September 25, 2023

Սեֆիլյանի և մյուսների գործով ամբաստանյալների պաշտպանները նրանց կալանքից ազատելու վերաբերյալ միջնորդություններ են ներկայացնում (ուղիղ)

12:33

Դատական նիստի մեկնարկին դատարանը կողմերին հարցրեց, թե արդյոք ունեն բացարկի միջնորդություններ դատավորների ու դատախազների նկատմամբ։

Սեֆիլյանի պաշտպան Տիգրան Հայրապետյանն ասաց,որ դեռ չի կողմնորոշվում դատավորին ինքնաբացարկ հայտնել-չհայտնելու հարցում և իր կողմնորոշումը պայմանավորված է դատարանի պատասխանով։

Տիգրան Հայրապետյանն ասաց,որ վերաքննիչ բողոքի հետ միաժամանակ Սեֆիլյանի խափանման միջոց կալանավորումը փոխելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել.«Դուք այն մերժել եք և ասել եք, որ ոչինչ չի փոխվել, որպեսզի խափանման միջոց կալանքը փոխվի։ Ընդունու՞մ եք, որ հեղափոխություն է տեղի ունեցել Հայաստանում,իրավիճակ է փոխվել»։

Նախագահող դատավորը հայտնեց,որ խափանման միջոցի վերաբերյալ

դատական ակտ է կայացվել, դատարանն իր դիրքորոշումն արտահայտել է և պարզաբանելու անհրաժեշտություն չի տեսնում.«Դուք վճռաբեկ բողոք եք ներկայացրել և բացի այդ, դատարանը արդարադատություն է իրականացնում, երբեք որևէ ազդեցության չի ենթարկվել»։

Դրանից հետո դատարանն առաջարկեց ներկայացնել վերաքննիչ բողոքները, սակայն պաշտպանները հայտնեցին, որ խափանման միջոց կալանքները փոխելու վերաբերյալ միջնորդություններ կան։ Դատարանը որոշեց լսել ամբաստանյալների խափանման միջոցները փոխելու վերաբերյալ միջնորդությունները։

Պաշտպան Տիգրան Եգորյանը միջնորդում է  Գևորգ Սաֆարյանի խափանման միջոց կալանավորումը փոխելու վերաբերյալ միջնորդությունը։

Պաշտպանները միջնորդություններ են ներկայացնելու ամբաստանյալներին կալանքից ազատելու վերաբերյալ։

11:53

Վերաքննիչ քրեական դատարանում մեկնարկել է Ժիրայր Սեֆիլյանի, Գևորգ Սաֆարյանի, Հրայր Թոփչյանի,  Սասունիկ Կիրակոսյանի, Գալուստ Գրիգորյանի, Ներսես Պողոսյանի վերաքննիչ բողոքների քննությունները: Նրանք պահանջում են բեկանել առաջին ատյանի դատարանի դատավճիռը:

Նախորդ դատական նիստը, որը նշանակված էր մայիսի 30-ին, տեղի չունեցավ, որովհետև ուղեկցող գումարտակը ամբաստանյալներին չէր բերել դատարան: Դրան հաջորդեց բողոքի ակցիան դեպի վճռաբեկ դատարան և Գլխավոր դատախազություն: Ցուցարարները Վճռաբեկ դատարանից պահանջում էին արագ վարույթ ընդունել և քննել Ժիրայր Սեֆիլյանի խափանման միջոց կալանքի դեմ վճռաբեկ բողոքը, սակայն դատարանից տեղեկացրին, որ բողոքը հետ է վերադարձվել՝ շտկումների կարիք կա:

Նշենք, որ առաջին ատյանի դատարանի կողմից Ժիրայր Սեֆիլյանը դատապարտվել է 10 տարի 5 ամիս ազատազրկման, Գևորգ Սաֆարյանը՝ 4, միասնական պատիժը՝ 5,5 տարի, Սասունիկ Կիրակոսյանը՝ 4,6 տարի, Ներսես Պողոսյանը՝ 3,6 տարի, Հրայր Թոփչյանը՝ 3, Գալուստ Գրիգորյանը՝ 3.5 տարի ժամկետով:

Գործով մեկ այլ դատապարտյալ Հովհաննես Պետրոսյանը,ով ցուցմունք էր տվել Սեֆիլյանի դեմ,պատժի կրումից հետո ազատ է արձակվել։

Հիշեցնենք, որ Ժիրայր Սեֆիլյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ ՔՕ-ի 35-225-րդ հոդվածի 1-ին մասի, 35-225-րդ հոդվածի 1-ին մասի, 35-219-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով, որոնցում ճանաչվեց մեղավոր:

Մեղադրական եզրակացության մեջ ասվում էր, որ Սեֆիլյանը մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ, 2015 թվականի ապրիլի 24-ին Երևանում բռնություն գործադրելով, գույք ոչնչացնելով և վնասելով, ինչպես նաև իշխանության ներկայացուցչին զինված դիմադրություն ցույց տալով արտահայտված, հասարակական անվտանգությունը վտանգող զանգվածային անկարգություններ հրահրելու ուղղակի դիտավորությամբ, սկսած 2014 թվականի մայիսից կատարել է դրա կազմակերպմանն ուղղված նախապատրաստական գործողություններ, բացի այդ, 2015 թվականի նոյեմբերից մինչև 2016 թվականի մայիսի 18-ն ընկած ժամանակահատվածում, կազմակերպված խմբի կազմում ապօրինի կերպով ձեռք է բերել, պահել և փոխադրել հրազեն և ռազմամթերք` նպատակ ունենալով զենքի գործադրմամբ, կյանքի համար վտանգավոր բռնություն գործադրելով զավթել և պահել ռազմավարական նշանակության շենքեր, շինություններ, սակայն իր կամքից անկախ հանգամանքներով ավարտին չի հասցվել:

Մյուս ամբաստանյալները՝ Սասունիկ Կիրակոսյանը, Ներսես Պողոսյանը, Հրայր Թոփչյանը, Գալուստ Գրիգորյանը և Հովհաննես Պետրոսյանը մեղավոր ճանաչվեցին ՀՀ ՔՕ-ի 235-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված արարք կատարելու մեջ՝ ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը կազմակերպված խմբի կողմից:

Գևորգ Սաֆարյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ ՔՕ-ի 35-225-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարք կատարելու մեջ՝ զանգվածային անկարգությունների նախապատրաստությունը:

tert.am

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4