June 22, 2018

Ծաղիկներ Շիրին Էբադիից

Այս հոդվածը գրել եմ, երբ «Նուբարաշեն» ՔԿՀ կալանավոր էի 2010 թվականի ապրիլին։

Այսօր անսպասելի հանդիպում ունեցա Շիրին Էբադիի հետ և նա չէր հավատում իր աչքերին, որ Հայաստանի վարչապետը այն քաղբանտարկյալն է, ում համար ինքը ծաղիկներ էր տարել բանտ։

armtimes.com
«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի մեր խցի հեռուստացույցը վերջին օրերին լրջագույն մրցակից է ձեռք բերել: Օրվա ընթացքում մենք ավելի շատ նրան ենք նայում, քան հեռո…

«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի մեր խցի հեռուստացույցը վերջին օրերին լրջագույն մրցակից է ձեռք բերել: Օրվա ընթացքում մենք ավելի շատ նրան ենք նայում, քան հեռուստացույցի էկրանին: Կարմրադեղին վարդակակաչների փունջն է դա, որ անհավանական երանգ է տվել բանտային մեր խցին:

Երբ այդ ծաղկեփունջը հայտնվեց խցում, խցակիցներով սկսեցինք քննարկել, թե վերջին անգամ երբ ենք կենդանի ծաղիկ տեսել. պարզվեց բավական վաղուց, պարզվեց նաեւ, որ հենց այդ ծաղիկներն էին մեր խցին պակասում` «կատարյալ երջանկության համար»: Ու հիմա ջանում ենք հնարավորինս երկարացնել այդ երջանկությունը. շաքարավազը չենք խնայում, ու առավոտյան սուրճից առաջ նախ նրանց ենք հյուրասիրում:

Այդ ծաղկեփունջը նախօրեին Նոբելյան մրցանակի դափնեկիր, իրավապաշտպան, Իրանի քաղաքացի Շիրին Էբադիից եմ ստացել` «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի տեսակցությունների սենյակում: Իրավապաշտպանը ծաղիկներ էր տարել բոլոր այն քաղբանտարկյալներին, ում այցելել էր այդ օրը: Եւ պետք էր տեսնել այդ տեսարանը. կալանավորը (տվյալ դեպքում ես) վարդակակաչի փունջը ձեռքին վերակացուի ուղեկցությամբ քայլում է քրեակատարողական հիմնարկի միջանցքներով` բազմաթիվ այլ կալանավորների մտահոգված հայացքների ներքո:

Նրանց հայացքներից ակնհայտ էր դառնում, որ առաջին անգամ են նման պատկերի ականատես լինում: Նույնիսկ երբ ճանաչում էին ինձ, տարակուսանքը նրանց հայացքում չէր վերանում, չնայած` հասկանում էին, որ, ուրեմն, ինչ-որ կարեւոր իրադարձություն է տեղի ունեցել:

Իսկ իրադարձությունը իսկապես կարեւոր էր. պատմության մեջ առաջին անգամ Նոբելյան մրցանակի դափնեկիր էր այցելել քրեակատարողական հիմնարկ: Սկզբում, երբ միջանցքում-հեռվից Շիրին Էբադիի ձեռքին ծաղիկներ տեսա` մեջս հպարտություն խաղաց երկրիս, հայրենիքիս համար: Ինձ թվաց, թե քրեակատարողական հիմնարկը ծաղիկներով է դիմավորել Նոբելյան մրցանակի դափնեկիր, աշխարհահռչակ իրավապաշտպան Շիրին Էբադիին: Բայց ինձ հիասթափություն էր սպասում. Մայրության եւ գեղեցկության օրը կին իրավապաշտպանը ինքն էր ծաղիկներ բերել մի կալանավորի համար, որին քաղբանտարկյալ ու համախոհ է համարում:

Մեր հանդիպման սկզբում Շիրին Էբադին ասաց, թե ցավում է, որ ինձ հետ բանտում է հանդիպում: Ես էլ ասացի, որ հանուն նման ծաղկեփունջ ստանալու արժեր բանտում հայտնվել:

Չեմ կարող կանխատեսել, թե կարմրադեղին վարդակակաչները որքան կդիմանան բանտային ռեժիմին: Բայց ուզում եմ հավատալ, որ սա Նոբելյան մրցանակի դափնեկրի վերջին այցն է հայաստանյան բանտեր: Հավատում եմ, որ Հայաստան անունը դառնալու է Ազատության, Մարդու իրավունքների պաշտպանվածության, Օրինականության, Ժողովրդավարության հոմանիշ: Հավատում եմ, որ իմ ընկերների եւ իմ բանտում գտնվելն այսօր` Ազատ եւ Երջանիկ Հայաստանին մեր հավատարմությունն է խորհրդանշում: Հավատում եմ, որ մեր երեխաները ապրելու են Ազատ եւ Երջանիկ Հայաստանում:

  Նիկոլ Փաշինյան

«Նուբարաշեն» ՔԿՀ-ից

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


Add video comment
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը www.aaeurop.com-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական արտատպումը, տարածումը, կամ հեռուստառադիոընթերցումն առանց www.aaeurop-ին հղման արգելվում է:Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Կայքը պատասխանատվություն է կրում միայն «Եվրոպայի Հայերի Համագումարի » ի ստորագրությամբ նութերի, կարծիքների եւ դիրքորոշումների համար: All Rights Reserved,4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4