July 20, 2018

Էրդողանը՝ սուպերնախագահ. Թուրքիայի խորացող ավտորիտարիզմը

Հունիսի 24-ին Թուրքիայում արտակարգ իրավիճակի պայմաններում անցան նախագահական եւ խորհրդարանական արտահերթ ընտրությունները: ԿԸՀ հայտարարած նախնական արդյունքներով՝ Ռեջեբ Թայիփ Էրդողանը, ստանալով քվեների 52,5%-ը, վերընտրվել է Թուրքիայի նախագահի պաշտոնում: Երկրորդ տեղում Էրդողանի հիմնական մրցակից համարվող Մուհարեմ Ինջեն է՝ 30,6%-ով: Բանտից նախագահական ընտրություններին մասնակցող, քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության թեկնածու Սելահաթին Դեմիրթաշը ստացել է քվեների 8.4%-ը: «Լավ» կուսակցության թեկնածու Մերալ Աքշեների օգտին է քվեարկել 7,3%-ը, «Երջանկության» թեկնածու Թեմել Քարամոլլաօղլուն եւ «Հայրենիք»-ից Դողու Փերինչեքը միասին ստացել են 1%-ից մի փոքր ավելին:

Խորհրդարանական ընտրություններում Էրդողանի «Արդարություն եւ զարգացում» կուսակցության եւ «Ազգայնական շարժում» կուսակցության կազմած «Ժողովրդական դաշինքը» նույնպես հաղթանակ է տարել՝ ստանալով քվեների 53%-ից ավելին: Ընդդիմադիր, քեմալական Հանրապետական ժողովրդական կուսակցությունը, «Լավ» եւ «Երջանկություն» կուսակցությունները, որոնք հանդես են գալիս «Ազգային դաշինքով», ստացել են քվեների գրեթե 34%-ը, իսկ քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը՝ 11,7%-ը: Մնացած կուսակցությունները չեն հաղթահարել խորհրդարան անցնելու համար անհրաժեշտ 10%-ի շեմը:

Ուշագրավ է, որ Թուրքիայի քաղաքական տրամադրությունների հստակ տարբերություն է նկատվում՝ պայմանավորված աշխարհագրական դիրքով, եւ եթե երկրի հարավ-արեւելյան շրջանների պարագայում Դեմիրթաշի հաղթանակը բացատրվում է տեղի բնակչության ազգային պատկանելությամբ, ապա երկրի արեւմտյան մասում Ինջեի հաղթանակը գաղափարական է. նրա օգտին են քվեարկել աշխարհիկ պետության եւ եվրոպական արժեքների ջատագովները:

Նկարը՝ Անադոլու լրատվական գործակալության կայքից

Ինչեւէ, Էրդողանի ստացած 52,5%-ը հնարավորություն տվեց պայքարն ավարտել առաջին փուլով: Եթե նախագահական ընտրություններում թեկնածուներից որեւէ մեկը չստանար ձայների կեսից ավելին, հայտարարվելու էր ընտրությունների երկրորդ փուլ, որի ընթացքում Էրդողանի հակառակորդները կարող էին կոնսոլիդացվել եւ հանդես գալ միասնական ճակատով, ինչը լուրջ սպառնալիք կարող էր հանդիսանալ Էրդողանի հետագա կառավարմանը: Այդ պատճառով էլ Էրդողանը ջանք չխնայեց ամեն ինչ առաջին փուլով ավարտելու համար: Ակտիվ նախընտրական քարոզարշավից զատ, կասկածներ կան, որ նրա օգտին տեղի են ունեցել բազմաթիվ ընտրախախտումներ: Թեեւ թուրքական պետական ԶԼՄ-ների գնահատականով անցած ընտրություններն «ամենահանգիստն էին» վերջին շրջանում՝ իրականում կան բազմաթիվ հաղորդումներ զանգվածային ընտրախախտումների վերաբերյալ: Միջազգային դիտորդների դրական գնահատականն էլ պայմանավորված է նրանով, որ դիտորդները հիմնականում իրականացնում էին Անկարայի եւ Ստամբուլի ընտրատեղամասերի դիտարկումները, որտեղ, իրոք, ամեն ինչ հանգիստ է ընթացել:

Խախտումների վերաբերյալ ահազանգեր են ստացվել հիմնականում Թուրքիայի քրդաբնակ շրջաններից: Առավել հայտնի է Ուրֆայի նահանգի Սուրուչ գավառի դեպքը, երբ ոստիկանությունը կանգնեցված ավտոմեքենայից 4 պարկ քվեաթերթիկ է գտել: Ավտոմեքենայում գտնվող երեք անձինք ձերբակալվել են, ոստիկանությունը հետաքննություն է սկսել: Թուրքական ԶԼՄ-ների փոխանցմամբ, նույն գավառում ՀԺԿ-ի ներկայացուցիչը արձանագրել է, որ Սուրուչի ընտրատեղամասերում զանգվածային լցոնումներ են տեղի ունենում Էրդողանի եւ նրա կուսակցության օգտին: Սուրուչի ընտրատեղամասերից մեկում, ըստ որոշ չհաստատված տեղեկությունների, վիճաբանություն է տեղի ունեցել, որի արդյունքում կա զոհ: Այդ տեղամասի քվեատուփերն առգրավվել են ոստիկանության կողմից:

Միջազգային դիտորդները եւս անմասն չեն մնացել սկանդալներից: Թուրքիայի ներքին գործերի նախարարության հայտարարության համաձայն Աղրըում ձերբակալվել են երեք ֆրանսիացի, որոնք «փորձում էին խաբեությամբ ազդել ընտրությունների ընթացքի վրա»: Ձերբակալվածները Ֆրանսիական կոմունիստական կուսակցության պատվիրակության ներկայացուցիչներն էին, որոնք Թուրքիայում էին գտնվում դիտորդական առաքելությամբ: Թուրքական ոստիկանությունը հետաքննություն է սկսել ընդհանուր առմամբ 14 օտարերկրյա քաղաքացիների նկատմամբ: Ըստ օրինապահ մարմինների, օտարերկրացիները խաբեությամբ փորձել են միջամտել ընտրական գործընթացին՝ ներկայանալով որպես օտարերկրյա դիտորդներ:

Շատ փորձագետներ դիտարկում էին այս ընտրությունները որպես Թուրքիան ավտորիտարիզմի ճանապարհից շեղելու միջոց: Նախորդ տարվա ապրիլին հանրաքվեի արդյունքներով ընդունված նոր սահմանադրությամբ Թուրքիան խորհրդարանականից անցում էր կատարում նախագահական հանրապետության: Նոր սահմանադրության դրույթներն ամբողջովին ուժի մեջ կմտնեն Էրդողանի կողմից նախագահի պաշտոնը ստանձնելու հետ միասին: Այդ դրույթների համաձայն՝ վարչապետի լիազորություններն անցնում են նախագահին: Բացի դրանից նախագահը դատախազներ եւ Բարձրագույն դատական խորհրդի անդամներ նշանակելու, ինչպես նաեւ արտահերթ նախագահական եւ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու մասին որոշումներ կայացնելու իրավասություն է ստացել: Ըստ էության, Էրդողանն ուժեղացրել է իր իշխանությունը՝ ավելացնելով լծակները իշխանության բոլոր ճյուղերի վրա: Այդպիսով, Էրդողանի հաղթանակը ամրապնդեց խորացող ավտորիտարիզմի դիրքերը Թուրքիայում:

Վլադիմիր Մարտիրոսյան

armtimes.com

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


Add video comment
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը www.aaeurop.com-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական արտատպումը, տարածումը, կամ հեռուստառադիոընթերցումն առանց www.aaeurop-ին հղման արգելվում է:Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Կայքը պատասխանատվություն է կրում միայն «Եվրոպայի Հայերի Համագումարի » ի ստորագրությամբ նութերի, կարծիքների եւ դիրքորոշումների համար: All Rights Reserved,4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4