September 25, 2018

ՀԱԿ.Անհրաժեշտ է իրականացնել անցումային արդարադատություն

ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

2008թ.-ի մարտիմեկյան ոճրագործության բացահայտման նպատակով ձեռնարկված քայլերով կառավարությունն ու իրավապահ մարմինները առաջընթաց են գրանցում Հայաստանում արդարադատության հաստատման ուղղությամբ` քայլ կատարելով նաև պետության նկատմամբ քաղաքացիների վստահությունն ու հարգանքը վերականգնելու համար: Միևնույն ժամանակ, անհերքելի է, որ մարտիմեկյան ոճրագործությունը չի սահմանափակվել միայն մարտի 1-2-ին խաղաղ ցուցարարների գնդակոծությամբ և բռնություններով, այլ դրանից առաջ և հետո` ամիսներ ընդգրկող ժամանակաշրջանում, տարածվել է հազարավոր քաղաքացիների վրա` բազմաբնույթ հալածանքների և հետապնդումների տեսքով: Ավազակապետական իշխանության հրահանգով մարդիկ զանգվածաբար զրկվել են ազատությունից` դատարանի` ակնհայտորեն անարդար վճիռների հետևանքով, հեռացվել են պետական համակարգից կամ աշխատանքից, ունեզրկվել են` կորցնելով սեփականությունը կամ բիզնեսը, ի վերջո` հաճախ կորցրել են նույնիսկ աշխատանք գտնելու իրավունքը` հարկադրված բռնելով գաղթի ճանապարհը: Նրանցից շատերը չեն դիմել իրավունքների պաշտպանության օրենքով սահմանված միջոցների, գիտակցելով դրա անհեռանկարայնությունը, քանզի բռնապետության պայմաններում արդարադատությունը չէր գործում, հակառակը այն դարձել էր ռեժիմի ձեռքում մի պատժիչ գործիք:

 

Նոր, ժողովրդավարական Հայաստանը պարտավոր է ոչ միայն պատժելու հանցագործներին, այլ նաեւ վերականգնելու բոլոր քաղաքացիների իրավունքները, որոնք ոտնահարվել են բռնապետության կողմից հենց ժողովրդավարության եւ սահմանադրական կարգը պահպանելու համար պայքարի ելած քաղաքացիներին հալածելու նպատակով։ Ցավոք, գործող օրենսդրությամբ, անգամ Հայաստանում ստեղծված նոր իրավիճակում, քաղաքացիների խախտված իրավունքների վերականգնումը բախվում է բազմապիսի օբյեկտիվ խոչնդոտների, քանի որ տասնամյա ժամանակահատվածում սպառվել են բողոքարկումների համար նախատեսված վաղեմության ժամկետները: Ուստի, հազարավոր քաղաքացիների իրավունքները վերականգնելու համար անհրաժեշտ է իշխանության կողմից մի ամբողջ իրավա֊քաղաքական գործընթացի նախաձեռնում, որը կներառի արդարադատության վերականգնման հատուկ մարմինների ստեղծում և անհրաժեշտ օրենսդրական փոփոխությունների ընդունում:

Հայաստանն առաջին երկիրը չէ, որը, բռնապետությունից անցնելով ժողովրդավարության, բախվում է մարդու իրավունքների համատարած խախտումների և հալածանքների հետևանքով առաջացած խնդիրները լուծելու և արդարությունը վերականգնելու հրամայականին: Հունաստանում 1975-ից հետո, Արգենտինայում` 1983թ.-ին, Հարավային Աֆրիկայում` 1995թ-ին, Չիլիյում` 1990-ին անցկացվել են նման գործընթացներ, որոնք միջազգային պրակտիկայում հայտնի են անցումային արդարադատություն անվամբ: Այդ երկրներում, մասնավորապես, խնդիրը լուծելու նպատակով ստեղծվել են այսպես կոչված ճշմարտության և հաշտության պետական հանձնաժողովներ:

Հայ Ազգային Կոնգրեսն առաջարկում է Հայաստանի կառավարությանը նույնպես նախաձեռնել անցումային արդարադատության գործընթաց: Այդ նպատակով ստեղծել Արդարության վերականգնման միջգերատեսչական հանձնաժողով, որում կընդգրկվեն ԱԺ պետա-իրավական հանձնաժողովի, Բարձրագույն դատական խորհրդի, դատախազության, արդարադատության նախարարության, ոստիկանության, ԱԱԾ-ի, ՄԻՊ գրասենյակի ներկայացուցիչներ: Հանձնաժողովը պետք է` ա) վեր հանի մարտիմեկյան ոճրագործության ընթացքում քաղաքացիների ազատությունների և իրավունքների ոտնահարման բոլոր փաստերը, բ) պարզի և հաշվառի տուժողների շրջանակը, գ) առաջարկի անհրաժեշտ օրենսդրական փոփոխություններ և ձեռնարկի կոնկրետ քայլեր քաղաքացիների իրավունքների վերականգնման ուղղությամբ: Պետությունը պետք է երաշխավորի, որ քաղաքացիները կվերականգնվեն աշխատանքում, հնարավորություն կստանան վերականգնելու սեփականության և բիզնեսի նկատմամբ իրավունքները, կամ կստանան համարժեք փոխհատուցում` կրած զրկանքների դիմաց:

Համոզված ենք, որ ժողովրդավարության հաստատումը և իրավական պետության կայացումը լիարժեք կհամարվի միայն այն ժամանակ, երբ վերացվեն բռնապետության բոլոր հետևանքները, վերականգնվի արդարությունը և հաստատվի հասարակական համերաշխություն: Միայն այդպիսի գործընթացի իրականցման դեպքում է հնարավոր սոցիալական ներդաշնակության եւ հաշտության ձեռքբերումը, պետության ինստիտուտների նկատմամբ քաղաքացիների վստահության ամբողջական վերականգնումը եւ Հայաստանում հարատեւ ժողովրդավարության հաստատումը։

 

Հայ Ազգային Կոնգրես

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


Add video comment
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը www.aaeurop.com-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական արտատպումը, տարածումը, կամ հեռուստառադիոընթերցումն առանց www.aaeurop-ին հղման արգելվում է:Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Կայքը պատասխանատվություն է կրում միայն «Եվրոպայի Հայերի Համագումարի » ի ստորագրությամբ նութերի, կարծիքների եւ դիրքորոշումների համար: All Rights Reserved,4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4