October 25, 2021

Բանակը գլխովին թաղված է ախտերի մեջ. ՀԱԿ

Հայ ազգային կոնգրեսը հանդես է եկել հայտարարությամբ ՀՀ զինված ուժերում տեղի ունեցած երկու ողբերգության կապակցությամբ։

«Նախորդ շաբաթ ՀՀ զինված ուժերում տեղի ունեցած երկու ողբերգություն ցնցեց հայ հասարակությանը: Հայ ազգային կոնգրեսն իր խորին ցավակցությունն է հայտնում զոհվածների ընտանիքներին և հարազատներին:

Հասկանալի պատճառներով Հայ ազգային կոնգրեսն իր հայտարարություններում ձեռնպահ է մնացել բանակի թեման արծարծելուց: Սակայն վերջին շրջանում մի քանի իրադարձություններ, մասնավորապես` դիվերսիոն հարձակումը հայկական դիրքերի վրա, ինչի հետևանքով զոհվեցին չորս զինվորական, հուլիսի 28-ի սահմռկեցուցիչ միջադեպը, որին զոհ գնացին վեց զինվորական, զինված ուժերից պարբերաբար ստացվող լուրերը մարդկային կորուստների ու խեղումների մասին, հասարակական լայն հնչեղություն են ստացել:

Հայ ազգային կոնգրեսն իր վրդովմուքն ու խորը մտահոգությունն է հայտնում բանակում տիրող անառողջ մթնոլորտի ու հանցավոր բարքերի առիթով: Նման ողբերգությունները, որ հնարավոր են որպես բացառիկ դիպված, դարձել են սովորական երևույթ։ Դա վկայությունն է այն բանի, որ մեր երկրում առկա համակարգային ճգնաժամը ամբողջությամբ կլանել է նաև զինված ուժերը:

Բանակը գլխովին թաղված է հանցավոր ռեժիմի սպասարկման, կոռուպցիայի, անպատժելիության, անպատասխանատվության, ապօրինությունների, թույլին և ենթակային ստորացնելու, մարդկային արժանապատվությունը ոտնահարելու մոլագարության ախտերի մեջ։ Բանակում այս ամենի դրսևորումը տասնապատիկ վտանգավոր է, հղի ոչ միայն հաճախադեպ մարդկային զոհերով, ինչի ականատեսն ենք, այլև պետական անվտանգությունն ապահովելուն կոչված կարևորագույն կառույցի բարոյալքմամբ ու քայքայմամբ: Եվ այս ամենը այն դեպքում, երբ էապես մեծացել է պատերազմի վերսկսման սպառնալիքը:

Հայ ազգային կոնգրեսը հայտարարում է. ներկա վարչախմբի գոյության պարագայում զինված ուժերում կշարունակեն խորանալ այս իշխանության սերմանած բոլոր ախտերը, ուստի համարում է, որ իրավիճակը արմատապես բարելավելու անհրաժեշտ պայմանը ներկա հանցավոր վարչախումբն օր առաջ իշխանությունից հեռացնելն է: Իսկ հիշյալ զարհուրելի հանցագործությունների բոլոր մեղավորները պատժվելու են օրենքի ողջ խստությամբ»։

Tert.am

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4