June 5, 2023

«Սասնա ծռերը»՝ բոլորը անխտիր, պետք է ազատության մեջ հայտնվեն

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Գևորգ Սաֆարյանը։

-Պարոն Սաֆարյան, հիմա, երբ արդեն ազատության մեջ եք, ի՞նչ քաղաքական ծրագրեր ունեք, կմասնակցե՞ք առաջիկա խորհրդարանական ընտրություններին։ Ի՞նչ եք պատրաստվում անել հեղափոխությանը սպասարկելու համար։

– Ինչ-որ ձևաչափով մասնակցելու ենք առաջիկա խորհրդարանական ընտրություններին։ Նախկինում մենք ընտրություններին չէինք մասնակցում, քանի որ Հայաստանում ընտրություններ չէին լինում, և անիմաստ էր այդ չընտրություններին մասնակցելը։ Իսկ քանի որ հիմա իրավիճակ է փոխվել, այլևս քաղաքական դաշտը հնարավոր է ձևավորել ընտրությունների միջոցով, այդ պատճառով մենք մասնակցելու ենք ընտրություններին։

– Ընտրական օրենսգրքում ի՞նչ փոփոխություններ եք Դուք ակնկալում։ Շատ քաղաքական ուժեր հենց այս ԸՕ-ն էին վտանգավոր համարում, հատկապես ռեյտինգային ընտրական համակարգը, և նշում, որ այսպիսի ԸՕ-ով չի կարելի ակնկալել նորմալ ընտրություններ։

– Առհասարակ նախորդ ռեժիմի պարագայում նորմալ ընտրություններ որևիցե Ընտրական օրենսգրքով հնարավոր չէր ակնկալել։ ԸՕ-ի բարեփոխումների անհրաժեշտություն, կարծում ենք, կա։ Ավելին, մենք ցանկություն ունենք մասնակցելու ԸՕ փոփոխությունների քննարկումներին։ Եվ այդ քննարկումների ժամանակ մեր դիրքորոշումը մանրամասն կներկայացնենք։

– Ինչպե՞ս եք գնահատում ԱԱԾ վերջին բացահայտումները՝ Մանվել Գրիգորյանի, Վաչագան Ղազարյանի և մյուսների հետ կապված։ Անսպասելի՞ էին Ձեզ համար այդ բացահայտումները։

– Բացարձակ անսպասելի չէին, և մենք պետք է սպասենք նորանոր բացահայտումների հենց այդ մարդկանց արարքների և այլ մարդկանց կողմից, ովքեր բազմաթիվ հանցագործություններ են կատարել։ Ի՞նչը պետք է զարմացներ… որ Մանվել Գրիգորյանը թալանել է զինվորի՞ ուտելիքը։ Մանվել Գրիգորյանը շատ դեպքերում զինվորի արյունն է թալանել, և Մանվել Գրիգորյանը դեռ շատ փոքր օղակ է։ Նախորդ ռեժիմը թալանել է, կեղեքել է մեր ժողովրդին, բազմաթիվ հանցագործություններ իրականացրել մարդկանց, պետության դեմ, և այստեղ որևէ զարմանալու բան չկա։ Այդ հանցագործությունները դեռ կբացահայտվեն, և զարմացողներն էլ ավելի կզարմանան։ Եվ այն մարդիկ, ովքեր չէին կարծում, որ նախորդ ռեժիմն այդչափ ստոր է, կտեսնեն ստորության սահմանը։

– Կոռուպցիայի դեմ պայքարը, որ այս կառավարության առաջնահերթությունն է, կհասնի մինչև վերին օղա՞կ։

– Իհարկե, պետք է հասնի, քանի որ ամենամեծ մեղավորները հենց ամենավերևներում են։ Եվ քանի դեռ այդ ամենավերևների կոռուպցիան չի վերացել, մեր երկիրը զարգացման ընթացք չի կարող ունենալ։ Ինչպես նախկինում դասականն էր ասում՝ ձկներին պետք է գլխից բռնել։

– «Սասնա ծռերի» անդամները հերթով դուրս են գալիս  բանտից։ Կարծո՞ւմ եք՝ նրանք բոլորը պետք է ազատության մե՞ջ հայտնվեն, թե՞, այնուամենայնիվ, հաշվի առնելով հանգամանքը, որ ոստիկաններ են մահացել, պետք է լինեն պատասխանատվություն կրողներ։

– Նրանք բոլորն անխտիր պետք է ազատության մեջ հայտնվեն։ «Սասնա ծռերն» օգտվել են ապստամբելու իրենց իրավունքից, որը իրավունք է և սահմանված է մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրով, «Սասնա ծռերի» գործողությունը ուղղակի փրկել է Արցախի կործանումը, որովհետև հենց նույն պահին Սերժ Սարգսյանը գտնվում էր Արցախում և տեղի իշխանություններին հրահանգում էր, որ նրանք պետք է տարածքներ հանձնեն, ինչը բերելու էր հակառակորդի կողմից լայնամասշտաբ հարձակման, քանի որ ադրբեջանցիները ունենալու էին ավելի լավ ռազմավարական բարձունքներ և, ոգևորված լինելով իրենց հաղթանակով, անցնելու էին լայնամասշտաբ պատերազմի։ Այս ամենը կանխվել է «Սասնա ծռերի» կողմից։ Այդ մարդիկ իրացրել են ապստամբելու իրենց իրավունքը, իսկ իրավունքների իրացման համար որևէ մեկը չի կարող պատժվել։

– Բայց չէ՞ որ կան մահացած ոստիկաններ…

– Նախ՝ ինչպես այսօր դատավարության ժամանակ դատախազության կողմից ներկայացված ապացույցները ցույց տվեցին, «Սասնա ծռերը» չեն կրակել առնվազն երկու ոստիկանների ուղղությամբ, և դրա պատասխանատուները հենց ոստիկանությունն ու նախորդ ռեժիմն են։ Իսկ եթե հարցին նայում ենք ավելի գլոբալ, ապա պետք է հասկանանք, որ զինված ապստամբությունը զինված երկու կողմերն են, որոնք կրակում են միմյանց վրա, և լինում են նաև վիրավորներ և զոհեր։ Հիշենք, որ նաև «Սասնա ծռերից» կան վիրավորներ, ովքեր ամբողջ իրենց կյանքում մնալու են հաշմանդամ։ Բայց եթե մենք վերցնենք զինված ապստամբությունների այլ օրինակներ, օրինակ՝ Ֆրանսիական մեծ հեղափոխությունը՝ հազարավոր զոհեր, Կուբայի հեղափոխությունը՝ հազարավոր զոհեր, բայց մինչև այսօր ոչ թե Կուբայում, այլ Հայաստանում երիտասարդները Չե Գևարայի պատկերը իրենց կրծքին են կրում՝ որպես ազատության մարտիկի։ Հիմա ինչ է ստացվում, մենք Կուբայի ազատության մարտիկներին փառաբանում ենք, Հայաստանի ազատության մարտիկներին դատո՞ւմ։

– Առաջիկա ընտրություններին փաստորեն պա՞րզ կդառնա, թե «Հիմնադիր խորհրդարանը» որքան համակիրներ ունի։

– Դա որոշելու է հանրությունը։ Հանրությունը ինչպես կորոշի, այդպես էլ կլինի։

– «Հիմնադիր խորհրդարանը» ըստ էության պայքարի իր մարտավարությունը փոխե՞լ է և ընտրապայքարի է մտնում ու քաղաքացիական անհնազանդության չի՞ դիմի։

– Ինչպես ես նշեցի, ապստամբությունը իրավունք է, և մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը տալիս է դրա հիմքերը։ Դրա հիմքերն են, երբ պետությունը չի պաշտպանում մարդու իրավունքները, իսկ մեր նախորդ ռեժիմը ոչ միայն չէր պաշտպանում, այլև հենց ինքն էր ոտնահարում մարդու իրավունքները։ Քանի որ մենք այսօր չունենք նման իրավիճակ, և նոր եկած ժողովրդական իշխանությունը չի ոտնահարում մարդու իրավունքները, ապա ապստամբության հիմքերը այլևս վերացած են, դրա համար նման մեթոդներով քաղաքականություն վարելու հիմք այլևս չկա։

– Ի՞նչն էր պատճառը, որ նախորդ իշխանությունը առանձնահատուկ դաժանություն էր ցուցաբերում Ձեր նկատմամբ։

Նախորդ իշխանությունները արդեն վախենում էին սեփական ստվերից և նաև վախենում էին, որ երիտասարդները կարող են որպես օրինակ տեսնել երիտասարդի, որը պայքարում է, և նրանք կարող էին նույնպես միանալ, և իրենց կարճ ուղեղով անհրաժեշտություն կար այդ երիտասարդին մեկուսացնելու՝ առանց հասկանալու, որ եթե դու մարդուն մեկուսացնում ես, հալածում ես, նա դառնում է ավելի հայտնի։ Փաստացի, սերժիկասաշիկական հիմար գործողությունների արդյունքում նրանք իրենց վնաս տվեցին։

– Տարոն Մարգարյանը, ըստ ամենայնի, հրաժարական կտա։ Վստահ եմ՝ դիտել եք նրա ունեցվածքի մասին պատմող ֆիլմը։ Ինչպե՞ս եք գնահատում։

– Տարոն Մարգարյանը ոչ միայն չպետք է լինի քաղաքապետ, այլև նրա նկատմամբ նույնպես պետք է հարուցվեն քրեական գործեր բազմամիլիոնանոց կոռուպցիոն գործարքների հիման վրա, և այդ տեսանյութը ցույց  է տալիս, որ Տարոն Մարգարյանը ունի ահռելի կուտակած գումարներ, ունեցվածք, կապիտալ, և առնվազն բոլորի համար հայտնի է, որ Տարոն Մարգարյանը նման աշխատավարձ չի ստանում։ Թե որտեղից նրան այդ կապիտալն ու գումարները՝ կարող ենք ընդամենը կռահել։

Լուսանկարը՝ Photolure-ի

 

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4