May 22, 2019

Հայերեն չկարդացող ֆրանսահայերը տեղեկություններ ստանում են Նիկոլ Փաշինյանին չաջակցող թերթերից

Մեր զրուցակիցն է ֆրանսահայ գործարար Վալերի-Աշխեն Գործունյանը

Տիկին Գործունյան, օգոստոսի 17-ի իր ելույթում Նիկոլ Փաշինյանը նշեց, որ մեր ամենակարևոր անելիքը նոր ներդրումների ներգրավումն է. «Ես հույս ունեմ և կոչ եմ անում աշխարհի հայության ներկայացուցիչներին, բոլոր ներդրողներին՝ գալ Հայաստան կատարել լրջագույն ներդրումներ, որովհետև ՀՀ-ում հաստատված է օրենքի իշխանություն: Մենք երաշխավորում ենք սեփականության անձեռնմխելիությունը: Մենք երաշխավորում ենք ներդրումների անձեռնմխելիությունը»։ Ի՞նչ եք Դուք՝ որպես գործարար, մտածում այս կոչի մասին։

Նիկոլ Փաշինյանը ճիշտ է, Հայաստանին օդ ու ջրի պես հարկավոր են ներդրումներ։ Մինչև հիմա մարդիկ վախ ունեին գալ ներդրումներ անել Հայաստանում և կարևոր էր վստահության վերականգնումը։ Ես, օրինակ, վստահում եմ  Նիկոլ Փաշինյանին և և նրա կառավարությանը, և հիմա շատ ավելի վստահ կգամ Հայաստան, քանի որ իրենց քաղաքական կամքն եմ տեսնում, իրենք ուզում են արդար երկիր դառնա Հայաստանը։ Եվ, անշուշտ, պետք է ամբողջ հայությունը օգնի կառավարությանը, գան ներդրումներ անեն, նպաստեն փոփոխություններին, նոր հիմնարկներ բացվեն։ Նախկինում շատ խնդիրներ կային ներդրողների համար։ Ես, օրինակ, երբ սուրճի հումք էինք բերում Հայաստան, մաքսակետից այն վերցնելն այնքան խնդիրներով էր ուղեկցվում, անընդհատ կաշառք էին ուզում, որ մեր թղթերը մեզ ավելի շուտ տային։

Եթե կառավարությունը օգնի և վստահեցնի մարդկանց, որ իրենք չեն ունենա այդ խնդիրները, կամ այդ խնդիրները արագ լուծում կստանան՝ առանց կաշառքի, ինչպես նախկինում, վստահ եմ, որ կհաջողեն։ Ինչպես վարչապետը երեկ ասաց, Հայաստանը փոքր երկիր է, և ինչ-որ բան արտադրելու դեպքում պետք է կարողանաս նաև արտահանում իրականացնել։

Մենք գիտենք, որ արտահանման հետ կապված նախկինում էլ կային խնդիրներ, կաշառք և այլն, անհնար է դրսից պատվեր ունենալ և ժամանակին արտահանել, իսկ այդպես դու կորցնում ես շուկան։ Հիմա կառավարությունը վստահեցնում է, որ կօգնի, և այդ դեպքում երկիր կծաղկի։ Ես համաձայն եմ Նիկոլի հետ, որ բոլորը պետք է մտածեն ներդրումների մասին, մանավանդ որ այս կառավարությունը ամեն օր վերահաստատում է իր կամքը։

Ի՞նչն է պատճառը, որ ներդրողները շտապողականություն չեն ցուցաբերում։

Քանի որ ես ապրել եմ Հայաստանում և ծանոթ եմ Հայաստանի խնդիրներին, անձամբ ինձ համար կարևոր են ընտրությունները, վերահաստատումը, որ այս կառավարությունն է մնալու գոնե հինգ տարի։ Բայց, օրինակ, դրսում քարտ բլանշ չեն տալիս Նիկոլին նրանք, ովքեր հայերեն չգիտեն և մեդիաներով չեն կարող իրենց տեղեկատվությունը ստանալ ուղիղ Հայաստանից, այլ թերթերով են իրենց տեղեկատվությունը ստանում, այդ թերթերը Նիկոլին 100 տոկոսով չեն վստահում և կասկածներով են վերլուծություններ անում։ Եվ սա խանգարող հանգամանք է։ Եվ ներդրողների մոտ սա  կասկածներ է հարուցում։ Դրա համար հավանաբար մի փոքր էլ ժամանակ է պետք, որ ընտրություններ լինեն։ Բացի այդ, մյուս կողմից էլ Դաշնակցությունն էլ իր գործն է անում։ Չեմ ասում՝ հակահեղափոխական քայլեր են անում, բայց հարյուր տոկոսով չեն վստահում, կասկածելի տեղեկություններ են գրում, ինչը կարող է մարդկանց, ովքեր իրական տեղեկատվության չեն տիրապետում Հայաստանից, կարող է կասկածի առիթ տալ։ Չգիտեմ թե մյուս գաղութները ինչպես, բայց Ֆրանսիայում քչերն են գաղութում հայերեն կարդում, նրանք ինֆորմացիա ստանում են այն թերթերից, որոնք դեռ աջակցություն չեն հայտնում Նիկոլին։

Ինչպե՞ս է Դաշնակցությունը՝ որպես ավանդական կուսակցություն, իրեն դրսևորում այս հեղափոխությունից հետո։

Եթե Դաշնակցությունը Քոչարյանին է պաշտպանում, ես արդեն կասկածներ ունեմ… ինչպես կարող են նրանք Քոչարյանին պաշտպանեն։ Բայց Դաշնակցությունը  կարևորագույն կուսակցություն է Ֆրանսիայում, մեծ համբավ ունի և նաև ազդում է  մարդկանց վրա։ Դրա համար էլ ասում եմ, որ այսօր աջակցությունը 100 տոկոսով Նիկոլի կողմը չէ։ Եվ Նիկոլը պետք է հաջողի մինչև վերջ, որ իրենք տեսնեն, որ՝ սխալ են։

Այստեղի և տեղի դաշնակցականների մոտեցումները, կարծում եք, նո՞ւյնն են։

Այո, նույնն են, և դա ինձ խանգարում է։ Երբ վարչապետի կինը՝ Աննա Հակոբյանը, եկավ Փարիզ, բոլորին հանդիպեց, նաև դաշնակցականներին, և սա շատ լավ քայլ էր, և ճիշտ է բոլոր հայերի հետ հանդիպելը։ Սա շատ խելացի քայլ էր։ Նախկինում երբեք այդպես չի եղել, որ առաջին տիկինները գային, հանդիպեին։ Նախևառաջ, երբ առաջին դեմքերը գալիս էին, գաղութի մեջ չէին հանդիպում, այլ նրանց հետ, ովքեր հրավիրված էին դեսպանության կամ ֆրանսիացիների կողմից, տեղի հայությունը երբեք չէր հանդիպում նրանց։ Հիմա շատ մեծ փոփոխություններ կան, և սա շատ լավ է։

Տեղի գաղութը պետք է հասկանա, տեսնի այս տարբերությունը։ Նախկինում միշտ նույն մարդիկ էին հայկական գաղութը ներկայացնում, իսկ ժողովուրդը երբեք չէր տեսնում, իսկ այս անգամ, երբ եկավ Աննա Հակոբյանը, օգոստոսին Ֆրանսիայում թեև մարդ չկա, բայց ի զարմանս ինձ, շատ մարդ կար Աննայի այցի ժամանակ։ Այսինքն՝ ժողովուրդը ուզում է հանդիպել, և այդ ցանկությունը փոխադարձ է։

Քոչարյանի՝ քաղաքականություն վերադարձը մտահոգի՞չ է համայնքի համար։

Համայնքը չգիտեմ, բայց ես սարսափում եմ, որովհետև ինձ համար՝ լինի Սերժ, թե Քոչարյան, վախենալու են, նրանք չար են, դա համար մտահոգված եմ, հանկարծ չկարողանան նման քայլեր անել, որ վնասեն հեղափոխությանը։ Ես վստահ եմ, որ Նիկոլը և կառավարությունը և մյուսները ինձնից լավ գիտեն իրավիճակը, բայց ես այդ երկուսից սարսափում եմ։ Իրենք ոչ թե խելացի են, այլ ճարպիկ, և վստահ եմ, որ պատրաստ են ամեն ինչի, քանի որ ամեն ինչ կորցնելու վտանգի առաջ են կանգնած։ Դրա համար Նիկոլը և կառավարությունը պետք է  շատ զգույշ լինեն։ Օգոստոսի 17-ին հանրությունը, գալով հրապարակ, պատասխան տվեց Քոչարյանին, որ չեն ուզում իրեն։ Հերիք է, ինչքան Հայաստանը հետ գնաց իրենց պատճառով։ Երբ դու ղեկավարում ես երկիրը, սխալներ թույլ տալը նորմալ է, և Նիկոլն էլ կունենա սխալներ, բայց նա և կառավարությունը հայասեր են, իրենց գրպանը լցնելու համար չեն եկել, իրենք ուզում են Հայաստանը լավանա, և իրենք հետ բերեցին վստահությունը։

Տիկին Գործունյան, ե՞րբ կգաք Հայաստան։

Աշնանը հույս ունեմ կգամ։

Ներդրումներ պատրաստվո՞ւմ եք անել։

Զավակներս շատ են ուզում գալ, խանդավառված են։ Ես գամ տեսնեմ ինչպես է վիճակը և ինչու ոչ, ներդրումներ կանեմ։ Ես ինձ ավելի լավ եմ զգում, երբ Հայաստանում եմ ապրում, քան երբ Ֆրանսիայում եմ։ Ես որովհետև հույս ունեմ այս կառավարության նկատամամբ, կգամ և սիրով ներդրումներ կանեմ Հայաստանում։

lragir.am

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


Add video comment
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը www.aaeurop.com-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական արտատպումը, տարածումը, կամ հեռուստառադիոընթերցումն առանց www.aaeurop-ին հղման արգելվում է:Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Կայքը պատասխանատվություն է կրում միայն «Եվրոպայի Հայերի Համագումարի » ի ստորագրությամբ նութերի, կարծիքների եւ դիրքորոշումների համար: All Rights Reserved,4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4