December 3, 2021

Հայաստանի և Վրաստանի հարաբերություններն ավելի ու ավելի են ամրապնդվելու. վարչապետ Փաշինյանը հանդիպել է Թբիլիսիի հայ համայնքի ներկայացուցիչների հետ

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը Թբիլիսիի Սուրբ Գևորգ հայկական եկեղեցու բակում հանդիպեց Վրաստանի հայ համայնքի ներկայացուցիչների հետ, ովքեր նրան դիմավորեցին մեծ ոգևորվածությամբ: ՀՀ վարչապետը հավաքված քաղաքացիների առջև ելույթ ունեցավ, որում ընդգծեց, որ Երևանում ժողովրդի արձանագրած հաղթանակի լիարժեք կրողն ու շահառուն են նաև Վրաստանում ապրող հայերը: «Այն հաղթանակը, որ ժողովուրդն արձանագրեց Երևանում, դրա լիարժեք կրողն ու շահառուն նաև դուք եք, որովհետև այդ հաղթանակը տեղի է ունեցել ձեր հայրենիքում, այդ հաղթանակի ողջ ընթացքում զգացել ենք ձեր աջակցությունը»,- ասաց Փաշինյանը:

Նրա խոսքով՝ այսօր այն համազգային ոգևորությունը, որ տիրում է հայ ժողովրդի շրջանում, այդ ոգևորությունը կերտել է նաև հավաքվածքներից յուրաքանչյուրը իր կամքով, իր ցանկությամբ, սիրո և համերաշխության զգացումով: «Հեղափոխությունը, որը տեղի է ունեցել Հայաստանում, մենք անվանում ենք սիրո և համերաշխության հեղափոխություն: Եվ ես այսօր այստեղ եմ եկել սիրո և համերաշխության ուղերձով: Ուզում եմ ասել, որ սիրում եմ բոլորիդ, բոլորիդ միասին և յուրաքանչյուրիդ առանձին-առանձին: Ես հպարտանում եմ ձեզանով, հպարտանում եմ ձեր կամքով, հպարտանում եմ ձեր աչքերի մեջ տեսնելով հայ լինելու հպարտությունը»,- ասաց ՀՀ վարչապետը:
Նա հավելեց, որ հպարտանում է նաև՝ տեսնելով հայ-վրացական հարաբերությունները: «Ես հպարտանում եմ, համոզված լինելով, որ մեր երկրների հարաբերություններն ավելի ու ավելի են խորանալու, և հայերը իրենց ավելի լավ են զգալու Վրաստանում, իսկ վրացիները իրենց ավելի լավ են զգալու Հայաստանում: Այն սահմանները, որ կան որպես պետական սահմաններ, ոչ թե բաժանելու են, այլ միացնելու են մեզ»,- նշեց վարչապետ Փաշինյանը:
Վարչապետն անդրադարձավ հնչող մտահոգություններին, թե ի վերջո տեղի ունեցածի արդյունքում ժողովուրդը հիասթափություն կապրի: Նա վստահեցրեց, որ հիասթափություն չի լինելու: «Մենք ծառայել ենք, ծառայում ենք ու ծառայելու ենք հայ ժողովրդին, Հայաստանի Հանրապետությանը: Ես ասել եմ ու ասում եմ, որ մեր ամենամեծ առաքելությունը ժողովրդի ոտքերի տակ հող դառնալն է, որ նրանք ամուր կանգնեն մեզ վրա և կռեն նորանոր հաղթանակներ: Հայ ժողովուրդն այլևս չի պարտվելու, որովհետև հայ ժողովուրդը հաղթանակի ժողովուրդ է, հայ –ժողովուրդը հպարտության և Աստծո ժողովուրդ է»,-եզրափակեց Փաշինյանը:
Մինչ հայկական Վրաստանի հայկական համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպումը ՀՀ վարչապետն այցելեց Խոջիվանք պանթեոն, ծաղիկներ խոնարհեց Հովհաննես Թումանյանին, Րաֆֆու և Գաբրիել Սունդուկյանի շիրիմներին:

1in.am

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4