August 20, 2018

Բաց նամակ ՀՀ նախկին նախագահ՝ Սերժ Սարգսյանին

Ես չէի կարող այս նամակը չգրել ձեզ, չնայած գիտեմ, որ դուք այն անտեսելու եք: Իսկ եթե պատահաբար այն ձեր ձեռքն ընկնի, ապա չեք կարդալու, որովհետև այն ժամանակավրեպ եք դիտելու: Բացի այդ, իշխանական գահի կորուստի դառնությունը ձեզ թույլ չի տալու, լսել անցյալի ձեր նախագահական ուղու բուն էությունը բացահայտելու փորձերը: Իսկ եթե կարդաք էլ, ապա կարծում եմ, որ այն ձեզ բոլորովին չի հուզելու: Բայց այս ամենը իմանալով ինչու եմ դարձյալ բաց նամակով դիմում ձեզ: Անցյալում, դա՝ անզորության, անելանելիության զգացումն էր, որ ինձ մղել էր այդ քայլի, հիմա՝ զարմանքի, հիասթափության: Որովհետև նոր է միան մեզ պարզ դառնում, թե որքա՜ն է իջել՝ իշխանական կարևոր լծակներին տիրող, Հայաստանի վերնախավը: Հետո՝ բերկրանքի ցգացումն է, որ հայ ժողովուրդը, Հայաստանի երիտասարդությունը կարողացավ միանալ, միաձուլվել և կատարել անհրանինը, վերջ տալ բռնության և անօրինականության այն համակարգին, որը Ռոբերտ Քոչարյանը և դուք էիք ստեղծել, որի ռեալ, հանցավոր էությունը և իրական չափերը նոր են հանրության առաջ բացահայտվում: Եվ ինչ խոսք, դուք կարողանում էիք օտարների համար այդ բոլորը վարպետորեն քողարկել, պարուրել՝ գեղեցիկ խոսքերով…

 «Կաշառքը զզվելի բան է»:

«Մենք սովորում ենք լսել ու հարգել միմյանց կարծիքը:»

«Մենք հանդուժողականություն ենք սովորում և երկխոսության մշակույթ ձևավորում

«Մենք սովորում ենք ապրել այլ կանոններով:»…

Ինչո՞ւ եք այս ամենը ասել: Արդյո՞ք ցանկանում էիք ինքներդ ձեզ հաճոյանալ և ձեզ մոտ վկայակոչել լավը և լռեցնել չարությունը, որը ձեր ու ձեր շրջապատի մարդկանց պետական կառավարման և ժողովրդին արհամարելու հիմք էր դարձել, որը այնքան գերակշռող էր, և իշխում էր այն բոլոր զգացմունքներին, որոնք մարդկային են: Հուզվել, կարեկցել, հուսադրել… Արդյո՞ք դուք ձեր շրջապատով հանդերձ, գիտե՞ք հուզվել, գիտե՞ք կարեկցել մարդկանց, ձեր հայրենակիցներին: Ովքեր հիվանդ են, ովքեր կարիքի մեջ են, ովքեր չգիտեն, թե ինչպես կերակրեն իրենց երեխաներին, ի՞նչ հագցնեն, որտեղ փնտրեն նրանց, երբ նրանք փողոցներում թրև են գալիս և ողորմություն են աղերսում: Արդյո՞ք երբևէ այցելել եք դեռ երկրաշարժից տնավեր ընտանիքներին, լքված մայրերին, երեխաներին: Փորձե՞լ եք նրանց գոնե կարեկցանքի, հուսադրող խոսքեր ասել: Փորձե՞լ եք որպես երկրի նախագահ նրանց ինչ որ կերպով օգնել, հուսադրել: Արդյո՞ք երբևէ՞ փորձել եք բանակի ոչ առողջ պայմաններում թշնամու գնդակից զոհված, կամ յուրայինի կողմից նենգորեն սպանված զինվորի մորը, հարազատներին այցի գնալ, կամ նրանց ձեզ մոտ հրավիրել, որպեսզի գոնե ինչ որ չափով սփոփեք որդեկորույս ծնողների վիշտը: Գիտեմ, նման հարցեր ձեզ ուղղելն անիմաստ է, ընդհանրապես ձեզ գրելն է անիմաստ: Բայց ես գրում եմ, ինքս ինձ համար, որովհետև ցանկանում եմ ընթերցողի հետ բարձրաձայն մտածելու ընթացքում, ճանաչել մարդու ձեր տեսակին, ճանաչել երեք եղբայրներ՝ Սարգսյաններին, նրանց զավակներին, դուստրերին, եթե իհարկե դա կարելի կլինի: Այնպե՜ս կուզեի կանգնել բոլորիդ դեմ – դիմաց, հնարավորինս նայել բոլորիդ աչքերի խորքերը, հասկանալու համար մարդուն, հասկանալ, թե իշխանավոր մարդը, իշխանավորին թիկունք ունեցող մարդ արարածը, որքա՞ն իջնել կարող է, մինչև ի՞նչ աստիճանի: Գիտեմ, որ սա բարդ հարց է և ես առաջինը և վերջինը չեմ, ով ցանակնում է ինչ որ կախարդական հնարանքով նման մարդկանց ներսը, հոգու խորքերը նայել, թե որքան չարություն կա այնտեղ, ընչաքաղցություն, ագահություն: Իրականում նա ցանկանում է իմանալ, արդյո՞ք դյուզն չափով դեռ բարություն մնացել է այնտեղ, թե մարդը, մարդկայինը իսպառ լքել են նրանց: Բայց անցյալում մենք երբեմն ցանկանում էինք հավատալ նաև այդ տեսակի մարդուն: Հավատալ, որ նրա մեջ դեռ կա՝ սեր, կա՝ գուրգուրանք, կա՝ լավը տեսնելու ցանկություն, գոնե իր երեխաների համար: Բայց ավաղ, մենք չարաչար սխալվեցինք: Անեզր հուսահատվեցինք, որովհետև վկան ենք և տեսնում ենք, թե որքան է հանցանքի մեջ ընկմվել այդ մարդը, այդ հոգին, իր շուրջը հավաքելով՝ այո ասող պատեհապաշտների ամբողջ մի բազմություն և տիրանալով՝ ադամանդների, ոսկիների, զարդեղենների, թանկարժեք մեքենաների, մարդ սպանող զենքերի, և «մեղա Աստված», թմրադեղերի, որոնց վերավաճառելով անդունդ է գլորել բազմաթիվ երիտասարդների, ովքեր որ զենքը ուսներին պաշտպանելու էին հենց նրանց հայրերի, մայրերի ու հարազատների անդորրը: Այո, այո, այս ամենը գիտենալով, դուք եղբայրներով այլևս ինչպե՞ս եք կարողացել նայել ձեր մերձավորների, ընդհանրապես ձեր շրջապատի մարդկանց աչքերի մեջ: Գիտեմ, որ հնարավոր չէ ձեզանից լսել, ուրեմն պետք է կռահումներ անել, ճանաչելու համար մարդու ձեր տեսակը: Հասկանալու համար, թե դուք մարդկային ի՞նչ չափանիշներով եք առաջնորդվել, ի՞նչ սկզբունքներով եք անգամներ ձեր ձեռքը ավետարանի վրա դնելով, երդվել այն, ինչը որ չպետք է երդվեիք: Որովհետև դուք իրավունք չունեիք երդվելու, դուք լավ գիտեիք, որ այդ ձեր իրավունքը չէր, գիտեիք, որ ձեր այդ ձեռքը ավետարանի վրա դնելով և կեղծ ու փուչ երդումներ տալով, խաբում եք նույնիսկ ինքներդ ձեզ, ձեր ընտանիքներին, մերձավորներին, հարազատներին և ամբողջ մի ժողովրդի: Մենք շատ բան կարող էինք երևակայել, բայց որ դուք երեք եղբայրներով, ոչ միայն ստեղծել, սնուցել ու գլխավորել եք հանցագործների մի ամբողջ բանակ, այլ ձեր զավակներին ու դուստրերին եք հանցագործ դարձրել, դա վեր էր մեր բոլորի պատկերացումներից: Հիշում եմ, թե դուք Բեռլինում որքան ձեզ վիրավորված ձևացրիք, այն բանից հետո, երբ հարց բարձրացվեց, որ Հայաստանում անօրինակնություններ կան: Մարդկային պատմությունը մեզ ուսուցանել է, որ կարելի է ճշմարտությունը ժամանակավոր բռնաբարել, խեղաթյուրել, բայց ընդմիշտ վերացնել չի կարելի: Դուք այս հասարակ բանաձևը պետք է որ սերտած լինեիք, և չգնայիք ձեր նախորդների հետքերով, բայց գնացիք և ամենաահավորը՝ կատարելագործեցիք չարիքը, անօրինականությունները, այդպիսով՝ տնավեր, թափառական դարձնելով հարյուրհազարների, աղքատության մատնեցիք սեփական ժողովրդի մեկերրորդին: Եվ ուշացումով կատարվեց այն, ինչը որ պետք է կատարվեր, ժողովրդի ցասումը ձեզ ստիպեց, որ հրաժարական տաք: Գիտեմ, որ դուք շատ կցանկանայիք, կախարդական գավազանի մի հարվածով, կանխել այն բոլոր հանցագործների բացահայտումը, ձեր մեձավորների «քաջագործությունները», որոնք այսօր ի-հայտ են գալիս: Բայց ավա՜ղ, չեք կարող: Եվ լավ է, որ չեք կարող: Բայց մեր մեջ հետաքրքրասեր մարդը ցանկանում է իմանալ: Արդյո՞ք դուք գիտեիք այդ ամենի մասին, ձեր եղբայրների, Մանվելների, նրանց որդիների՝ հանցագործությունների մասին, թե ձեր ապաշնորհ դատախազի, ԱԱԾ-յան պաշտոնյաների նման կհավակնեք, որ չգիտեիք: Բաց ո’չ: Մենք այդքան միամիտ չե’նք, որ հավատանք այդ և գուշակում ենք, որ դուք էլ, աշխարհի բոլոր բռնակալների նման, զայրութով ձեր բռունցքն եք սեղմում և զղջում, որ ժամանակին թույլ գտնվեցիք, և հեղափոխությունը չխեղդեցիք իր բարուրի մեջ: Չէ որ դուք ընդունակ էիք և կարող էիք դա անել: Գուշակում եմ, որ դուք միայն դա եք համարում ձեր իշխանական տարիների ամենասարսափելի սխալը…

 

Սամվել Հովասափյան

 

Բեռլին. Հուլիս 2018

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


Add video comment
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը www.aaeurop.com-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական արտատպումը, տարածումը, կամ հեռուստառադիոընթերցումն առանց www.aaeurop-ին հղման արգելվում է:Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Կայքը պատասխանատվություն է կրում միայն «Եվրոպայի Հայերի Համագումարի » ի ստորագրությամբ նութերի, կարծիքների եւ դիրքորոշումների համար: All Rights Reserved,4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4