August 20, 2018

Իրանի դեմ նոր պատժամիջոցները Հայաստանի տնտեսությանը ուժգին կհարվածեն «Մեղրի» ԱՏԳ-ում. իրանագետ

Իրանի դեմ ամերիկյան պատժամիջոցների վերականգնումը տարածաշրջանի վրա հիմնականում բացասական ազդեցություն կունենա նրա անվտանգության եւ կայունության տեսանկյունից, եւ մասնավորապես՝ այն երկրների վրա, որոնք այստեղ են տեղակայված: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց իրանագետ Կարեն Վերանյանը:

Նրա կարծիքով՝ տնտեսական տեսանկյունից տվյալ իրավիճակում ամենից շատ կարող է տուժել Հայաստանը, որովհետեւ այն պատժամիջոցները, որոնք Վաշինգթոնը Իրանի դեմ պատրաստել է եւ պատրաստվում է իրականացնել, երկմակարդակ բնույթ ունեն: «Առաջինը վերաբերում է մեքենաշինության եւ ՏՏ ոլորտում աշխատող ընկերություններին: Երկրորդը՝ գազային եւ նավթային շուկային, որը, բնականաբար, շատ կարեւոր նշանակություն ունի: Սակայն պատժամիջոցների երկրորդ բլոկը մեզ այնքան էլ չի մտահոգում, քանի որ կապված է բացառապես նավթագազային ոլորտի հետ»,- պարզաբանեց Վերանյանը:

Միաժամանակ, փորձագետը շեշտեց, որ պատժամիջոցների իրականացման դեպքում Հայաստանի եւ հարեւան Իրանի միջեւ ապրանքաշրջանառությունը պարտադիր կտուժի, քանի որ դրանք կսահմանվեն ոչ միայն իրանական ընկերությունների նկատմամբ, այլեւ այն ընկերությունների, որոնք չեն գործում Իրանի տարածքում, սակայն իրանական ընկերությունների հետ ակտիվորեն համագործակցում են ինչպես մասնավոր, այնպես էլ պետական մակարդակով:

Իրանագետի գնահատմամբ՝ սա բացասական ազդեցություն կունենա նաեւ «Մեղրի» ազատ տնտեսական գոտու վրա, քանի որ այն վերջերս է բացվել եւ Իրանի ու Հայաստանի միջեւ ապրանքաշրջանառության զարգացումն ապահովելու տեսակետից կարող էր դառնալ լավ հարթակ, որտեղ կներկայացվեին ինչպես իրանական, այնպես էլ հայկական ընկերությունները: «Այն կարող էր օգուտ բերել ինչպես ԵՏՄ շուկային, այնպես էլ Չինաստանին՝ «Մետաքսի ճանապարհ» նախագծի իրականացման ենթատեքստում, սակայն եթե այս տեսանկյունից դիտարկենք, ապա պատժամիջոցները սահմանափակումներ կստեղծեն այն ընկերությունների համար, որոնք նույնպես իրանական ընկերությունների հետ կփորձեն համատեղ աշխատանքներ իրականացնել, նույնիսկ նույն «Մեղրի» ԱՏԳ-ում»,- նշեց արեւելագետը:

Կարեն Վերանյանի համոզմամբ՝ այս ամենը պոտենցիալ ներդրողներին միայն կվախեցնի, որոնք չեն ցանկանա իրենց բիզնեսը վտանգել եւ իրենց ներկայացուցչությունները բացել «Մեղրի» ազատ տնտեսական գոտում:

news.am

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


Add video comment
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը www.aaeurop.com-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական արտատպումը, տարածումը, կամ հեռուստառադիոընթերցումն առանց www.aaeurop-ին հղման արգելվում է:Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Կայքը պատասխանատվություն է կրում միայն «Եվրոպայի Հայերի Համագումարի » ի ստորագրությամբ նութերի, կարծիքների եւ դիրքորոշումների համար: All Rights Reserved,4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4