June 26, 2019

Նիկոլ Փաշինյանի և Անգելա Մերկելի գլխավորությամբ Երևանում կայացել են հայ-գերմանական բարձր մակարդակի բանակցություններ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլեր Անգելա Մերկելի գլխավորած պատվիրակությանը:

 

Վարչապետ Փաշինյանը ողջունել է Գերմանիայի կանցլերի այցը Հայաստան՝ ընդգծելով, որ մեր երկրում մեծ հարգանք և համակրանք կա նրա հանդեպ, իսկ հայ-գերմանական հարաբերությունները հատուկ նշանակություն ունեն։ «Ողջունում եմ Ձեզ Հայաստանի մայրաքաղաք Երևանում: Սա Գերմանիայի կանցլերի առաջին այցն է Հայաստան, և այդ առումով տեղի է ունենում պատմական իրադարձություն: Դրա արժեքն ընդգծվում է նաև նրանով, որ Ձեր այցը կայանում է Հայաստանում տեղի ունեցած քաղաքական մեծ փոփոխություններից հետո, և նոր իրավիճակում, նոր քաղաքական պայմաններում մենք ակնկալում ենք արդյունավետ բանակցություններ ունենալ Ձեզ հետ: Հույս ունենք, որ այս այցը կնշանավորի մեր երկրների միջև հարաբերությունների նոր էջի բացումը: Վստահ եմ, որ Դուք արդեն զգացիք այն վերաբերմունքը, որ Հայաստանի Հանրապետությունում տածում են Գերմանիայի և անձամբ Ձեր նկատմամբ: Գերմանիան Հայաստանի երրորդ խոշոր առևտրատնտեսական գործընկերն է աշխարհում և առաջինը Եվրոպայում: Լիահույս եմ, որ Ձեր այցի արդյունքներով նաև մեր առևտրատնտեսական հարաբերություններին նոր թափ և շունչ կհաղորդվի: Եվս մեկ անգամ թույլ տվեք ողջունել Ձեզ: Բարով եք եկել», – նշել է Նիկոլ Փաշինյանը։

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար` նշելով. «Այս այցը կայանում է Հայաստանում մեծ փոփոխություններից հետո. որքան անսպասելի էր այն մեզ համար, այդչափ դրական ձեր երկրի համար: Մեզ հետաքրքիր է լսել Ձեր գնահատականները տեղի ունեցածի կապակցությամբ, ու միաժամանակ ակնհայտ էր, որ փողոցում զգալի էր այդ փոփոխությունների շունչը: Մենք շահագրգռված ենք Հայաստանի հետ հարաբերությունների հետագա զարգացմամբ: Այսօր գտնվում ենք մի քաղաքում, որը 2800 տարեկան է, և մի երկրում, որի ժողովուրդը պատմական հետքեր է թողել համաշխարհային քաղաքակրթության մեջ: Ես այսօր այցելեցի Թումո կենտրոն, տեսա երիտասարդ աղջիկների և տղաների, ովքեր շարունակում են նորարարություններ մշակել և զարգացնել` պահպանելով հայկական մշակույթի արմատները:

Համոզվեցի, թե ինչ գիտելիքահեն հասարակություն է առկա Հայաստանում: Գիտենք, որ սա բարդ տարածաշրջան է և պատրաստ ենք օգտակար լինել ձեզ` խնդիրների կարգավորման գործում լինելով ձեր գործընկերը: Մենք պատրաստ ենք խթանել և զարգացնել երկկողմ տնտեսական կապերը: Լիահույս ենք, որ կկարողանանք արձանագրել նոր արդյունքներ այդ ուղղությամբ»:

Զրուցակիցները քննարկել են հայ-գերմանական հարաբերություններին վերաբերող հարցերի լայն շրջանակ: Կողմերը, մասնավորապես, անդրադարձել են տնտեսության տարբեր ճյուղերում ընթացիկ ծրագրերին, ինչպես նաև համատեղ նոր նախաձեռնությունների հեռանկարներին:

Վարչապետ Փաշինյանը, անդրադառնալով Հայաստան-Եվրամիություն համագործակցությանը, կարևորել է Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացումը՝ վերահաստատելով Հայաստանի հանձնառությունը համընդգրկուն բարեփոխումների իրականացման գործում: Վարչապետի խոսքով` Հայաստանը կարևորում է ԵՄ թիրախավորված աջակցության ծավալների ընդլայնումը՝ հիմնված «ավելին ավելիի դիմաց» սկզբունքի վրա: Գերմանիայի կանցլերը հավելել է, որ իր երկիրը պատրաստ է օժանդակել Հայաստանին տարբեր ուղղություններով բարեփոխումների իրականացման, ինչպես նաև ՀՀ-ԵՄ փոխգործակցության ընդլայնման գործում:

Կողմերը քննարկել են նաև վիզաների ազատականացման ուղղությամբ երկխոսությանը, մարդկանց միջև շփումների խորացմանը, առողջապահության, բնապահպանության, ճանապարհաշինության, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում փոխգործակցությանը վերաբերող հարցեր: Վարչապետն ընդգծել է, որ Հայաստանը պատրաստ է հարթակ լինել գերմանական ընկերությունների համար, որոնք ցանկանում են մուտք գործել ԵԱՏՄ, ինչպես նաև իրանական շուկաներ։ Նիկոլ Փաշինյանը և Անգելա Մերկելը գոհունակություն են հայտնել գիտության, կրթության և մշակույթի ասպարեզներում հայ-գերմանական համագործակցության առնչությամբ:

ՀՀ վարչապետը և Գերմանիայի կանցլերն անդրադարձ են կատարել նաև ղարաբաղյան հակամարտությանը և կարևորել հիմնախնդրի կարգավորումը խաղաղ բանակցությունների միջոցով` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Հայաստանը բարձր է գնահատում Գերմանիայի հավասարակշռված դիրքորոշումը ԼՂ հարցում և աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի Խմբի համանախագահների ձևաչափին:

Անդրադառնալով Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանն ու դատապարտմանը` վարչապետ Փաշինյանը բարձր է գնահատել Բունդեսթագի կողմից 2016թ. Հայոց ցեղասպանության բանաձևի ընդունումը:

 

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


Add video comment
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը www.aaeurop.com-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական արտատպումը, տարածումը, կամ հեռուստառադիոընթերցումն առանց www.aaeurop-ին հղման արգելվում է:Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Կայքը պատասխանատվություն է կրում միայն «Եվրոպայի Հայերի Համագումարի » ի ստորագրությամբ նութերի, կարծիքների եւ դիրքորոշումների համար: All Rights Reserved,4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4