September 25, 2018

Թուրքիայի խորհրդարանը երկու հայ պատգամավոր կունենա. Գարո Փայլանն ու Մարգար Եսայանը մեջլիսում են

Թուրքիայի խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքներով մեջլիսում 2 հայ պատգամավոր կլինի:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, նոր մեջլիսում կլինեն քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության կողմից Դիարբեքիրում առաջադրված հայազգի Գարո Փայլանը և իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության կողմից Ստամբուլի 2-րդ ընտրատեղամասում առաջադրված Մարգար Եսայանը:

2015 թվականի նոյեմբերի խորհրդարանական ընտրություններից հետո Թուրքիայի մեջլիսում 3 հայ պատգամավոր կար` Գարո Փայլանը, Մարգար Եսայանը և քեմալական Հանրապետական ժողովրդական կուսակցության անդամ Սելինա Դողանը: Վերջինիս թեկնածությունն այս ընտրություններում կուսակցությունը չի առաջադրել:

Իր պատգամավորական գործունեության ժամանակ Գարո Փայլանը մշտապես բարձրաձայնել է հայ համայնքին հուզող հարցերը: Նա աչքի է ընկել Թուրքիայի մեջլիսում իր համարձակ ելույթներով, որոնցում բազմիցս բարձրաձայնել է Հայոց ցեղասպանության մասին՝ կոչ անելով իշխանություններին առերեսվել սեփական պատմությանն ու ընդունել սեփական հանցանքը:

Պատգամավորն անգամ համապատասխան առաջարկ էր ներկայացրել, որով նախատեսվում էր 1915 թվականի դեպքերը պաշտոնապես ճանաչել որպես ցեղասպանություն: Առաջարկը մերժվել էր: Նա նաև պարբերաբար բարձրաձայնել է պոլսահայ համայնքին հուզող հարցերը, մասնավորապես Պոլսո Հայոց պատրիարք ընտրելու անհրաժեշտության հարցը:  Խորհրդարանի ամբիոնից ցեղասպանության մասին խոսելու համար նա անգամենթարկվել է կարգապահական տույժի: Բացի այդ, օրերս հայտնի դարձավ, որ նրա դեմ քրեական օրենսգրքի տխրահռչակ 301-րդ հոդվածով հետաքննություն է սկսվել: Հետաքննության շրջանակում կազմվել է նրան անձեռնմխելիությունից զրկելու պահանջագիր: 

Ի տարբերություն Փայլանի` Եսայանը հայտնի է իշխանական շրջանակների հետ սերտ հարաբերություններով: 2015-ին ընտրվելուց ի վեր նա որևէ հայամետ նախաձեռնությամբ աչքի չի ընկել: Ավելին, 2016 թվականի հունիսին Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովում նա Թուրքիայի պատվիրակության կազմում կողմ էր քվեարկել բրիտանացի խորհրդարանական Ռոբերտ Ուոլթերի հակահայկական «Բռնության աճը Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի մյուս օկուպացված տարածքներում» զեկույցին, որը ԵԽԽՎ-ում տապալվել էր: 

Այս ընտրություններում առաջադրված հայազգի երկու թեկնածուներ` Լուդմիլա Բյույումը (Ժողովուրդների դեմոկրատական կուսակցություն) և Էլմաս Կիրակոսը («Լավ» կուսակցություն) նախնական արդյունքներով մեջլիսում չեն լինի: 

Թուրքիայի խորհրդարանական ընտրությունների քվեաթերթիկների 92 տոկոսի հաշվարկի արդյունքներով` իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը մեջլիսում կունենա 295, Հանրապետական ժողովրդական կուսակցությունը` 146, «Ազգայնական շարժում» կուսակցությունը` 49, քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը` 66, «Լավ» կուսակցությունը` 44 պատգամավորական մանդատ:

tert.am

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


Add video comment
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը www.aaeurop.com-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական արտատպումը, տարածումը, կամ հեռուստառադիոընթերցումն առանց www.aaeurop-ին հղման արգելվում է:Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Կայքը պատասխանատվություն է կրում միայն «Եվրոպայի Հայերի Համագումարի » ի ստորագրությամբ նութերի, կարծիքների եւ դիրքորոշումների համար: All Rights Reserved,4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4