May 20, 2018

Մեր կառավարության ոճը պետք է լինի մշտական երկխոսությունը հասարակության հետ:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որին մասնակցել են կառավարության նորանշանակ նախարարները:

Վարչապետը շնորհավորել է նրանց Կառավարության կազմում ընդգրկվելու կապակցությամբ և նշել.

«Խնդրում եմ ձեզ հենց այսօրվանից անցնել աշխատանքի, ծանոթանալ ընթացիկ վիճակին, որպեսզի ընդհանրապես ժամանակ չկորցնենք, որովհետև կան օպերատիվ խնդիրներ, որոնք անհրաժեշտ է ժամ առաջ լուծել:

Մեր աշխատանքի տրամաբանությունը և փիլիսոփայությունը պետք է լինի հետևյալը. մեր կոչումը և խնդիրը ՀՀ քաղաքացիների կյանքն առավել հարմարավետ ու բարեկեցիկ դարձնելն է, իհարկե, մեր կառավարությունը քաղաքական առումով ունի առաջնահերթություն՝ Հայաստանի Հանրապետությունը նախապատրաստել արտահերթ խորհրդարանական ընտրությունների, բայց այս ընթացքում պետք է կարողանանք արձանագրել լուրջ արդյունքներ:

Մեր կառավարության ոճը պետք է լինի մշտական երկխոսությունը հասարակության հետ: Հանրությունը պետք է զգա, որ սա այն կառավարությունն է, որն ինքն է ձևավորել և որն առաջին հերթին հաշվետու է իր առաջ և որը ոչ միայն առաջարկում է գաղափարներ, այլ նաև ունի բոլոր փաստարկները՝ դրանք հիմնավորելու և դրանց օգտակարությունն ընդգծելու համար»,- ընդգծել է Նիկոլ Փաշինյանը: 

Վարչապետը նշել է, որ առաջիկայում Կառավարությունը պետք է իրականացնի անհրաժեշտ բարեփոխումներ տարբեր ոլորտներում և այդ առումով կարևորել հանրության աջակցությունը: Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ հանրային աջակցությունն այն հիմնական գործոնն է, որի վրա պետք է հենվի կառավարության գործունեությունը: 

«Մեր կառավարության հետ լրջագույն հույսեր են կապվում և մեր կարևորագույն խնդիրն է՝ արդարացնել ՀՀ քաղաքացիների հույսերը: Սա ենթադրում է նոր ոճ, նոր մոտեցում, նոր փիլիսոփայություն, նոր մշակույթ: Էական չէ, թե ինչ է մինչ այս Հայաստանի Հանրապետությունում նշանակել լինել նախարար կամ փոխվարչապետ, հիմա դա պետք է նշանակի բոլորովին այլ բան, էական չէ՝ ինչ է մինչ այս պահը նշանակել ՀՀ վարչապետ, ես հույս ունեմ, որ դա մայիսի 8-ից նշանակում է բոլորովին նոր բան»,- ասել է վարչապետը: 

Նիկոլ Փաշինյանը նորանշանակ նախարարներին շնորհակալություն է հայտնել կառավարության կազմում ընդգրկվելու համար և նշել, որ այսպիսով ձևավորվել է համաձայնության կառավարություն:

«Գիտենք, որ Կառավարության կազմում ընդգրկված են տարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչներ, բայց կառավարությունը պետք է գործի որպես թիմ, հակառակ դեպքում՝ մենք չենք կարող լինել արդյունավետ, և ես ինձ համարում եմ երաշխավոր, որ կառավարությունն այդպես էլ կգործի: Հույս ունեմ, որ այստեղ ունենք լիարժեք և փոխադարձ ըմբռնում»,- ասել է վարչապետը: 

Գործադիրի ղեկավարն առաջիկա կարևոր խնդիրներից է համարել կառավարության ծրագրի մշակումն ու ներկայացումն Ազգային ժողովին: «Խնդրում եմ, որպեսզի յուրաքանչյուր նախարար իր ոլորտի ուղղությամբ ժամ առաջ սկսի կառավարության ծրագրի մշակման աշխատանքները: Իհարկե, այդ ծրագիրը պետք է լինի լավատեսական, արտահայտի այն բոլոր հույսերը, որոնք ՀՀ քաղաքացիները կապում են կառավարության գործունեության հետ: Մենք պետք է հավաքենք մեր բոլոր ուժերը և անցնենք աշխատանքի»,- շեշտել է Նիկոլ Փաշինյանը:

Խորհրդակցության ընթացքում անդրադարձ է կատարվել կառավարության հետագա գործունեությանը, միջնաժամկետ ծախսային ծրագրին, կոռուպցիայի դեմ պայքարին առնչվող այլ հարցերի:

https://youtu.be/kwoyLBQ58p8
https://youtu.be/xFO0HNb-N2U

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


Add video comment
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը www.aaeurop.com-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական արտատպումը, տարածումը, կամ հեռուստառադիոընթերցումն առանց www.aaeurop-ին հղման արգելվում է:Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Կայքը պատասխանատվություն է կրում միայն «Եվրոպայի Հայերի Համագումարի » ի ստորագրությամբ նութերի, կարծիքների եւ դիրքորոշումների համար: All Rights Reserved,4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4