May 25, 2022

Մարտի 1-ի զոհերի հարազատները վստահ են՝ Փաշինյանն ամեն ինչ կանի Մարտի 1-ը բացահայտելու համար

Այսօր կառավարության ծրագրի քննարկման ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ հանձնարարականներ է տվել իրավապահներին՝ Մարտի 1-ի սպանությունների բացահայտման հարցով զբաղվելու համար: Նա նաև նշեց, որ իրավապահ համակարգը բավարար չի կարող գնահատել այնքան ժամանակ, քանի դեռ Մարտի 1-ը բացահայտված չէ: Ինչ վերաբերում է Մարտի 1-ի գործով Սերժ Սարգսյանի կամ Ռոբերտ Քոչարյանի հարցաքննմանը, Նիկոլ Փաշինյանը ասել է, որ Մարտի 1-ի գործը պետք է բացահայտվի, իսկ դրա համար, եթե անհրաժեշտ լինի, կհարցաքննվի նաև Ռոբերտ Քոչարյանը։

«Առաջին լրատվական»-ը գրել էր, որ ՀՔԾ-ն բավական լուրջ հիմքեր ունի հարցաքննության կանչելու նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին, և որ վերջերս հարցաքննվել է Մարտի 1-ի իրադարձությունների ժամանակ ներքին զորքերի հրամանատար Գրիգոր Գրիգորյանը: Գրիգոր Գրիգորյանը հարցաքննության ժամանակ հայտնել է, որ ցուցարարների վրա կրակելու հրահանգը ստացել է այն ժամանակվա նախագահ Ռոբերտ Քոչարյանից: Գրիգորյանը տեղեկացրել է, որ ինքը իր անձնական ապահովության համար ձայնագրել է իր և Քոչարյանի միջև տեղի ունեցած հեռախոսազրույցը, և այն կարող է ներկայացնել որպես իր ասածների հիմնավորում:

2008թ Մարտի 1-ի զոհերից 19-ամյա ժամկետային զինծառայող Տիգրան Աբգարյանի մայրը՝ տիկին Ռուզաննան տասը տարի է ապրում է ակնկալիքով, որ Մարտի 1-ի ոճրագործությունը պետք է բացահայտվի. «Հիմա, եթե Նիկոլ Փաշինյանը որոշել է վերանայել Մարտի 1-ը, ես կընդառաջեմ իրեն։ Եթե տասը տարի հետո արդարադատությունը պետք է բացահայտվի, պետք է բացահայտվի։ Ես մի քիչ կասկածում եմ, բայց միևնույն ժամանակ հավատում եմ, որ կբացահայտի»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց տիկին Ռուզաննան։

Նա նշեց, որ «Մարտի 1-ի» հարցով Սամվել Նիկոյանի հանձնաժողովը փափուկ բարձր էր դնում զոհերի ծնողների գլխի տակ. «Քթներիցս բռնացրած տարիուկես փափուկ բարձ էր դրել։ Առաջին օրից ասել եմ՝ որդիս զինվոր էր, գտնվում էր հրամանի տակ, նա չէր կարող որևէ մեկին կրակել, ոչ էլ զինվորի վրա ժողովուրդը կարող էր կրակել։ Որդուս մահվան համար մեղավոր են երեք նախագահներն էլ»,- ասաց նա՝ հավելելով, որ Ռոբերտ Քոչարյանը՝ որպես այդ ժամանակ նախագահ, պետք է պատասխան տա, բայց, իհարկե, ամեն մեկն իր մեղավորության մասնաբաժինն ունի. «Բոլորը պետք է պատասխան տան՝ սկսած սպայից, որ որդուս կողքին կանգնած է եղել, այն գեներալը, որ որդուս կողքին է եղել, երբ որդիս զոհվել է, նկատի ունեմ Գրիգոր Գրիգորյանին»։

Տիկին Ռուզաննայի խոսքերով՝ արդարադատությունը եթե քնած չէ, պետք է պատասխան տա։

«Տասը տարի ամեն օր նայում եմ որդուս նկարին, ասում՝ բա չիմանամ ով որդուս մահվան պատճառ դարձավ, ինչ-որ մեկը իմ որդու արյան համար պետք է պատասխան տա՞, թե՞ ոչ։ Ինձ հիմա միայն դա է պահում այս կյանքում, որ կբացահայտվի։ Եվ հիմա թող քննեն, իմանամ՝ ով խփեց իմ զինվորին Լեոյի փողոցի վրա կանգնած»,- հուզված նշեց տիկին Ռուզաննան։

Մարտի 1-ի զոհերից Գոռ Քլոյանի հայրը՝ Սարգիս Քլոյանն էլ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում համոզմունք հայտնեց, որ Մարտի 1-ը արագ կբացահայտվի, եթե փոխվի Քննչական կոմիտեի նախագահը, և մի քանի այլ պաշտոնյաներ փոխվեն, ինչպես ՀՔԾ պետը. «Ես հավատում եմ թավշյա հեղափոխությանը, և վստահ եմ, որ մեր վարչապետն ամեն ինչ անելու է, որ Մարտի 1-ը բացահայտվի»,- հավելեց Գոռ Քլոյանի հայրը։ Նա նշեց, որ անպայման Մարտի 1-ի շրջանակում պետք է հարցաքննվի այն ժամանակ Գերագույն գլխավոր հրամանատար Ռոբերտ Քոչարյանը։

«Մարտի 1» հասարակական կազմակերպության համակարգող Առաքել Սեմիրջյանը նույնպես վստահ է, որ Նիկոլ Փաշինյանը հետամուտ է լինելու իր ասածներին, և Մարտի 1-ի գործի բացահայտման տասը ամենաշահագրգիռ մարդկանցից մեկը Նիկոլ Փաշինյանն է։

«Ես վստահ եմ, որ Նիկոլ Փաշինյանն ամեն ինչ կանի այն բացահայտելու համար, այն, ինչ իրենից պահանջվում է»,- ասաց նա։

Իսկ հնչող կարծիքները, թե երեք նախագահներն էլ պետք է հարցաքննվեն այս գործի շրջանակում, Առաքել Սեմիրջյանն աբսուրդ համարեց. «Սա լղոզելու տարբերակ է, բայց բոլորը, ովքեր առնչություն ունեն այս գործի շրջանակում, պետք է հարցաքննվեն»,- հավելեց նա։

1in.am

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4