December 8, 2022

Ռուբեն Հայրապետյանը թքա՞ծ ունի Հայաստանի դատարանի վրա․ ԴԱՀԿ-ն կհարկադրի ՀՖՖ-ին

ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը երեկ հայտարարեց, որ «Շիրակի» դեմ կիրառված պատժամիջոցը բողոքարկման կոմիտեն թողել է անփոփոխ: Հիշեցնենք, որ «Բանանցի» հետ պայմանավորված հանդիպում անցկացնելու պատրվակով ՀՖՖ կարգապահական կոմիտեն որոշում էր կայացրել Հայաստանի բարձրագույն խմբի ընթացիկ առաջնությունում «Շիրակից» վաստակած միավորներից չեղարկել 12-ը, թիմի մարզիչ Արարատ Հարությունյանին ցմահ որակազրկել, ինչպես նաև ակումբին տուգանել նվազագույն աշխատավարձի յոթհազարապատիկի չափով, այսինքն՝ 7 միլիոն դրամով: Բողոքարկման կոմիտեի որոշումից կարճ ժամանակ անց հայտարարությամբ հանդես եկավ «Շիրակը»:

Մասնավորապես Գյումրիի թիմը ներկայացրեց Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը, որի համաձայն Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան իրավունք չունի ի կատար ածելու Կարգապահական կոմիտեի որոշումը և նվազեցնելու «Շիրակ» ակումբի միավորները: Փաստորեն, ՀՖՖ-ն Ռուբեն Հայրապետյանի գլխավորությամբ առանց հիմքերի 12 միավորից զրկել էր «Շիրակին»: «Բեսպրեդլի» ցայտուն մի դրսևորում, որը սակայն արժանի հակահարված ստացավ Նոր Հայաստանի դատական համակագի կողմից:

Ռուբեն Հայրապետյանը հավանաբար չի գիտակցում, որ մեր երկրում իրավիճակ է փոխվել և ինչ կուզեմ կամ ոնց կուզեմ կանեմ նշանաբանը այլևս ակտուալ չէ: Իրավիճակի փոփոխությունը չէր զգում նաև Սերժ Սարգսյանը: Վերջինս սակայն կարճ ժամանակում սթափվեց և հեռացավ: Շարունակելով չգիտակցել իրավիճակի լրջությունն՝ այսօր Ռուբեն Հայրապետյանի ՀՖՖ-ն հանդես է եկել նոր հայտարարությամբ նշելով, որ չի ենթարկվելու դատարանի որոշմանն ու 12 միավորը չի վերականգնելու: ««Շիրակ» ՖԱ ներկայացուցիչները ՀՖՖ-ին առձեռն հանձնել են Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Ռ. Վարդազարյան) որոշումը, համաձայն որի` հայցի ապահովման կարգով (այսինքն` ժամանակավորապես` մինչև արբիտրաժային կարգով վեճի վերջնական լուծումը) արգելվել է նվազեցնել «Շիրակ» ՖԱ միավորները: Սակայն, մինչև ՀՖՖ-ին դատարանի որոշման մասին տեղեկացնելը, «Շիրակ» ՖԱ միավորներն արդեն իսկ նվազեցվել էին, ուստի դատարանի որոշման պահանջը կատարելն իրավաբանորեն արդեն անհնար էր և ժամանակավրեպ: Ավելին, դա ուղղակիորեն կխախտեր Հայաստանի ֆուտբոլի բարձրագույն խմբի մասնակիցներ «Ալաշկերտ», «Գանձասար-Կապան» և «Բանանց» ֆուտբոլային ակումբների իրավունքները, քանի որ որոշման կատարման արդյունքում այդ թիմերն արդարացիորեն բարելավել են իրենց դիրքերը մրցաշարային աղյուսակում»,- նշված է ՀՖՖ-ի հայտարարության մեջ:

Ստեղծված իրավիճակի վերաբերյալ «Առաջին լրատվական»-ը զրուցել է «Շիրակ» ֆուտբոլային ակումբի մամուլի քարտուղար Աննա Թադևոսյանի հետ: «Հայաստանի Հանրապետության Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը որոշել է բավարարել «Շիրակի» դիմումը և արգելանք դնել ՀՖՖ ցանկացած կոմիտեի որոշման վրա։ Այդ որոշումը մենք երեկ փոխանցել ենք ՀՖՖ այն ժամանակ, երբ իրենք մամուլի ասուլիս էին տալիս։ Որոշումը նրանք ընդունել և գրանցել են: Որոշումը ենթակա է անհապաղ կատարման ստացված պահից ի վեր: Այսօր ՀՖՖ-ն հայտարարություն է տարածում, որտեղ նշվում է, որ իրենք չեն կատարելու դատարանի որոշումը: Ստեղծված իրավիճակում արդեն դատարանը պետք է հարկադիր ուղարկի ՀՖՖ, որպեսզի նրանք ի կատար ածեն դատարանի որոշումը: Ավելացնեմ, որ մենք պատրաստվում ենք դիմել նաև Լոզանի Արբիտրաժային դատարան ինչպես նաև ՈւԵՖԱ-ում կպաշտպանենք մեր իրավունքները», – ասաց Թադևոսյանը:

Ինչևէ, Հայրապետյանի ՀՖՖ-ի այսօրվա հայտարարությունը ոչ միայն զայրույթ, այլ ծիծաղի առարկա է դարձել հասարակության շրջանում: Ինչ է նշանակում դատարանի որոշումը ժամանակավրեպ է և չեմ պատրաստվում 12 միավորը վերականգնել: Իսկ եթե վաղը դատարանն ասենք որոշում կայացնի, որ Հայրապետյանը պետք է ազատազրկման դատապարտվի, ապա ի՞նչ պետք է հայտարարի ՀՖՖ-ի նախագահը: Հայտարարի որ չե՞մ պատրաստվում նստել: Իսկապես զավեշտալի է: Շատերն են ընկնում էյֆորիայի մեջ, երբ հայտնվում են ոչ այնքան հաճելի իրավիճակում, բայց դա չի նշանակում որ պետք է կորցնել իրականության զգացումը: Հայրապետյանը չի հավատում, որ իր պատկերացմամբ հայաստանյան երբեմնի դատարանը կարող է իր համար անցանկալի որոշում կայացնել:

Կայցաված որոշումն արդեն իսկ իրողություն է, որի հետ պետք է հաշվի նստենք բոլորս: Երևանի ընդհանուր իրավասությունների դատարանի որոշումը կարելի է շրջադարձային համարվել ոչ միային հայկական ֆուտբոլի համար, այլև ընդհանրապես մեր երկրի համար: Սա առաջին արդարացի որոշումն էր, որը ծանր հարված հասցրեց կազմաքանդվող ռեժիմին:

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4