September 25, 2023

Զոհրաբ Մնացականյանի մամուլի հայտարարությունը Հայաստան-Եվրամիություն գործընկերության խորհրդի առաջին նիստի արդյունքներով

Բարձր ներկայացուցիչ Մոգերինի,

Շնորհակալություն ջերմ ընդունելության համար: Սա հիրավի շատ խորհրդանշական և կարևոր ժամանակաշրջան է մեր հարաբերություններում․ մենք հավաքվել ենք Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) ստորագրումից հետո առաջին Գործընկերության խորհրդի նիստը գումարելու համար: Սա տեղի է ունենում նաև մի ժամանակահատվածում, որը հաջորդում է Հայաստանում տեղի ունեցած կարևոր զարգացումներին:

Մենք վերահաստատեցինք և ընդգծեցինք այն կարևոր և հիմնարար մանդատը, որը կառավարությունը ստացել է ժողովրդից, Հայաստանի հանրությունից՝ ամրապնդելու սահմանադրական կարգի սկզբունքները, օրենքի գերակայությունը, ժողովրդավարական սկզբունքները, իրավունքների պաշտպանությունը և խրախուսումը՝ հանուն երկրում բոլոր ուղղություններով արդարության և հավասար հնարավորությունների ապահովման: Կառավարությունը հաստատակամ է և շատ վճռական՝ առաջ տանելու ժողովրդի կողմից ստացված այս մանդատը և կյանքի կոչելու հասարակության ակնկալիքները։ Ես նաև շնորհակալ եմ Ձեզ այդ օրակարգն խրախուսելու ուղղությամբ Եվրոպական միության աջակցության համար, մեզ հետ աշխատելու պատրաստակամության համար։ Դուք հանդիսանում եք Հայաստանի կարևոր գործընկերն այս հարցերում։ Մենք ակնկալում ենք սա առաջ տանել և արտացոլել այն Եվրոպական միության աջակցությունում։

Քանի որ առաջին Գործընկերության խորհուրդը տեղի է ունենում Հայաստան-Եվրամիություն համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի միջանկյալ կիրարկումից հետո, ակնհայտորեն, մեր քննարկումների կենտրոնում էր համաձայնագրի իրականացումը։ Մեզ համար դա հիմնարար համաձայնագիր է, որը ոչ միայն հանդիսանում է հարաբերությունների իրավական հենքը, այլև կարևոր գործիք է Հայաստանի համար խրախուսելու բարեփոխումները և գործընկերությունը, որը հիմնված է մեր ընդհանուր արժեհամակարգի վրա։ Մենք կենտրոնացած ենք Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի իրականացման հստակ ուղղությունների, դրա ոլորտային գործընկերության վրա այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են առևտուրը, էներգետիկան, տրանսպորտը, հաղորդակցությունը և այլն։ Մենք խոսել ենք ՀԸԳՀ հետագա իրականացման ուղեցույցի մշակման մասին։ Ես արդեն իսկ նշել եմ, որ Հայաստանի խորհրդարանի կողմից համաձայնագրի վավերացումից հետո ՀԸԳՀ-ն մտել է միջանկյալ կիրարկման փուլ։ Մենք ակնկալում ենք և խրախուսում մեր գործընկերներին, ԵՄ անդամ պետություններին արագացնելու վավերացման գործընթացը իրենց խորհրդարաններում։

Մենք քննարկեցինք Հայաստան-Եվրամիություն գործընկերության առաջնահերթությունները։ Մենք նաև տեղեկացրեցինք Եվրամիության մեր գործընկերներին, որ վերակազմավորում ենք Միջգերատեսչական հանձնաժողովը, որին հանձնարարվել է համակարգել և վերահսկել ՀԸԳՀ իրականացման ուղղությամբ մեր գործողությունները, մեր ներքին գործողությունները։ Ընդգծեցինք մեր հանձնառությունն ակտիվորեն աշխատելու Արևելյան գործընկերության շրջանակներում։ Մենք կարևորում ենք Արևելյան գործընկերության 20 արդյունք մինչև 2020 թվականը։ Մենք տեղեկատվություն փոխանակեցին այս ուղղությամբ արդեն իսկ ձեռնարկված քայլերի վերաբերյալ։ Մեր համոզմունքն է, որ այս թիրախավորված գործողությունները կարող են նպաստել տարածաշրջանային համախմբմանը, համագործակցությանը և երկխոսությանը ոչ միայն ԵՄ և Արևելյան հարևանության հետ, ինչպես նաև հենց գործընկերների միջև։

Մենք նաև մտքեր փոխանակեցինք մուտքի արտոնագրերի ռեժիմի ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկի վերաբերյալ: Դա Արևելյան գործընկերության Ռիգայի գագաթաժողովի կարևոր հանձնառություններից է: Մենք հաստատուն ենք եղել մեր գործողություններում` քայլեր ձեռնարկելով մուտքի արտոնագրերի դյուրացման և հետընդունման համաձայնագրի ուղղությամբ։ Եվ ակնկալում ենք առաջ մղել այս օրակարգը և պնդում ենք, որ մեզ գնահատեն մեր իսկ արժանիքներից ելնելով։ Մենք նաև շեշտում ենք, որ մուտքի արտոնագրերի ազատականացումն առնվազն կարևոր է բազմաթիվ իմաստներով, և թերևս առավել կարևոր է մարդկանց միջև անմիջական շփումը, հանրության միջև փոխգործակցության խթանումը։ Այն լավ միջոց է Եվրոպական միության հետ մեր հարաբերությունները հիմնովին ամրապնդելու համար։

Մենք մտքեր փոխանակեցինք միջազգային օրակարգի տարբեր հարցերի շուրջ։ Բարձր հանձնակատար տիկին Մոգերինին արդեն իսկ ընդգծեց այն ոլորտները, որտեղ մենք ունենք ամուր համագործակցություն, մենք համակարծիք ենք և միասին աշխատում ենք համաշխարհային օրակարգի տարբեր հարցերի շուրջ։ Ի թիվս այլոց, իհարկե, քննարկել ենք Սիրիայի հարցը, Իրանի միջուկային ծրագրի շուրջ զարգացումները։

Անշուշտ մենք նաև քննարկել ենք ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորումը։ Մենք վերահաստատել ենք Հայաստանի կառավարության դիրքորոշումն այս հարցում, դրա հստակ հանձնառությունը հակամարտության խաղաղ կարգավորմանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության միջազգայնորեն համաձայնեցված ձևաչափի շրջանակներում։ Եվս մեկ անգամ հատուկ ընդգծում եմ այն կարևորությունը, որ մենք տալիս ենք խաղաղությանը նպաստող միջավայրի ստեղծմանը։ Եվ մենք նաև հենվում ենք Եվրոպական միությունում մեր գործընկերների վրա, անդամ պետությունների վրա՝ ներդրում կատարել խաղաղությանը նպաստող միջավայրի ձևավորման և ձեռնարկել այնպիսի քայլեր, որոնք չեն տանում հակառակ ուղղությամբ։ Այս համատեքստում ևս մեկ անգամ ցանկանում եմ ողջունել և մեր խորը երախտագիտությունը հայտնել ԵՄ հաստատակամ և ուժեղ աջակցությանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում խաղաղ գործընթացին։

Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել մեզ այսօր հյուրընկալելու համար, խորհրդի առաջին հանդիպումը կազմակերպելու համար։ Մենք օրինակելի համատեղ օրակարգ ունենք։ Մենք հնարավորություն ենք ունեցել կարճ հանդիպում անցկացնել Նյու Յորք Ձեր այցելության ժամանակ, երբ մասնակցում էիք Անվտանգության խորհրդի նիստին, սակայն սա առաջին անգամ է, որ հնարավորություն ընձեռնվեց հանդիպել Ձեզ հետ այս նոր կարգավիճակում։ Իրապես շնորհակալ եմ, ինձ շատ հարմար և վստահ եմ զգում։ Շնորհակալություն այն ողջ բարեկամության և գործընկերության համար, որ մեզ հետ այդքան առատաձեռնորեն կիսում եք։

Եվս մեկ անգամ ակնկալում եմ Ձեզ հետ շարունակական աշխատանք, համագործակցություն և շարունակական ներգրավվածություն։ Մենք հետաքրքիր և կարևոր օրակարգ ինչպես Հայաստանի և Եվրամիության, այնպես էլ վերջինիս անդամ պետությունների հետ հարաբերություններին, ինչը վերաբերում է նաև միջազգային օրակարգին։

Այն, թե ինչպես կարողացանք անցկացնել այսօրվա հանդիպումը, որն ավարտեցինք նախատեսվածից շուտ, նույնպես վկայում է, որ մենք կարող ենք շատ արդյունավետ և կառուցողական աշխատել։ Ցանկանում եմ, որ այս ոգին պահպանվի, և կարծում եմ, որ միասին գերազանց աշխատանք ունենք անելու։

Շնորհակալություն։

hetq.am

 

Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Ֆեդերիկա Մոգերինիին

 

16:05, 21 հունիսի, 2018
Հունիսի 21-ին աշխատանքային այցով Բրյուսելում գտնվող Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպում է ունեցել Եվրոպական Միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինիի հետ: Այս մասին հայտնում է ԱԳ նախարարության պաշտոնական կայքը:

Ողջունելով Զոհրաբ Մնացականյանին՝ ԵՄ Բարձր ներկայացուցիչը նշել է, որ հանդիպումը տեղի է ունենում ճիշտ ժամանակին՝ հնարավորություն ընձեռելով առաջին ձեռքից ծանոթանալու Հայաստանում ընթացող գործընթացներին, մտքեր փոխանակելու տարբեր հարցերի շուրջ դիրքորոշումների և մոտեցումների, առաջին հերթին` Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների հետագա զարգացման շուրջ։

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ նախարար Մնացականյանը կարևորել է Եվրոպական միության հետ ձևավորված սերտ գործընկերային համագործակցությունը և վերահաստատեց այն առավել ամրապնդելու Հայաստանի հանձնառությունը, ինչն ամրագրված է կառավարության ծրագրում։ Արտգործնախարարը գոհունակությամբ արձանագրել է, որ Հայաստանի համար այս նշանակալի ժամանակահատվածում Գործընկերության խորհրդի նիստի գումարումը հնարավորություն է ընձեռում անմիջական մտքերի փոխանակում ծավալել Հայաստան-Եվրամիություն համագործակցության լայն օրակարգի շուրջ։ Նա նաև ընդգծել է, որ սա առաջին հանդիպումն է, որը Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրումից հետո հանգամանալից անդրադարձ է կատարելու դրա դրույթների իրագործմանը։

Ըստ պաշտոնական տեղեկության՝ նախարար Մնացականյանը հանգամանալից ներկայացրել է Հայաստանում տեղի ունեցած վերջին զարգացումները, կառավարության արտաքին քաղաքական գերակայությունները, որոնց հիմքում ընկած է շարունակականության սկզբունքը՝ ուղղված Հայաստանի ազգային շահի պաշտպանությանը։ ԱԳ նախարարը նշել է, որ ժողովրդի ուժեղ մանդատը վայելող նոր կառավարությունն իր գործողություններով ցուցաբերել է մեծ կամք ու պատասխանատվություն՝ կյանքի կոչելու հասարակության բարձր ակնկալիքներն՝ արդարադատության, օրենքի գերակայության, տնտեսական, սոցիալական և այլ ոլորտներում հավասար իրավունքների ապահովման ուղղությամբ՝ վճռականորեն արձագանքելու կառուպցիայի սպառնալիքներին և մարտահրավերներին։ ԱԳ նախարարն ընդգծել է, որ Հայաստանի նոր կառավարության այդ վճռականությունն աներեր է ու ապացուցվում է գործով։

Այս համատեքստում ԵՄ բարձր հանձնակատարը ողջունել է Հայաստանում տեղի ունեցած փոփոխությունների խաղաղ բնույթը՝ Սահմանադրության և օրենքների շրջանակներում՝ միաժամանակ վերահաստատելով ԵՄ պատրաստակամությունն աջակցելու Հայաստանում ընթացող բարեփոխումների գործընթացին։ Այս առնչությամբ նախարար Մնացականյանը կարևորել է Հայաստանի համագործակցությունը գործընկերների հետ՝ ներառյալ Եվրոպական միության՝ կառավարության բարեփոխումներին ուղղված գործողություններն արդյունավետորեն իրականացնելու ուղղությամբ։

ԱԳ նախարար Մնացականյանը և Բարձր հանձնակատար Մոգերինին վերահաստատել են երկկողմ պատրաստակամությունը՝ ամրապնդելու և ընդլայնելու համապարփակ փոխգործակցությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում՝ ընդգծելով, որ այս ուղղությամբ առաջնահերթությունները համընկնում են:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստան – Եվրոպական միություն համագործակցությանն առնչվող հարցերի՝ քաղաքական երկխոսության, առևտրատնտեսական կապերի, շարժունակության, մարդու իրավունքների, ԵՄ տարբեր ոլորտային ծրագրերին Հայաստանի մասնակցության շուրջ։

ԱԳ նախարարը և ԵՄ բարձր ներկայացուցիչը մտքեր են փոխանակել տարածաշրջանային և միջազգային մարտահրավերների ու խնդիրների շուրջ՝ հատուկ շեշտելով այն հարցերը, որոնք առանցքային նշանակություն ունեն Հայաստանի անվտանգության օրակարգում։ Զրուցակիցներն անդրադարձել են համագործակցության այն ոլորտներին, որոնք հնարավորություն կընձեռնեն համատեղ աշխատել այդ մարտահրավերներին արձագանքելու ուղղությամբ։

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը Ֆեդերիկա Մոգերինիին է ներկայացրել ղարաբաղյան հիմնախնդրի հանգուցալուծման գործընթացում հայկական կողմի դիրքորոշումն ու առաջնայնությունները՝ այս համատեքստում վերահաստատելով Հայաստանի կառավարության ծրագրում ամրագրված դրույթները, մասնավորապես՝ Հայաստանի հանձնառությունը ղարաբաղյան հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորմանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում։ Բանակցային գործընթացի առաջմղման համատեքստում ԱԳ նախարարն ընդգծեց խաղաղությանը նպաստող մթնոլորտի և նախկինում ձեռք բերված համաձայնությունների իրականացման կարևորությունը։

Ֆեդերիկա Մոգերինին վերահաստատել է ԵՄ աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից հիմնահարցի խաղաղ հանգուցալուծման ուղղությամբ գործադրվող ջանքերին։

 

 

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4