August 20, 2018

Հակոբ Սանասարյան. «Ամուլսարի հանքի շահագործումը հանցագործություն է»

Հակոբ Սանասարյան, Հայաստանի Կանաչների միության նախագահ

Պատասխան «Ով է վարակված Ամուլսարի ոսկու տենդով» հոդվածին կամ ո՞ւր է ՀՀ գլխավոր դատախազ

«Լիդիան Արմենիա» ընկերությունը այս հոդվածով փորձում է վարկաբեկել իրենց ապրելու իրավունքը պաշտպանելու նպատակով՝ Ամուլսարի հանքավայրի շահագործման դեմ դուրս ելած տեղի  բնակչությանը, այդ խնդրով մտահոգ հասարակական կազմակերպություններին և առանձին անհատներին, ինչպես նաև, շինծու տեղեկությամբ հոգեբանական ճնշում գործադրել նորընտիր իշխանավորների վրա, թե իբր Ամուլսարի հանքավայրը չշահագործելու դեպքում  երկիրը թաղվելու է քաոսի և անկառավարելիության մեջ: Նաև հորդորում է, որ կառավարության անդամները քաղաքացիական ակտիվիստից պետք է վերածվեն պետական պաշտոնյայի և կարողանան մտածել ոչ միայն սեփական հեղինակության, այլև պետական շահի մասին:

Ի սկզբանե ասեմ, որ Ամուլսարի հանքավայրի շահագործումը բխում է միայն հանքատերերի շահերից, իսկ պետությունը անդառնալի կորուստներ է ունենալու:

Հասկանալի է, այդ հանքավայրին ապօրինաբար տիրացած «Լիդիան Արմենիան», կորցնելով ՀՀ իշխանական համակարգում վճռորոշ լծակներ ունեցող որոշ պաշտոնյաների, և անսպասելիորեն հայտնվելով շոկային վիճակում, փորձում է ամեն ճիգ ու ջանք գործադրելով հասնել իր նպատակին՝ շահագործել Ամուլսարի հանք կոչվածը: Ընկերությունը հավանաբար համոզվել է, որ դրան հասնելու «լավագույն» ճանապարհը սուտն ու կեղծիքը առավել առատությամբ սփռելն է և սպառնալիքներ հնչեցնելը, անգամ հայտարարելով, թե օգնե՛ք, շրջակա համայնքների բնակիչներն ու բնապահպանները  ցանկանում են խլել իենց օրինական ունեցվածքը, որպեսզի այն հանձնեն մեկ ուրիշի:

Այդ հոդվածում կարդում ենք. «Աֆրիկյան երկրներում գործում է ներդրողներին քշելու շատ յուրահատուկ տեխնոլոգիա. սկզբում ներդրողին թույլ են տալիս գալ և զբաղվել հանքավայրի շահագործմամբ, հետո ցեղային առաջնորդները կազմակերպում են հեղափոխություն, և սպիտակ շահագործողների դեմ ըմբոստացած աֆրիկացիները հարձակվում են իրենց երկրի ընդերքը կողոպտելու եկած օտարերկրացիների վրա ու նրանց քշում իրենց պապերի հողից: Հետո այդ ամբողջ բարիքը մնում է ցեղային առաջնորդներին…  Հայաստանում փորձ է արվում իրականացնել նույն այդ սխեման, միայն մի քիչ ավելի քաղաքակիրթ ձևով. հանրային դժգոհություն, ճանապարհներ փակել: Բարեբախտաբար, դեռ ոչ ոքի չեն կերել»:

Նախ, հայտնի է, որ այդ ընկերությանը թույլատրել են զբաղվել այդ հանքավայրի շահագործմամբ ոչ թե օրինական ճանապարհով, այլ ապօրինաբար: Իսկ այն, որ աֆրիկացիները իրենց երկրի ընդերքը կողոպտելու եկած օտարերկրացիներին քշում են իրենց պապերի հողից, դա արդարացի է և ամենուր այդպես էլ պետք է լինի, քանզի ցանկացած երկրի ընդերքի հարստությունը իր իսկ ժողովրդի սեփականությունն է և եթե ընդերքը շահագործվում է տեղի ցեղային առաջնորդների կողմից, ուրեմն որևէ խնդիր չկա: Առավել ևս, որ ոչ մի ցեղային առաջնորդ չի շահագործի բազում ծանր մետաղներ, գլխավորապես՝ սնդիկ, թորիում, ուրան և մահաբեր այլ նյութեր պարունակող հանքավայրը, որին շրջափակում են երեք կենարար գետեր, որոնց ջրերը կյանք են պարգևում նաև հարյուր հազարավոր մարդկանց, որի հարևանությամբ է գտնվում այդ երկրի ամենամաքուր տարածքն՝ իր հռչակավոր բուժիչ  ջրերով ու առողջարանական քաղաքով: Այդպիսի հիմար կամ հանցագործ ցեղային առաջնորդը Աֆրիկայում դժվար թե երկար կյանք ունենա: Նաև՝ Լիդիանին և իր թիմակիցներին պիտի ասեմ, որ պետք չէ վաղաժամ բախտավոր զգալ, քանի որ դուք ձեռք եք բարձրացնում հայ ժողովրդի վրա, սակայն այդ հարցը առայժմ սահմանափակվում է միայն ճանապարհներ փակելով և բարեբախտաբար, դեռ ոչ ոքի չեն կերել: Վստահ եմ, որ դուք Հայաստանում կստանաք ձեր արժանի պատիժը, ինչպես ձեր հոդվածում է գրված՝ ավելի քաղաքակիրթ ձևով՝ դատարանում:

Ինչ վերաբերում է հոդվածի այն ակնարկին, որ Հայաստանում իրականացված թավշյա հեղափոխությունը իբր միայն նրա համար էր, որպեսզի Ամուլսարը մի կողոպտիչ առաջնորդից մեկ այլ կողոպտիչ առաջնորդին հանձնվի,  կարծում եմ, սա կարող են պնդել նրանք, որոնց համար ազգ, հայրենիք, բնօրրան ասածները անարժեք են և գործում են միայն կաշառքի ու կոռուպցիայի քողով պարփակված մթնոլորտում: Հասկանալի է, ոսկու տենդով շլացած, դուք չեք կարող տեսնել, որ Հայ ժողովուրդը տոնում է չարի դեմ տարած  իր մեծ հաղթանակը և վստահ է, որ այն ամրապնդվելու է, և նախկին վարչապետն իր կուսակցությամբ հանդերձ այլևս տեղ չի գտնելու Հայոց կյանքում:

Նույն հոդվածից բերեմ մեկ այլ քաղվածք. «Հայաստանի նոր կառավարությունը կանգնած է լուրջ երկընտրանքի առաջ. մի կողմից՝ երկրի բնակչության մի մասն է, որը պայքարում է իր առողջության համար, մյուս կողմից՝ երկրի միջազգային վարկն ու հեղինակությունը: Եթե կառավարությունը դեմ գնա ջերմուկցիների պահանջներին, ապա կարող է կորցնել իր ունեցած հանրային վստահության մի մասը: Բայց նոր կառավարությունը նախորդ կառավարության իրավահաջորդն է և կրում է նախորդ կառավարության կողմից ստանձնած պարտավորությունների ամբողջ պատասխանատվությունը: Իսկ նախորդ կառավարությունը «Լիդիան Արմենիային» հանքը շահագործելու լիցենզիա է տվել, և դա տեղի է ունեցել օրինական ընթացակարգերը պահպանելով: Եթե նոր կառավարությունը փորձի չեղարկել այդ լիցենզիան, ապա կարող է վնասել ոչ միայն երկրի բյուջեն, քանի որ ստիպված կլինի վճարել, տարբեր գնահատականներով, մինչև 300 մլն դոլարի հասնող տույժ և տուգանքներ, այլ նաև էապես կվնասի երկրի ներդրումային վարկանիշին»:

Քաղվածքից տպավորություն է ստեղծվում, որ «Լիդիան Արմենիան» իբր լծված է Հայաստանի վարկանիշի բարձրացման և նրան տույժ ու տուգանքից զերծ պահելու հոգսերով, իսկ հանք շահագործելու արտոնագիրն էլ ստացել է օրինական ճանապարհով:

Այս ընկերությանը պետք է ասվի, որ այդ հանքավայրի դեմ է դուրս եկել ոչ թե երկրի բնակչության միայն մի մասը, այլ աշխարհասփյուռ հայությունը, բոլոր նրանք ովքեր տեղյակ են այդ հանքավայրի շահագործման դեպքում առաջանալիք սպառնալիքներին: Իսկ օրինական իշխանությունը, երբ ականջալուր է լինում բնակչության ձայնին, այն էլ այսպիսի ճակատագրական  հարցում, ոչ միայն կվայելի իր ժողովրդի սերն ու վստահություն, այլև կհարգվի միջազգայնորեն:

Ինչ վերաբերում է նախորդ կառավարության  ստանձնած պարտավորությունների պատասխանատվությանը, ապա պետք է ասվի, որ նախորդ կառավարությունը կոռուպցիայի մեջ թաղված էր և հանքը շահագործելու լիցենզիան   ապօրինաբար է տվել, հետևաբար, նոր կառավարությունը պետք է քանդի ու բացահայտի անօրինականությունների կծիկն ու շղթան և աղբանոց նետի կեղծ ու հակաիրավական փաստաթղթերը, այդ թվում՝ Ամուլսարի հանքավայրի շահագործման թույտվությունը:

ՀՀ-ին 300 մլն դոլար տուգանքի սպառնալիք ներկայացնող ընկերությունը նախ պետք է պատասխան տա, թե ինչ հիմնավորմամբ՝ պետական փորձաքննության է հանձնել ՀՀ օրենքներին հակասող, կեղծիք ու կոծկում պարունակող նախագիծը: Այս ամենը պարզելուց հետո, ընկերությունը ստիպված կլինի որպես տուգանք՝ համապատասխան գումար մուծել պետական գանձարան:

Այդ նախագծի բազում կոծկումներից բերեմ ընդամենը մեկ օրինակ: Այդտեղ գրված է, որ բաց հանքի պատերի հետ շփվելիս ջրերը կարող են բերել թթվային դրենաժի (էջ 506), հանքի շահագործման արդյունքում ազդեցության կենթարկվեն ստորգետնյա ջրերի քանակն ու որակը… կնվազի նաև աղբյուրները, ջրհոսքերն ու գետերը սնող հիմնական հոսքը: Թթվագոյացնող դատարկ ապարների կառավարումը, ինչպես նաև կույտային տարրալվացման հրապարակից հարստացած կամ աղքատ տարրալվացման լուծույթների արտահոսքերը ևս կարող են ազդել ստորգետնյա ջրերի որակի վրա (էջ 510), դատարկ ապարների լցակույտի մոտակայքում ակնկալվում է ստորգետնյա ջրերի մակարդակների իջեցում 60 մետրով… աղբյուրների հոսքի կրճատում՝ 36%-ով (էջ 512), փոշու մի մասը ծանր մետաղներով աղտոտված կլինի, ինչը կհանգեցնի օդի, ջրի  և հողի ծանր մետաղներով երկարաժամկետ աղտոտման, ինչը կազդի բուսականության ու կենդանիների վրա (էջ 605), ծրագրի տարածքում կանխատեսվում է բնական կենսամիջավայրի մշտական կորուստ… բուսականությունը կփոփոխվի կամ կվերացվի (էջ 619)… ծանր մետաղներով աղտոտվելու են Արփա և Որոտան գետերի ջրերը, որոնց տարեկան հոսքը կազմում է մոտ 1,490 մ3:

Նախագծում հարյուրավոր էջերում բերված են նաև այլ սպառնալիքներ, սակայն Հայաստանի Հանրապետությանը հասցվելիք վնասի գնահատման մեջ՝ ջրային համակարգերին, բուսականությանը և կենդանական աշխարհին հասցվելիք վնասները ներկայացված են որպես զրոյական, սակայն նախկին կառավարությունը չի «նկատել» այդ և նման աղաղակող փաստերը և դրական եզրակացություն ու ընթացք է տվել այդ կործանարար նախագծին:

Հոդվածի հեղինակը փաստորեն խոստովանում է, որ Լիդիանը մասնակից է կոռուպցիոն գործընթացին. «Ասում են, որ Ամուլսարի շահագործման լիցենզիայի տրամադրումը կոռուպցիոն ռիսկեր է պարունակում: Բայց Հայաստանում բոլոր հանքերի շահագործումը այս կամ այն կերպ կապված է կոռուպցիայի հետ, և այդ տրամաբանությամբ պետք է դադարեցվի բոլոր հանքերի շահագործումը: Ընդհանրապես ամբողջ երկիրը թաթախված է եղել կոռուպցիայի մեջ, և այդ տրամաբանությամբ պետք է դադարեցնել ամբողջ երկրի կենսագործունեությունը, քանի որ դպրոցից սկսած մինչև հիվանդանոց, համայնքապետարաններից սկսած մինչև կառավարություն, բոլորը թաթախված են եղել կոռուպցիայի մեջ: Ի վերջո, հանքավայրի շահագործման դեմ բողոքողներին էլ են մեղադրում ֆինանսապես շահագրգռված լինելու մեջ»:

Այս քաղվածքը մեկնաբանելու կարիք չունի, գրված է պարզ ու հստակ, որ Ամուլսարի հանքավայրի շահագործման թույլտվության հիմքը՝ կոռուպցիան է: Այ սրա համար, պետք է շնորհակալություն հայտնել հոդվածի հեղինակին և հուսանք, որ գոնե այժմ ՀՀ գլխավոր դատախազը կզբաղվի այս խնդրով:

hetq.am

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


Add video comment
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը www.aaeurop.com-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական արտատպումը, տարածումը, կամ հեռուստառադիոընթերցումն առանց www.aaeurop-ին հղման արգելվում է:Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Կայքը պատասխանատվություն է կրում միայն «Եվրոպայի Հայերի Համագումարի » ի ստորագրությամբ նութերի, կարծիքների եւ դիրքորոշումների համար: All Rights Reserved,4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4