Rss Feed
Tweeter button
Facebook button
Technorati button
Reddit button
Myspace button
Linkedin button
Webonews button
Delicious button
Digg button
Flickr button
Stumbleupon button
Newsvine button
Youtube button
December 16, 2018

Սերժ Սարգսյանի եղբոր և եղբորորդու ընկերությունը պետությանը 300 միլիոն դրամի վնաս է պատճառել

Նախկին նախագահ և վարչապետ Սերժ Սարգսյանի եղբոր և եղբորորդու ընկերությունը պետությանը 300 միլիոն դրամի վնաս է պատճառել։ Սա պետական եկամուտների կոմիտեի նոր բացահայտումն է։

Սարգսյան ընտանիքին պատկանող «ՋԼՋ Պրոյեկտ Քոմփանի» ՍՊԸ-ն կանխամտածված անվճարունակության հատկանիշներ ստեղծելու և հարկն առանձնապես խոշոր չափերով չվճարելու նպատակով՝ օրենքով սահմանված հաշվարկներում ակնհայտ կեղծ տվյալներ է մտցրել, որոնց առթիվ ՊԵԿ քննչական վարչությունում մայիսի 2-ին և հունիսի 18-ին քրեական գործ է հարուցվել։

Պետական եկամուտների կոմիտեն այդ քրեական գործերի նախաքննությամբ պարզել է, որ ընկերությունը Երևանի Բյուզանդի 3 հասցեում իրականացրել է բազմաֆունկցիոնալ շենքի կառուցապատում և 2013-2017 թվականներին պետբյուջե է վճարել ընդամենը 3 միլիոն 527 հազար դրամ գումար, այն դեպքում, երբ պետությանը պետք է վճարեր մոտ 147 միլիոն դրամի հարկային պարտավորություն։ Ընկերությունը այդ գումարը չի վճարել պետբյուջը և ինքն իրեն տարել է սնանկացման:

Բացի այդ, պետեկամուտների կոմիտեն պարզել է, որ  «ՋԼՋ Պրոյեկտ Քոմփանի»-ն իր գործունեության մասին հարկային մարմիններին 2016թ. առաջին եռամսյակի վերաբերյալ ներկայացրած ավելացված արժեքի հարկի հաշվարկում շուրջ 140 միլիոն դրամի գումար է թաքցրել:

ՊԵԿ-ն այս պահին հստակեցնում է ընկերության՝ պետությանը պատճառված 300 միլիոն դրամի վնասը, ինչպես նաև պարզում լրացուցիչ հարկային պարտավորությունների չափը՝ իրականացնելով  քննչական և դատավարական գործողություններ:

Բարեգործական հիմնադրամից՝ բիզնես գործունեություն

«ՋԼՋ Պրոյեկտ Քոմփանի»-ն հիմնադրվել է 2010 թվականի հուլիսի 20-ին։ Դրա 40 տոկոս բաժնետերը «Փյունիկ» բարեգործական հիմնադրամն է, որի հոգաբարձուների խորհուրդի անդամը Սերժ Սարգսյանի եղբայրն է՝ Լևոն Սարգսյանը, իսկ ընկերության  20 տոկոսի սեփականատերը Լ․Սարգսյանի որդին է՝ Նարեկ Սարգսյանը։

«ՋԼՋ Պրոյեկտ Քոմփանի»-ի մյուս՝ 20 տոկոսի, սեփականատերը «Փյունիկ» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի մեկ այլ անդամ է՝ Գաբրիել Ջեմբերջյանը(Կաբրիել Ղենբերջի), իսկ ընկերության մնացած 20 տոկոսը պատկանում է Լիլիթ Բագրատյանին, ով ընկերության հիմնադիր Գոռ Առաքելյանի մայրն է։

Ընկերությունը այս պահին սնանկացման գործնթացում է։ Այն սնանկության հայտ է ներկայացրել 2016 թվականի նոյեմբերի 1-ին։

ՊԵԿ-ի քննչական վարչության քննիչների և օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցները 10 հասցեներում, այդ թվում՝ «ՋԼՋ Պրոյեկտ Քոմփանի» ընկերության հիմնադիրների բնակարաններում և «Փյունիկ» բարեգործական հիմնադրամի գրասենյակում կատարել է խուզարկություններ, որից արդյունքների մասին կոմիտեից տվյալներ չեն հաղորդել։

ՊԵԿ մեկ այլ բացահայտումը վերաբերում է ընկերության ամենամեծ բաժնետերի՝ «Փյունիկ» բարեգործական հիմնադրամին, որի իրավաբանական հասցեն Երևանի Երվանդ Քոչարի պողոտան է՝ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցին, որտեղ ընկերությունը գործունեություն չի իրականացրել, այլ ունեցել է գործունեության այլ հասցե։

«ՋԼՋ Պրոյեկտ Քոմփանի»-ին ընկերությունը հարկային պարտավորությունները թաքցրել է Բուզանդ 3 հասցեում գտնվող շենքը կատուցելիս: Այդ հասցեում է գտնվում «Ռոյալ Կլասիկ Հաուզ» բնակելի և բիզնես համալիրը։

«Ռոյալ Կլասիկ Հաուզ» բնակելի և բիզնես համալիրի ընդհանուր մակերեսը 9000 քառակուսի մետր է: Համալիրը 9 վերգետնյա և 2 ստորգետնյա հարկերից բաղկացած շինություն է՝ կազմված բնակելի հատվածից, բիզնես կենտրոնից, փենթհաուսից, կոմերցիոն նշանակության տարածքներից և ստորգետնյա ավտոկայանատեղերից:

Համալիրի ճարտարապետը քաղաքաշինության պետական կոմիտեի նախկին նախագահ Նարեկ Սարգսյանն է։

Սերժ Սարգսյանը պարգևատրել է եղբոր գործընկերոջը

Սերժ Սարգսյանը երկու անգամ պարգրևատրել է Կաբրիել Ղենբերջին, ով, մամուլի հրապարակումների համաձայն, Սիրիայից է։

Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի տվյալներով՝ Ղենբերջին այս պահին գրանցված է Երևանի Բաղյան փողոցում՝ Լիլիթ Բագրատյանի գրանցման հասցեում։

Սերժ Սարգսյանի որոշմամբ 2008 թվականի սեպտեմբերի 18-ին Կաբրիել Ղենբերջը պարգևատրվել է Մովսես Խորենացի մեդալով է՝ Հայաստանի անկախության հռչակման 17-րդ տարեդարձի կապակցությամբ՝ գիտության, կրթության եւ մշակույթի բնագավառներում ցուցաբերած աջակցության համար։ Իսկ 2012 թվականի մայիսի 16-ին նախագահը  «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամներին, տեղական մարմինների ատենապետներին և գործադիր վարչության աշխատակիցներին հիմնադրամի 20-ամյակի կախակցությամբ պարգևատրել է հուշամեդալով, որոնց մեջ է եղել նաև Կաբրիել Ղենբերջը։

Սերժ Սարգսյանը 2016 թվականի մարտի 22-ին «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով պարգևատրել էր նաև եղբորը՝ Լևոն Սարգսյանին։

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


Add video comment
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը www.aaeurop.com-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական արտատպումը, տարածումը, կամ հեռուստառադիոընթերցումն առանց www.aaeurop-ին հղման արգելվում է:Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Կայքը պատասխանատվություն է կրում միայն «Եվրոպայի Հայերի Համագումարի » ի ստորագրությամբ նութերի, կարծիքների եւ դիրքորոշումների համար: All Rights Reserved,4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4