համակագից ամենաշատը օգտվում են բարձր աշխատավարձ ստացողները՝  սկսած 200 հազար դրամ եւ ավելի ստացողները: Մյուս թերությունն այն է, որ համահարթեցման պարագայում, ըստ էության, մինչեւ 150 հազար դրամ աշխատավարձ ստացողների համար հարկային բեռի փոփոխություն տեղի չի ունենում: Այդքան աշխատավարձ ստացողների թիվը բավական մեծ է, մոտ կեսը:

Բայց կա նաեւ առավելություն, այս տարբերակում մեր հաշվարկներով մոտ 38,5 մլրդ հավելյալ դրամ կուտակվում է քաղաքացիների մոտ, որոնք համեմատաբար բարձր աշխատավարձ են ստանում: Մարդիկ այդ գումարները պետք է ծախսեն, դա պետք է մտնի ենթադրաբար, տնեսության մեջ կամ դառնա բանկային ավանդ, որի պարագայում տոկոսադրույքները կարող են իջնել, օրինակ գյուղացիները կարող են ավելի մատչելի վարկեր վերցնել»,-ասաց Փաշինյանը:

Վարչապետը նաեւ երկու դիտարկում արեց. «Նախ, 100 հազար եւ 150 հազար ստացողների ինչ-որ մասը իրականում ավելի շատ է ստանում, բայց հարկային համակարգի խճճվածության պատճառով աշխատավարձի մի մասն ստանում է ստվերային: Հիմա համահարթեցման դեպքում այդ աշխատավարձերը ստվերից կհոսեն դեպի լույս: Այսինքն եթե գործատուն ձեւակերպել է 100 հազար դրամով, բայց վճարում է 200 հազար դրամ աշխատավարձ, հիմա շահագրգռված կլինի ամբողջ աշխատավարձը սպիտակ վճարել:

Երկրորդ հանգամանքը, մենք պարտավորվել ենք, որ երբ եկամտային հարկի նվազում տեղի ունենա, կուտակայինով տված 2,5 տոկոսը նորից կվերադարձնենք եւ քաղաքացին կվճարի 5 տոկոս: Այս իրավիճակը հաշվի առնելով, մենք քննարկել ենք, եւ հաշվի առնելով, որ ներքին օղակի եկամտային հարկը չի փոխվում, մենք պատրաստ ենք 2,5 տոկոսի պայմանը չփոխել, այսինքն քաղաքացիների փոխարեն շարունակել վճարել կուտակային վճարի կեսը: Դա արդեն փաստացի հավելել է նրանց աշխատավարձը 100 հազար դրամ ստացողների պարագայում 2500 դրամով, իսկ 150 հազար ստացողների համար՝ 3750 դրամով:

Այս դեպքում նրանց համար կունենաք նույն իրավիճակը, եթե նրանց համար եկամտային հարկի փոփոխությունը լիներ շոշափելի՝ սահմանելով 20 տոկոս:

Այսինքն  ունենում ենք մի իրավիճակ, երբ մոտավորապես 160 հազար քաղաքացիների համար եկամտահարկի դրույքաչափը չի փոխվում եւ նրանք ցածր աշխատավարձ ստացողներն են»:

Վարչապետը եւս մեկ առաջարկ արեց. «Մենք համարում ենք, որ եկամտային հարկի փոփոխությունը լավ կլինի շարունակել: Եթե գանք համաձայնության, կառավարությունը պատրաստ է ստանձնել պարտավորություն, որ առաջիկա տարիների ընթացքում տարեկան նվազագույնը 0,5 տոկոսով համահարթ հարկը իջնելու է՝ 5 տարիների ընթացքում հասնելով միասնական 20 տոկոսի: Այսինքն հիմա 23 տոկոսով համահարթեցնենք, բայց կառավարությունը պարտավորվի, որ տարեկան 0,5 տոկոսով իջնելու է եւ 5 տարի անց դառնալու է 20 տոկոս: Սա կլինի շատ լավ հեռանկար»:

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


Add video comment
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը www.aaeurop.com-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական արտատպումը, տարածումը, կամ հեռուստառադիոընթերցումն առանց www.aaeurop-ին հղման արգելվում է:Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Կայքը պատասխանատվություն է կրում միայն «Եվրոպայի Հայերի Համագումարի » ի ստորագրությամբ նութերի, կարծիքների եւ դիրքորոշումների համար: All Rights Reserved,4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4