January 28, 2022

Վճռաբեկ դատարանը կալանքից ազատ արձակեց Սամվել Բաբայանին

12:45

Վճռաբեկ դատարանը կալանքից ազատ արձակեց Սամվել Բաբայանին:

Վճռաբեկ դատարանը փոխեց «Իգլա»-ի և «փողերի լվացման» գործով առաջին ատյանի դատարանի կողմից 6 տարի ազատազրկման դատապարտված Սամվել Բաբայանի խափանման միջոց կալանավորումը։

Վճռաբեկ դատարանը նման որոշման համար հիմք ընդունեց ԱԺ 11 պատգամավորի անձնական երաշխավորությունները։ Դատարանի՝ Սամվել Բաբայանին ազատ արձակելու որոշումը կիրագործվի,երբ դատարան ներկայացվի 11 պատգամավորից յուրաքանչյուրի կողմից 500 հազարական դրամ գրավի անդորրագրերը։

Անդորրագրերը ներկայացնելուց հետո Սամվել Բաբայանն ազատ կարձակվի Ազգային անվտանգության ծառայության մեկուսարանից։

Երաշխավորագիր ներկայացրած պատգամավորներ են՝  Նաիրա Զոհրաբյանը, Արամ Սարգսյանը, Վահան Կարապետյանը, Հրանտ Մադաթյանը, Սերգեյ Բագրատյանը, Արայիկ Աղաբաբյանը, Արարատ Զուրաբյանը, Վարդան Բոստանջյանը, Վահե Էնֆիաջյանը, Տիգրան Ստեփանյանը, Իվետա Տոնոյանը և Արթուր Մանուկյանը:

11:27

ՀՀ վճռաբեկ դատարանը քննում է ԼՂՀ պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանի վճռաբեկ բողոքը, որը ներկայացրել է պաշտպան Ավետիս Քալաշյանը։

ՀՀ վճռաբեկ դատարանը մայիսի 25-ին վարույթ էր ընդունել Սամվել Բաբայանի գործով վճռաբեկ բողոքը։

Վճռաբեկ դատարանն այսօր կքննի նաև «Ելք» խմբակցության պատգամավորներ Հովիկ Աղազարյանի ու Սասուն Միքայելյանի անձնական երաշխավորությունները՝ Սամվել Բաբայանի նկատմամբ խափանման միջոց կալանքը փոխելու վերաբերյալ։

Հիշեցնենք, որ ՀՀ վերաքննիչ դատարանն առաջին ատյանի դատարանի կողմից 6 տարի ազատազրկման դատապարտված Արցախի հերոս Սամվել Բաբայանի և «Իգլա»-ի գործով ևս երկու ամբաստանյալի՝ Սանասար Գաբրիելյանի և Արմեն Պողոսյանի դատավճիռները թողեց օրինական ուժի մեջ։ Սամվել Բաբայանը, Սանասար Գաբրիելյանն ու Արմեն Պողոսյանը պահանջում էին արդարացնել իրենց։

Այնուհետև նրանք վճռաբեկ բողոք են ներկայացրել, որը և քննվում է։

Սամվել Բաբայանն առաջին ատյանի դատարանի կողմից մեղավոր է ճանաչվել Քրեական օրենսգրքի 38-235-րդ հոդվածի 2-րդ մասի և 190-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով և դատապարտվել ազատազրկման 6 տարի ժամկետով:

Դատապարտյալ Սանասար Գաբրիելյանն ու Արմեն Պողոսյանը, ովքեր համապատասխանաբար 3 և 2 տարի ժամկետով ազատազրկվել էին առաջին ատյանի դատարանի կողմից, ևս վճռաբեկ բողոք են ներկայացրել։

tert.am

 

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4