
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել ուղերձով՝ Հայ-ռուսական միջտարածաշրջանային 7-րդ ֆորումի մասնակիցներին, որում, մասնավորապես, ասված է․
«Ֆորումի հարգելի մասնակիցներ եւ հյուրեր,
Ջերմորեն ողջունում եմ ձեզ «Ռուսաստանի եւ Հայաստանի թվային նախաձեռնությունները ԵԱՏՄ թվային օրակարգի իրականացման շրջանակում» թեմայով Հայ-ռուսական միջտարածաշրջանային 7-րդ ֆորումի շրջանակում:
7 տարի առաջ՝ 2011 թվականին, Հայաստանը եւ Ռուսաստանը նախաձեռնել են հայ-ռուսական ֆորումի անցկացումը, որը գործնականում միավորել է Հայաստանի մարզերի եւ Ռուսաստանի շրջանների, ինչպես նաեւ հասարակությունների եւ տարածաշրջանային բիզնեսի ներկայացուցիչներին:
Նման պարբերականությունը, կլոր սեղանների շրջանակում քննարկվող լայն թեմաներով պլանավորված, դիտարկում ենք որպես հայ-ռուսական ռազմավարական փոխգործակցության հերթական դրսեւորում: Ավելին, այսօր միջտարածաշրջանային համագործակցությունը դարձել է դրա անբաժանելի մասը:
Մեր երկրների առջեւ ծառացած են հիմնականում հավակնոտ խնդիրներ՝ ապահովելու առավելագույն հարմարավետ պայմաններ մեր քաղաքացիների կյանքի, բիզնեսի կազմակերպման, նոր արտադրությունների թողարկման համար, ստեղծել լրացուցիչ աշխատատեղեր ոչ միայն մայրաքաղաքներում, այլ նաեւ շրջաններում: Սա այն է, ինչին նպատակաուղղված են համապատասխան պետական ծրագրերը եւ հենց դրանցով են մոտիվացված կոնկրետ քայլեր՝ ուղղված շրջաններին ավելի բարենպաստ ստարտային պայմանների ներկայացմանը՝ տարբեր առեւտրատնտեսական, մշակութային եւ հումանիտար ոլորտներում համատեղ ծրագրերի իրականացման նպատակով:
Արագ փոփոխվող իրողությունները ձեւավորում են նոր խնդիրներ՝ ընդգծելով նոր մոտեցումների մշակման անհրաժեշտությունը, որոնց մեծ մասը վերաբերում է թվային օրակարգին: Հավատում ենք, որ մեր երկրների կողմից իրականացվող թվային օրակարգը, որը համաձայնեցվել է Եվրասիական տնտեսական միության շրջանակում, թույլ կտա ոչ միայն կրճատել վարչական ծանրաբեռնվածությունը, համագործակցությանը հաղորդել ավելի ժամանակակից եւ թափանցիկ բնույթ, այլ նաեւ զգալիորեն կկրճատի գաղափարի ծագման եւ դրա իրականացման ժամանակը, նվազագույնի կհասցնի աշխարհագրական հեռավորությամբ պայմանավորված ծախսերը:
Ակնկալում ենք, որ ֆորումի անցկացմանը, որը չի սահմանափակվում պլենար նիստերով, այլ ներառում է նաեւ մի շարք թեմատիկ կլոր սեղաններ, կհետեւի նման նախաձեռնությունների աճը: Եվ այդ ձգտումները մենք կպաշտպանենք պետական մակարդակով՝ ստեղծելով անհրաժեշտ պայմաններ ներուժի բացահայտման եւ միջտարածաշրջանային համագործակցության արդյունավետության բարձրացման, տարածաշրջանների կայուն զարգացման համար:
Երիտասարդ սերունդը պետք է շարունակի հայ-ռուսական համագործակցությունը եւ հանդես գա այն ընդլայնելու նոր նախաձեռնություններով: Ողջունում ենք ակտիվ երկխոսությունը, մեր եղբայրական երկրների երիտասարդների միջեւ ուսանողական փոխանակումները: Իմ կողմից ղեկավարվող Հայաստանի նոր կառավարությունը վճռական է նոր խթան հաղորդել հայ-ռուսական բարեկամական հարաբերություններին, եւ հատկապես միջտարածաշրջանային համագործակցությանը, քանի որ երկրի հավասար զարգացումը հանդիսանում է առաջնահերթ ուղղություն մեզ համար:
Հույս ունեմ, որ ֆորումի ընթացքում ներկայացված առաջարկությունները կգտնեն իրենց գործնական կիրառումը, կծառայեն խնդիրների լուծմանը, կնպաստեն հեռանկարային բիզնես եւ ներդրումային ծրագրերի իրականացմանը՝ ի շահ մեր երկրների ու ժողովուրդների:
Ֆորումի բոլոր մասնակիցներին եւ հյուրերին մաղթում ենք բեղմնավոր քննարկումներ, հետաքրքիր հաղորդակցություն եւ ամենայն բարիք»:
Նույն ֆորումի մասնակիցներին ուղերձով դիմել էր նաեւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պո
ւտինը՝ նշելով, որ Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ բովանդակալից քաղաքական երկխոսություն է հաստատվել:
armtimes.com
Leave a Reply