August 20, 2018

ԱԱ-2018․ Եզրափակիչ առանց սուր պայքարի կամ ինչպես Ֆրանսիան 20 տարի անց դարձյալ նվաճեց աշխարհի գավաթը

Ահա եւ ավարտվեց աշխարհի առաջնությունը, որը հրաշալի անցկացրեց Ռուսաստանը։ Ֆրանսիայի եւ Խորվաթիայի մասնակցությամբ եզրափակիչը սպասվում էր մեծ հետաքրքրությամբ, բայց անզիջում պայքարի, ինտրիգի եւ դրամատիզմի իմաստով չարդարացրեց սպասելիքները։

Այս երեկո Դիդյե Դեշամի գլխավորած թիմը պարզապես ուժեղ էր խորվաթներից խաղի բոլոր բաղադրիչներով։ Այո, տեսանք 6 գոլ, շատ գեղեցիկ գոլեր, 11 մետրանոց, որը մրցավարը նշանակեց կրկնապատկերն ուսումնասիրելուց հետո, դարպասապահների կոպիտ սխալներ։ Սակայն Ֆրանսիայի համար ամեն ինչ շատ կանխատեսելի եւ հանգիստ ընթացք ունեցավ։

20 տարի անց ֆրանսիացիները դարձյալ նվաճեցին աշխարհի գավաթը։ Սուպերտաղանդավոր սերունդը հրաշալի Դեշամի ղեկավարությամբ երկրորդ փորձից հաղթեց եվրոպական եզրափակիչում տնային Եվրո-2016-ին  Պորտուգալային պարտվելուց հետո։

Իսկ 2018-ի աշխարհի առաջնության իսկական հայտնությունն ու հերոսները դարձած խորվաթ ֆուտբոլիստները արժանի են մեծագույն դրվատանքի, անկախ եզրափակիչի արդյունքից։

Իհարկե, ցավալի է Լուկա Մոդրիչի համար, որն արժանիորեն ստացավ առաջնության լավագույն խաղացողի մրցանակը, բայց մրցանակաբաշխության ժամանակ նա ոչ մի կերպ չէր կարողանում թաքցնել հիասթափությունը եւ նույնիսկ գլխավերեւում չպահեց «Ոսկե գնդակը»։

Իսկ լավագույն երիտասարդ խաղացողի մրցանակը ստացավ ֆրանսիական ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն, որը 19 տարեկանում լավագույններից մեկն է համաշխարհային ֆուտբոլում եւ կարելի է կանխատեսել, որ մոտ ապագայում նա կլինի ժամանակակից ֆուտբոլի լավագույն խաղացողը։ Ռուսաստանի ստադիոններում տեղի ունեցած մրցաշարը կհիշվի դիտարժան, գրավիչ, ինտրիգային, սենսացիաներով լի, հիշարժան ու անմոռանալի խաղերով։

Աշխարհի առաջնությունը ֆուտբոլասերների համար համարժեք է ամառային արձակուրդի ավարտին դպրոցականների համար։ Յուրօրինակ ֆուտբոլային «սեպտեմբերի 1»-ից հետո մնում է միայն վերհիշել լավագույն պահերը մինչեւ ազգային առաջնությունների եւ եվրագավաթային մրցաշարերի մեկնարկը։

Սամվել Սուքիասյան

news.am

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


Add video comment
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը www.aaeurop.com-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական արտատպումը, տարածումը, կամ հեռուստառադիոընթերցումն առանց www.aaeurop-ին հղման արգելվում է:Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Կայքը պատասխանատվություն է կրում միայն «Եվրոպայի Հայերի Համագումարի » ի ստորագրությամբ նութերի, կարծիքների եւ դիրքորոշումների համար: All Rights Reserved,4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4