August 20, 2018

Վլադիմիր Պուտինը Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանն ընդգծել է Հայաստանի հետ առևտրաշրջանառության աճի կարևորությունը (լուսանկարներ)

Ռուսաստանը շարունակում է վստահորեն պահպանել առաջատարի դիրքերը Հայաստանի հետ առևտրաշրջանառության ուղղությամբ: Մոսկվայում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանն այս մասին ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:

Փաշինյանը հանդիպման սկզբում ընդգծել է, որ Ռուսաստանն ու Հայաստանը հատուկ հարաբերություններ ունեն, նա վստահություն է հայտնել, որ նման փոխազդեցությունն առավել բացառիկ կդառնա:

«Կարծում եմ, որ բոլորը և՛ Հայաստանում, և՛ Ռուսաստանում գոհ են հարաբերությունների այս զարգացումից: Հուսով ենք, որ այդ հարաբերությունները կզարգանան առավել արդյունավետ կերպով՝ հիմնվելով երկու ժողովուրդների և պետությունների հարգանքի, մեր երկրների շահերի և ինքնիշխանության հանդեպ հարգանքի վրա: Դա շատ կարևոր է»,- РИА Новости-ի փոխանցմամբ՝ ասել է Փաշինյանը:

ՌԴ նախագահն առաջին հերթին ընդգծել , որ ՀՀ վարչապետի հետ հանդիպումները միշտ պահանջված են:

«Հաշվի առնելով մեր հարաբերությունների ռազմավարական բնույթը և տարբեր ուղղություններով մեր համագործակցության մեծ ծավալը՝ կարծում եմ, որ մեր հանդիպումները միշտ պահանջված են:

Առաջինը, որ ցանկանում եմ ասել, այն է, որ Ռուսաստանը վստահորեն պահպանում է առաջատարի դիրքերը Հայաստանի հետ առևտրաշրջանառության ուղղությամբ: Անցած տարի մեր միջև առևտրաշրջանառությունն ավելացել է ավելի քան 30 տոկոսով, այս տարի էլ աճը շարունակվում է»,- ասել է ՌԴ նախագահը:

Նա ընդգծել է, որ  մեծամասամբ դա տեղի է ունենում ռուսական շուկա հայկական գյուղմթերքի մատակարարման հաշվին: ՌԴ նախագահի խոսքով՝ դրական ազդեցություն է ունենում նաև ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցությունը: «Հույս ունեմ, որ մենք այս ուղղությամբ կշարունակենք  առաջ շարժվել»,- ասաց Պուտինը:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Կրեմլում մեկնարկել է ՀՀ վարչապետի և ՌԴ նախագահի հանդիպումը:

Հանդիպմանը հայկական կողմից ներկա են նաև Ռուսաստանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Վարդան Տողանյանը, ՀՀ վարչապետի խորհրդական Արսեն Խառատյանը, ՀՀ վարչապետի օգնական Վարուժան Ներսիսյանը: Ռուսական կողմից՝ ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը, ՌԴ տնտեսական զարգացման նախարար Մաքսիմ Օրեշկինը, ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների չորրորդ դեպարտամենտի տնօրենի տեղակալ Իգոր Գրոմիկը:

ՀՀ վարչապետի պաշտոնում ընտրվելուց հետո սա Նիկոլ Փաշինյանի երկրորդ հանդիպումն է ՌԴ ղեկավար Պուտինի հետ:

Առաջին անգամ նրանք հանդիպել էին մայիսի 14-ին Սոչիում:

Հունիսի 13-ին մեկնարկած երկօրյա աշխատանքային այցի ընթացքում Փաշինյանը կմասնակցի Խորհրդային միության հերոս, ԽՍՀՄ զրահատանկային զորքերի գլխավոր մարշալ Համազասպ Բաբաջանյանի կիսանդրու բացման արարողությանը: Նիկոլ Փաշինյանը «Լուժնիկի» մարզադաշտում ներկա կգտնվի ֆուտբոլի Աշխարհի առաջնության բացման հանդիսավոր արարողությանն ու առաջնության առաջին խաղին:

Արմենպրես

Կրեմլում կայացել է Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի հանդիպումը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանի Դաշնություն աշխատանքային այցի շրջանակում Կրեմլում հանդիպում է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, տեղեկացնում է ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Ռազմավարական գործընկեր երկու պետությունների ղեկավարները քննարկել են հայ-ռուսական երկկողմ ու բազմակողմ ձևաչափով հարաբերությունների օրակարգին և համագործակցությանը վերաբերող հարցեր:

Կողմերն անդրադարձել են տարբեր, այդ թվում՝ քաղաքական, տնտեսական, ռազմատեխնիկական և այլ ոլորտներում համագործակցության հետագա զարգացմանն ու ընդլայնմանն ուղղված թեմաներին:

Զրուցակիցները կարևորել են երկու դաշնակից պետությունների միջև կապերի շարունակական և հետևողական խորացումը, ինչը կնպաստի առևտրաշրջանառության ծավալների ավելացմանն ու տարբեր ներդրումային ծրագրերի իրականացմանը:

Նիկոլ Փաշինյանը և Վլադիմիր Պուտինը քննարկել են նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային նշանակության այլ հարցեր:

azatutyun.am

Փաշինյանը ժամանեց Մոսկվա եւ ֆուտբոլ խաղաց խորհրդանշական գայլի հետ

Քիչ առաջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած հայաստանյան պատվիրակությունը ժամանեց Մոսկվա։ Օդանավակայանում նա ֆուտբոլ խաղաց Ֆուտբոլի աշխարհի առաջնության խորհրդանիշ Զաբիվակա անունով գայլի կերպարի հետ։

Տեղեկացնենք, որ ավելի ուշ սպասվում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Նիկոլ Փաշինյանի հանդիպումն ու առանձնազրույցը։ Այնուհետեւ Փաշինյանը ներկա կլինի գալա-համերգի:

Պատվիրակության կազմում են ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Վարդան Տողանյանը, վարչապետի խորհրդական Արսեն Խառատյանը, վարչապետի օգնական Վարուժան Ներսեսյանը։

Երկօրյա այցի շրջանակներում վարչապետի հետ Մոսկվա է ժամանել նաեւ նրա տիկին Աննա Հակոբյանը, որը կմասնակցի մի շարք մշակութային միջոցառումների։

aravot.am

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


Add video comment
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը www.aaeurop.com-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական արտատպումը, տարածումը, կամ հեռուստառադիոընթերցումն առանց www.aaeurop-ին հղման արգելվում է:Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Կայքը պատասխանատվություն է կրում միայն «Եվրոպայի Հայերի Համագումարի » ի ստորագրությամբ նութերի, կարծիքների եւ դիրքորոշումների համար: All Rights Reserved,4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4