January 28, 2022

Հայաստանի ու Ռուսաստանի պատասխանն Ալիևի հրթիռներին

Հայաստանի զինված ուժերը առաջիկայում կհամալրվեն ռուսական հակաօդային պաշտպանության ՏՈՐ-2 զենիթահրթիռային համակարգերով, որոնք կոչված են պայքարելու բոլոր տեսակի, այդ թվում՝ բարձր ճշգրտության կառավարելի հրթիռների դեմ: Այդ զինատեսակի ձեռք բերման մասին հայտարարել է Հայաստանի Հանրային հեռուստաընկերությունը՝ հղում անելով զինվորական շրջանակներին:

Այդ տեղեկությունն ուշագրավ է երկու իրողության ֆոնին՝ Սոչիում Փաշինյան-Պուտին առաջին հանդիպման, որտեղ Նիկոլ Փաշինյանը հատուկ անդրադարձ կատարեց ռուսական նոր սպառազինությանն ու դրանով Հայաստանի հետաքրքրվածությանը, և միևնույն ժամանակ նաև օրերս Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունների, որ հնչել էին Նախիջևանում:
Ալիևը հայտարարել էր, որ Նախիջևանում տեղակայված հրթիռները ունակ են խոցել հայկական ցանկացած թիրախ: Ալիևի այդ հայտարարության ֆոնին ռուսական հակաօդային պաշտպանության արդիական զինատեսակի մատակարարման մասին տեղեկությունը ընդհուպ Ռուսաստանի մակարդակով պատասխան է Ալիևին, ընդ որում՝ բազմաշերտ պատասխան:

Խոսքն այն մասին է, որ ինքնին, բացի զուտ ռազմատեխնիկական հակազդման միջոցի վերաբերյալ տեղեկատվություն լինելուց, արդիական սպառազինության մատակարարման մասին տեղեկությունը նաև հայ-ռուսական բարձր մակարդակի հարաբերության օպերատիվության հետաքրքիր վկայություն է:
Բանն այն է, որ տեղեկությունը տարածվում է Փաշինյան-Պուտին հանդիպումից մի քանի օր անց: Իհարկե, մեծ է հավանականությունը, որ հայկական կողմը այդ զինատեսակի վերաբերյալ բանակցություն ունեցել է վաղուց, այսինքն՝ քննարկումները վաղուց են, և պետք չէ բացառել, որ ՀՕՊ այդ համակարգերը տեղավորվում են 100 միլիոն դոլարի սպառազինության վարկի նոր ծրագրում, որի մասին հայտարարվեց դեռևս Սերժ Սարգսյանի նախագահության շրջանում:
Սակայն անկախ այդ ամենից՝ հատկանշական է, որ Փաշինյան-Պուտին՝ Սոչիում տեղի ունեցած առաջին հանդիպումից հետո, հատկապես ռուսական արդիական սպառազինությամբ հետաքրքրվածության մասին հայտարարության պարագայում, կարճ ժամանակ անց հայտարարվում է հայկական ՀՕՊ նոր համակարգերի մասին:
Այստեղ Ալիևին տրվում է ոչ միայն ռազմատեխնիկական, այլ նաև ռազմաքաղաքական պատասխան՝ հայ-ռուսական հարաբերության բնույթի փոփոխության միտումների և վեկտորի տեսքով, երբ Մոսկվան, հաշվի նստելով Հայաստանում նոր իրողությունների, առաջին հերթին բացառիկ հանրային լեգիտիմություն ունեցող նոր իշխանության փաստի հետ, ստիպված է վերանայել իր ռեգիոնալ քաղաքականությունը և Հայաստանի հետ հարաբերությունը մասնավորապես անվտանգության հարցերում՝ դրանց համար, այսպես ասած, սպառնալիք ստեղծելու քաղաքականությունից ավելի արագ քայլերով անցնելով սպառնալիքները չեզոքացնելու քաղաքականության:
Հակառակ պարագայում այն, ինչ, օրինակ, ապրիլյան պատերազմից հետո իրեն կարող էր թույլ տալ Հայաստանի դեռևս ոչ լեգիտիմ իշխանությունը՝ Մոսկվային ասել, մեղմ ասած, համարձակ բաներ ու անել համարձակ քայլեր, նոր և բացառիկ լեգիտիմությամբ իշխանության համար կարող է լինել նվազագույն և բավական չնչին քայլ, և այդ իմաստով նոր կառավարությունն ունակ կլինի առավել լայն ու երկար քայլերի:
Ռուսաստանը անկասկած գիտակցում է դա, հատկապես նոր աշխարհաքաղաքական իրողությունների ճնշման ներքո, և Ռուսաստանին բացարձակապես պետք չէ իր համար ավելորդ խնդիրներ ստեղծել Հայաստանում:

1in.am

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4