October 20, 2018

Հաց Բերողի դասերը

Նա՝ այդ հրաշագործ մարդը, իր երկրային համեստ կյանքով ապրում էր մեր մեջ և մեր կողքին։ Նա խորհրդավոր լռությամբ մտավ մեր կյանք, ցնցեց մեզ իր գերբնական մտածողությամբ և արարքով ու բռնեց հարդագողի ճամփան։ Նա արեց ավելին, քան երբևէ կարելի էր մտածել։ Ե՛վ իրականում, և՛ արդարամտորեն նրա քայլը կարող է մտնել Սասնա Ծռեր, եթե ոչ ապստամբության, ապա Սասնա Ծռեր էպոսային տրամաբանության մեջ։ Քանզի նրա արածը ոչ այլ ինչ էր, քան էպոսային հրաշագործություն։

Նա բոլորից շուտ հասկացավ, որ իր կարիքը կա, և անկախ նրանից, որ վտանգի էր ենթարկում իր կյանքը, արեց իր հասանելիք քայլը՝ հաց հասցրեց դրա կարիքն ունեցողներին, փրկեց նրանց ու դարձավ նրանցից մեկը։

Իր քայլով Արթուրը ոչնչացրեց գոյություն ունեցող կարծրատիպը, այն է՝ իր միայնակի հոգեբանությամբ ու փիլիսոփայությամբ նա դուրս եկավ բռնատիրական մեքենայի ոստիկանական պատնեշի դեմ ու հաղթեց իր մարդասիրությամբ՝ իր սիրով դեպի մերձավորը։ Այո, նա հաղթեց այդ մեքենային ու փլուզեց նրա հաստատած կանոնակարգը հանուն մերձավորի նկատմամբ իր սրտում անթեղված մեծ սիրո ու հենց այդ սիրով: Նրա արարքից քարացած հանրությունը ցնցվեց, հետո սթափվեց ու հասկացավ, որ Մարդ մնալն է այն հավերժական արժեքը, որն այդքան պակասում էր մեր կյանքում մինչև Սասնա Ծռեր ապստամբությունը։ Ու նրա արարքը դարձավ հերոսական այդ ապստամբության աղը։

Մեծ մարդասերն իր քայլով անցավ ռուբիկոնը։ Նա իր անսահման սիրով ոչնչացրեց ոչ միայն հանրային վախը առ բռնատիրական համակարգ, այլև կասկածի տակ դրեց այդ համակարգի բարոյական ողջ կերպարը, նրա դավանած հակամարդ արժեհամակարգը և ցուցադրեց նրա գաղափարական սնանկությունը։

Եվ հենց դա եղավ պատճառը, որ նա չներվեց, ու սկսվեց նրա հալածանքների անվերջանալի շղթան, ու նա սողացող մահվան դատապարտվեց։

Նրա մահն անսպասելի եղավ, բայց ցավալիորեն ավելի արժևորեց նրա քայլը, ու հարյուրավոր հայաստանցիներ իրենց անվերջանալի ծափերի ներքո ուղեկցեցին իրենց Հաց բերողին դեպի անմահություն։ Ու տիեզերական այդ կսկիծը տարածվեց ամեն հայի հոգում ու ծվարեց այնտեղ որպես հավերժական սպի ազգային բոլոր ցավերի ու դժբախտությունների։

Ու նա դասեր թողեց մեզ։

Այդ դասերից առաջինը՝ ցանկացած կամային հատկանիշներով օժտված Մարդ կարող է միայնակ իր պայքարը տանել ու հաղթել, և մեզնից ամեն մեկը պետք է կարողանա բախտորոշ պահին հարց տալ ինքն իրեն՝ ո՞վ, եթե ոչ ես…

Նա իր ձախ կրունկի տակ միշտ քսան դրամանոց էր պահում, որ փողը իրեն չիշխի, ու ինքը իշխի փողին: Նա ամեն առավոտ հաց գնելիս այդ հացը կիսում էր նրա հետ, ով հացի կարոտ կլիներ:

Ու նաև՝ չէր կարողանում հանգիստ ապրել, երբ իր ընկերները Եռաբլուրում էին, իսկ նրանց ազատագրած հողերը վաճառքի դրված…

Սրանք են այն պարզ ու ճշմարիտ դասերը, որ Արթուր թողեց մեզ: Ու այդ դասերով նա թողեց մեզ հսկայական հոգևոր պաշարներ մնացյալ ողջ կյանքի համար…

Համոզված ենք, որ կգա այն օրը, երբ այս հանցագործության գլխավոր պատասխանատու Սերժ Սարգսյանը, որպես ժամանակին քաղաքական ենթատեքստ ունեցող գործերով որոշում կայացնող ու պատժիչ մեքենային անմիջական հրահանգներ տվող, պատասխանատվության կենթարկվի Մեծ Մարդասեր Հաց Բերողի մահվան համար։

 

Հիմնադիր Խորհրդարանի Քարտուղարություն

Սասնա Ծռեր խմբավորում

09.08.2018թ.

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


Add video comment
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը www.aaeurop.com-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական արտատպումը, տարածումը, կամ հեռուստառադիոընթերցումն առանց www.aaeurop-ին հղման արգելվում է:Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Կայքը պատասխանատվություն է կրում միայն «Եվրոպայի Հայերի Համագումարի » ի ստորագրությամբ նութերի, կարծիքների եւ դիրքորոշումների համար: All Rights Reserved,4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4