July 20, 2018

Ինձ հաճախ են ասում՝ «Շատ ձայն մի հանիր, գլխիդ մի բան կգա», բայց 1915-ին այդ ամենը մեր գլխին եկավ մեր լռելու պատճառով․ Փայլան

Թուրքիայի քրդամետ Ժողովրդադեմոկրատական կուսակցության անդամ, պատգամավորի հայազգի թեկնածու Կարո Փայլանը հարցազրույց է տվել Ստամբուլի հայկական պարբերականներից «Ակօս»-ին՝ խոսելով այս անգամ Դիարբեքիրից որպես պատգամավորի թեկնածու առաջադրվելու, Արևմտյան Հայաստանի տարածքում իր անելիքների ու Թուրքիայի հայ համայնքի ներկայիս բարոյահոգեբանական վիճակի մասին։

«Ես մալաթիացի եմ, մենք մեծացել ենք Մալաթիայի մասին հուշերով։ Ես մի ընտանիքի զավակ եմ, որը ստիպված եղավ Ստամբուլում ապաստանել։ Հայերի, հույների մեծ մասն այսօր ապրում է Ստամբուլում, սակայն մենք Անատոլիայի հետ կապված պատմություն ունենք։ Պատմություն, որը հիմա կորցնում ենք։ Իմ նպատակն է հիշել ու հիշեցնել այդ պատմության մասին», – նշում է Փայլանը՝ բացատրելով, թե ինչու է այս անգամ պատգամավորի թեկնածու առաջադրվել հենց Դիարբեքիրից, այլ ոչ Ստամբուլից։

Ըստ նրա՝ Թուրքիայի հայերը, որոնք սկսեցին իրենց մասին բարձրաձայնել հատկապես հայտնի լրագրող Հրանտ Դինքի մահից հետո, այսօր կրկին վերապրում են դեպի լռություն տանող նոր վախի մթնոլորտ։

«Իշխանության ստեղծած վախի մթնոլորտից ամենաշատը փոքրամասնություններն են տուժում։ Հայ համայնքն էլ սկսել է գնալ դեպի լռակյացություն՝ անցյալի խորը տրավմաների պատճառով։ Մեր երիտասարդները սկսել են մտածել, որ այս երկրում գուցեև ապագա չունենանք։ Այս ամենը կանխելու միակ ճանապարհը ժողովրդավարացումն է, ու դա ոչ միայն հայերի, այլև ամբողջ հասարակության խնդիրն է։ Եթե այդ հարցում հաջողենք՝ հայերն էլ կարող են երազանքներ կառուցել կրկին այս հողերում ապրելու մասին»,- ասել է հայազգի գործիչը։

Փայլանը համոզված է, որ լռելն այս դեպքում ո՛չ կլուծի առկա խնդիրները, ո՛չ էլ ապահովության երաշխիք կտա հայերին։

«Ինձ հաճախ են ասում՝ «Շատ ձայն մի հանիր, գլխիդ մի բան կգա»։ Ես էլ ասում եմ՝ լռելը ապահովության մեջ լինելը չէ։ Երանի իմ լռելով բոլոր հարցերը լուծվեին։ Մինչդեռ իրականում ընդհակառակն է․ եթե ձեր հանդեպ անարդարություն է իրագործվում՝ ձայնդ լսելի դարձնելն ամենաապահով կետն է։ Որքան ուզում եք լռեք, փակվեք ձեր տներում՝ սադրանքը էլի կլինի։ 1915-ին, 1955-ի սեպտեմբերի 6-7-ին այս ամենը մեր գլխին եկավ մեր լռելու պատճառով։ Դրանք մեզ հետ պատահեցին միայն այն բանի համար, որ մենք հայ էինք, հույն էինք։ Եթե դուք իրավացի կողմն եք՝ պետք է լսելի դարձնեք ձեր ձայնը։ Ես շարունակելու եմ դա անել», – ասել է Փայլանը։

Նա անդրադարձել է նաև Պոլսո Հայոց պատրիարքի՝ այդպես էլ չկազմակերպված ընտրություններին ու պատմել թեմայի շուրջ իր ու Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմի հանդիպման մասին։

«Որոշ ժամանակ առաջ խոսեցինք վարչապետի հետ։ Նախարարներն էլ կողքին էին։ Եթե ուզում եք հասկանալ մի երկրում ժողովրդավարություն իսկապես կա, թե ոչ՝ նայեք այդ երկրի փոքրամասնությունների վիճակին։ Ես ասացի վարչապետին․ «Երկրում ապրող փոքրամասնության համայնքին թույլ չեք տալիս հոգևոր առաջնորդ ընտրել, այս ամենն իր հետևանքներն ունի։ Ձեզ ո՞րն է ավելի ձեռնտու․ ընտրություն անցկացրած, ուժեղացած հայ համա՞յնք, թե՞ մի համայնք, ում դուք թույլ չտվեցիք մի պատրիարք ընտրել»։ Ասաց՝ «Ճիշտ ես, առաջինը»։ Նախարարներն էլ են մեզ հետ համամիտ։ Հետո կրկին մի ապակե պատ է առաջ բերվում։ Որոշ բյուրոկրատներ ասում էին՝ «Հունաստանն արևմտյան Թրակիայում չի թողնում մահմեդականները հոգևոր առաջնորդ ընտրեն, մենք էլ այսպես պետք է անենք»։ Կարևոր է այդ ապակե պատը կոտրելը», – նշել է հայազգի պատգամավորը՝ անդրադառնալով նաև Դիարբեքիրի Սուրբ Կիրակոս եկեղեցուն ու դրա վիճակին։

Ըստ Փայլանի՝ եկեղեցին վնասվել է ոչ թե 2015-ի ռազմական գործողությունների ժամանակ, այլ դիտավորյալ ավերվել է դրանից հետո։

«Սուրբ Կիրակոսը շրջափակման մեջ է։ Ցանկացա գնալ, տեսնել։ Դիարբեքիրի նահանգապետը իմ զանգերին չի պատասխանում։ Եկեղեցին պետք է պահպանության տակ առնվի, Սուրում շարունակվում է բուլդոզերներով ավերը։ Այս մեծագույն անարգանքին վերջ պետք է դրվի։ Անատոլիայի ամեն անկյունում եկեղեցու ավերակներ կան։ Սա դրանք ոտքի կանգնեցնելու մեր վերջին հնարավորությունն է, 20 տարի անց դա այլևս անհնարին կլինի», – նշել է Փայլանը։

tert.am

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


Add video comment
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը www.aaeurop.com-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական արտատպումը, տարածումը, կամ հեռուստառադիոընթերցումն առանց www.aaeurop-ին հղման արգելվում է:Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Կայքը պատասխանատվություն է կրում միայն «Եվրոպայի Հայերի Համագումարի » ի ստորագրությամբ նութերի, կարծիքների եւ դիրքորոշումների համար: All Rights Reserved,4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4