
FACT TV-ի ֆեյսբուքյան էջը 2017թ․-ի նոյեմբերի 1-ից մինչ 2018թ․ փետրվարի 21-ը լրագրողական հետաքննություն է անցկացրել Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ունեցվածքի, շրջապատի, ինչպես նաեւ ունեցած դղյակների վերաբերյալ:
Տեսանյութի մեջ ներկայացվում են Տարոն Մարգարյանի գործունեության եւ հարստացման հետ կապված մի շարք մանրամասներ:
Առաջին բացահայտումը կապված է Տարոն Մարգարյանի ձեռքին կապված կոկորդիլոսի կաշվից կապիչով եւ ոսկեպատ սլաքներով շվեյցարական «Զենիթ» ժամացույցի հետ, որի արժեքը 2 մլն դրամ է, նվազագույն թոշակ, կենսաթոշակ ստացող քաղաքացու ավելի քան 10 տարվա թոշակն է:
Տեսանյութում ցուցադրվում է Տարոն Մարգարյանի Ավան վարչական շրջանում գտնվող դղյակը՝ 1578.3 քառակուսի մետր ընդհանուր մակերեսով: Առանձնատունը գնահատվում է մոտ 3 մլն դոլար, ինչը Տարոն Մարգարյանի 210 տարվա աշխատավարձն է եւ, ըստ երեւույթին, Մարգարյանը պետք է ծնված լիներ 1808 թվականին, որպեսզի իր 210 տարվա աշխատավարձով կարողանար նման դղյակ կառուցել:
Ավան վարչական շրջանի Սաֆարյան փողոցում կա եւս երկու շքեղ առանձնատուն, որի սեփականատերը հանդիսանում է Տարոն Մարգարյանի մայրը` Սուսաննա Մարգարյանը. մասնագիտական գնահատմամբ այդ տարածքը գնահատվում է 4 մլն դոլար:
Սաֆարյան փողոցում գտնվող առանձնատան անմիջական հարեւանությամբ կա եւս մեկ դղյակ Տարոն Մարգարյանի մոր` Սուսաննա Մարգարյանի անունով, որպես միանձնյա սեփականություն այդ առանձնատունը Սուսաննա Մարգարյանին սկսել է պատկանել 2016 թվականի տարեվերջից: Վերոնշյալ տունը վաճառվում է եւ դրա գնին ծանոթանալու համար հետաքննող լրագրողները զանգահարելով վաճառողին՝ ճշտեցին, որ այն արժե 1 մլն 500 հազար դոլար, չնայած մասնագետների գնահատմամբ՝ հողատարածքն ու տունը ամբողջությամբ արժեն 2 մլն դոլար:
Նոր-Նորքի Գյուրջյան 11/3 հասցեում կա 8 հարկանի նորակառույց շենք, որը կադաստրում գրանցված է Վահե Բուլղադարյանի եւ Նարինե Չիլինգարյանի անունով, որպես համատեղ ձեռք բերված սեփականություն: Նարինե Չիլինգարյանը Տարոն Մարգարյանի ընկերոջ` Արմեն Երեմյանի կնոջ` Լալա Չիլինգարյանի հարազատ քույրն է:
Արմեն Երեմյանը ՀՀԿ Երեւանու ավագանու անդամ է, ում հաշվին կա խոշոր գումար, որը կապվում է Տարոն Մարգարյանի անվան հետ: Շենքի արժեքը գնահատվում է 4 մլն դոլար:
Տարոն Մարգարյանի մայրը` Սուսաննա Մարգարյանը, 620 հազար 800 քառակուսի մետր չափով պտղատու այգի ունի Բաղրամյան համայնքի Վանանդ գյուղում: Ըստ FACT TV-ի ունեցած տվյալների՝ այդ պտղատու այգիներից պտուղներ են գնում Գագիկ Ծառուկյանը եւ «Նոյան» գործարանը:
Նշվում է նաեւ, որ «Միլենա» տաքսի ծառայությունը նույնպես պատկանում է Տարոն Մարգարյանին: Ընկերության 50 տոկոսը պատկանում է Արմեն Երեմյանին, իսկ մնացած 50 տոկոսը պատկանում է Գեորգի Համբարձումյանին, ով նույնպես Տարոն Մարգարյանի ընկերներից է:
Ըստ տաքսի ծառայության վարորդների՝ Գարեգին Նժդեհի 7 հասցեում գտնվող կայանում կա 60 հատ ավտոմեքենա՝ 40 հատ «Toyota Corolla» եւ 20 հատ «Hyundai Accent» մակնիշի, որը ձեռք է բերվել անմիջապես սրահից: Մնացած կայաններում առնվազն 150 հատ «Opel» մակնիշի ավտոմեքենա կա: Եւ հարց է առաջանում, թե ինչպե՞ս է ամբողջ տարվա ընթացքում 660 հազար դրամ աշխատավարձ ստացող Արմեն Երեմյանը տիրապետում մոտ 1 մլն դոլար արժեցող ավտոպարկի կեսին:
Իսկ «Զեթ ընդ զեթ» տաքսի ծառայության 50 տոկոսը պատկանում է Տարոն Մարգարյանին: 5 եւ 32 համարի երթուղային գծերը սպասարկում են «Տարոն եւ Ռոբերտ» ՍՊԸ-ին: Ռոբերտ Սարգսյանը Տարոն Մարգարյանի աներորդին է, ով ՍՊԸ-ն հիմնել է եւ մի քանի տարի հետո այն փոխանցել է Տարոն Մարգարյանին:
Օդանավակայանում գործող «Airport» տաքսի ծառայությունը սպասարկող ՍՊԸ-ն պատկանում է Սուրեն Երեմյանին` Արմեն Երեմյանի հարազատ եղբորը (շուրջ 400 հազար դոլարի «Toyota Corolla» մակնիշի նոր ավտոմեքենաներ են):
Երեւան քաղաքի Սաֆարյան 11/12 հասցեում տեղակայված տարածքում կա հյուրանոց, ընդհանուր մակերեսը՝ 1504 քառակուսի մետր: Ըստ կադաստրի տվյալների՝ այն գրանցված է Ալեքսան Հարությունյանի անվամբ, որն էլ այն անհատույց տրամադրել է Սուրեն Երեմյանին: Հյուրանոցի շուկայական գինը գնահատվում է 1.2 մլն դոլար:
Վարդանանց 73 հասցեում գտնվող «Շին պլազա» եռահարկ առեւտրի սրահը գրանցված է «Սուր Արթուր» ՍՊԸ-ի հաշվեկշռին: Այն պատկանում է Արթուր Սուրենյանին: Նա Տարոն Մարգարյանի հորաքրոջ որդին է: 1900 քառակուսի մետր մակերեսով եռահարկ առեւտրի սրահի շուկայական արժեքը մոտ 2 մլն դոլար է:
Ջերմուկ քաղաքում Տարոն Մարգարյանը, որպես միանձնյա սեփականություն ամառանոց է հայտարարագրել: Ընդհանուր մակերեսը 258.5 քառակուսի մետր է: Երեւանի կենդանաբանական այգու առյուծների ազատավանդակի կառուցման նպատակով Երեւանի քաղաքապետարանը հատկացրել է շուրջ 404 մլն 855 հազար դրամ: Կենդանաբանական այգու փոխտնօրենը Տարոն Մարգարյանի սանիկ Արման Մակարյանն է:
այգու փոխտնօրենը Տարոն Մարգարյանի սանիկ Արման Մակարյանն է:
Leave a Reply