Rss Feed
Tweeter button
Facebook button
Technorati button
Reddit button
Myspace button
Linkedin button
Webonews button
Delicious button
Digg button
Flickr button
Stumbleupon button
Newsvine button
Youtube button
November 20, 2018

ՍՓՅՈՒՌՔՒՈՄ ԲՈԼՈՐԸ ՀՐԵՇՏԱԿՆԵՐ ՉԵՆ

Հայկական Ժամանակ
                   ուրբաթ, հուլիս 6, 2018թ.

ՍՓՅՈՒՌՔՒՈՄ ԲՈԼՈՐԸ  ՀՐԵՇՏԱԿՆԵՐ ՉԵՆ

ՍԱՏԱՆԱՆԵՐ ԷԼ ՇԱՏ ԿԱՆ

Եվրոպայի հայերի համագումարի պատասխանատու Կարո Հակոբյանը, որը մինչ այս 15 տարի եղել է Շվեդիայի հայ համայնքի պատասխանատուն, օրեր առաջ Հայաստան է ժամանել: Ասում է՝ հայրենիք հաճախ է այցելում, տարեկան առնվազն երկու անգամ: Հերթական այցն էլ նախատեսված էր սեպտեմբերին, նաեւ տոմսն էր գնված, բայց նա շտապել է օր առաջ տեսնել «հեղափոխված» Հայաստանը: Կարո Հակոբյանի հետ մեր զրույցը ներկայացնում ենք ստորեւ:

 

–         Պարոն Հակոբյան, ո՞րն էր առաջին տարբերությունը, որը նկատեցիք հին եւ նոր Հայաստանների միջեւ՝ հայրենիք ժամանելուց հետո:

–         Նախքան Հայաստան մտնելը մտածում եի՝ տեսնեմ փոփոխություն կզգամ, որովհետեւ ինչ որ առաջին անգամ մարդը զգում է դա է կարեւորը: Հետո արդեն դժվար է ճիշտ պատկերացում ունենալ: Առաջին փոփոխությունը ժողովրդի մեջ հանդարտությունը եւ հանգստությունն էր, այն նյարդայնությունը, ջղաձգությունը, մեկը մյուսի նկատմամբ ագրեսիվությունը, որ նախկինում կար, այս անգամ չտեսա: Մարդիկ ավելի հանդուրժողական էին, ավելի բարեհամբույր: Դա իսկապես շատ շատ զգալի էր: Դա ցույց է տալիս, որ մարդկանց հոգեբանության մեջ որոշակի փոփոխություններ են եղել, ինչը շատ կարեւոր է եւ շատ դրական: Նաեւ զգում էի փողոցում, որ մարդիկ ոստիկանների հետ զրուցում են անկաշկանդ կերպով, ժպտում են իրար: Նրանց միջեւ նախկին պատնեշը վերացել է:

–         Մասնավորապես Շվեդիայում տրամադրություններն ինչպիսի՞ն են թավշյա հեղափոխությունից հետո: Մարդիկ մտածու՞մ են Հայաստան վերադառնալու ուղղությամբ:

–         Այս շարժման ալիքը համակեց ողջ սփյուռքին: Նույնիսկ այն մարդիկ, որոնք անտարբեր են հասարակական-քաղաքական գործունեության նկատմամբ, անվստահություն կա իրենց մեջ եւ այլն, հետզհետե զգում էին, որ վերանում է անվստահությունը, հույսի նշույլը գնալով ավելի եւ ավելի է շատանում: Մարդիկ շարժմանը ցույց տվեցին իրենց զորակցությունը տարբեր փուլերում, տարբեր աստիճանների: Եվ ես հպարտությամբ կարող եմ ասել, որ մեր կազմակերպությունը՝ Եվրոպայի հայերի համագումարը, հենց սկզբից շարժման արմատների մեջ է եղել, կապի մեջ եղել ենք: Նույնիսկ դրանից առաջ մեր մոտեցումները ընդհանրապես Հայաստան-սփյուռք հարաբերություններին միշտ եղել է ես կասեի, տրամաբանական եւ ընթացել է այն հունով, որ Հայաստանում եղած թերությունները մենք միշտ արծարծել ենք մեր կազմակերպության սահմաններում, ոչ վախեցել ենք, ոչ խորշել ենք, ոչ մտել ենք իրենց հետ գործարքների մեջ: Մենք ուղղակիորեն անկաշառ կերպով մեր քաղաքական-հասարակական դիրքերը որոշել ենք այդ ուղղությամբ: Ինչ վերաբերում է Հայաստան վերադառնալու մտադրություններին, այսպես ասեմ այս մթնոլորտը, որ ստեղծվեց, մարդկանց մեջ առաջին հերթին այն գաղափարը զարգացրեց, որ այո, այժմ հնարավորություն կա վերադառնալու: Դա հոգեբանական  մոտեցումն էր: Իսկ հաջորդ  քայլը լինելու է առարկայական մոտեցում: Դրա համար ժամանակ է պետք: Վերադառնալու հարցը պիտի շերտավորենք մարդկանց մեջ, բոլորը նույն իրավիճակի մեջ չեն: Եթե մի մարդ  արդեն 30 տարի է գտնվում է սփյուռքում  եւ ունի ընտանիք, որոնք աշխատում են, դպրոց են գնում, այդ ամենը միանգամից չի կարող թողնել եւ գալ: Կա ուրիշ խումբ, որ դեռեւս ինտեգրված չէ տեղի հասարակությանը եւ այլն, նրա համար ավելի հեշտ է վերադառնալ: Իսկ նրանք, որոնք ընդհանրապես կարգավիճակ չեն ստացել, անպայման առաջին հերթին կմտածեն վերադառնալու մասին: Բայց դրա համար հարկավոր է գործնականում ստեղծել հնարավորություններ, որ մարդը այստեղ աշխատանք ունենա եւ այլն:

–         Շվեդիայում քանի՞ հայ է ապրում:

–         Որեւէ եվրոպական երկրում սփյուռքի վերաբերյալ ճշգրիտ վիճակագրություն չկա, թե որ չափով հայություն է ապրում: Բայց մոտավոր հաշվարկներով, կարելի է ասել՝ Շվեդիայում այսօր 10-12  հազար հայ կա:

–         Հայաստանից երբ որ մարդիկ գաղթել են, հիմնական պատճառները եղել են անարդարությունն ու սոցիալական ծանր պայմանները: Իսկ այնտեղ  ի՞նչ լուրջ խնդիրների են բախվում, որոնք գուցե ձեր կազմակերպության աջակցությամբ են փորձում լուծել:  

–         Այն մարդկանց, որոնք երկու-երեք տարի առաջ գաղթել են Սիրիայից, Իրաքից’ այն երկրներից, որոնք պատերազմի մեջ են, շատ հանգիստ կեցության իրավունք էին տալիս: Իսկ երբ որ մարդ արդեն ստանում է կեցության իրավունք, արդեն ծրագրեր է կազմում, պետական որոշակի աջակցություն է ստանում: Հայաստանից եկողների կեցության իրավունք ստանալը ավելի դժվար է լինում, ավելի երկարատեւ:… Հիմա ունենք մի հայրենիք, որը ժողովրդավարական երկիր է արդեն, տեսնում ենք փոփոխությունները: Դա հույս է ներշնչում ողջ հայությանը, ողջ սփյուռքին: Բնականաբար, այն վերապահումները, որ անցյալում ունեցել ենք Հայաստանի իշխանությունների նկատմամբ, այլեւս չկան, եւ մենք մեր կարելիությունները պիտի հավաքենք, կազմակերպենք մեզ եւ հասնենք մեր ազգային նպատակներին, ինչ որ երկար տարիներ ունեցել ենք: Ներկայում սփյուռքի ունեցած կառույցներով դա հնարավոր չէ, կիսատ-պռատ կլինի աշխատանքը:

–         Սփյուռքի նախարարի հետ հանդիպում ունեցե՞լ եք:

–         Ես անցյալ օրը սփյուռքի նախարարությունում էի, հանդիպեցի եվրոպայի բաժնի պատասխանատուի հետ, փոխնախարարի հետ: Նախարարի հետ հանդիպման նախապատրաստություն կար, բայց գրաֆիկը փոխվել էր: Պայմանավորվեցինք, որ նորից պիտի այցելեմ: Ես կարեւորում եմ սփյուռքի եւ Հայաստանի պաշտոնյաների միջեւ հարաբերությունների որակական փոփոխությունները:

–         Իսկ ի՞նչ պիտի փոխել, ի՞նչը նախկինում ձեզ չի գոհացրել:

–         Հայաստան-սփյուռք հարաբերությունները պիտի լինեն խորքային: Ծրագրերը, որոնք իրականացվել են, շատ լավ են երիտասարդներն ամառային արձակուրդներին գալիս են այստեղ, ճամբարներ են ունենում եւ այլն, բայց սրանք խորքային չեն: Բնական են: Այսինքն կարիք չկա նախարարություն ունենալ այդ գործերն անելու: Խորքայինը ավելի լայն կերպով պետք է հասկանալ: Մենք պիտի կարողանանք ծրագրել՝ տասը տարի հետո, քսան տարի հետո ինչ տեսակ Հայաստան ենք ուզում, ինչ տեսակ հայրենիք ենք ուզում, ինչ հարաբերություններ, ինչ տնտեսական, գիտական հզորություններ մենք պիտի ունենանք, այն ամբողջ ներուժը, որ սփյուռքի մեջ կա, բայց ցրիվ եկած է, ինչպես կարելի է հավաքել, օգտվել: Սա պետք է կազմակերպել: Անցյալում եղել են մարդիկ, որոնք եկել են, մի քանիսը մեդալ են ստացել, ծափ են տվել իշխանություններին, գնացել են: Այնպես չէ, որ սփյուռքում բոլորը հրեշտակ են: Սատանաներ էլ շատ կան: Եղել են մարդիկ, որ իշխանության հետ համագործակցել են զուտ անձնական ամբիցիաները բավարարելու համար, մարդիկ էլ եղել են, որոնք իսկապես աշխատել են: Մեր կազմակերպությունը միշտ պոզիտիվ քննադատական մոտեցում է ունեցել: Այն այսօր հնարավորություն ունի Եվրոպայի մասշտաբով իր շուրջը համախմբել բոլոր կարող անհատներին: Եվ դա այնտեղ ապրող հայերի 90 տոկոսն է: 10 տոկոսն է, որ կարող է դաշնակցական լինի, հնչակյան լինի, ռամկավար լինի: Ավանդական կառույցների ավանդական կերպով աշխատելու ժամանակը անցել է, նոր մտածելակերպ է պետք: Բայց Հայաստանի կողմից պետք է օժանդակություն լինի, որպեսզի այնտեղ հնարավոր լինի այդ փոփոխությունները կատարել: Եվ ինչու չէ, փոխադարձ կերպով եթե ուզենանք նայել, Հայաստանի իշխանությունները կարիք ունեն խորհրդակցության, համագործակցության, բայց իրենց ընտրության մեջ պիտի ճիշտ լինեն: Տեսեք ինչ եղավ Հայաստան հիմնադրամի տնօրենի վերաբերյալ, մարդը խաղամոլ դուրս եկավ: Հարցը  գումարը չէ, որ վերցրել է, վերադարձրել կամ չի վերադարձրել, հարցն այն է, որ այդպիսի բնութագրով մարդ էր նշանակվել: Մեզ մոտ մարդիկ կան, որ կրիայի նման նստել են, ոչինչ չեն արել: Այդ տեսակ խորհրդատուների կարիք Հայաստանի իշխանությունները չունեն:

 

ԱՆՆԱ  ԶԱԽԱՐՅԱՆ

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


Add video comment
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը www.aaeurop.com-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական արտատպումը, տարածումը, կամ հեռուստառադիոընթերցումն առանց www.aaeurop-ին հղման արգելվում է:Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Կայքը պատասխանատվություն է կրում միայն «Եվրոպայի Հայերի Համագումարի » ի ստորագրությամբ նութերի, կարծիքների եւ դիրքորոշումների համար: All Rights Reserved,4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4