May 20, 2018

Հայաստանում նշում են Հաղթանակի և խաղաղության տոնը

այաստանում այսօր նշում են Հաղթանակի և խաղաղության տոնը:

Տոնի կապակցությամբ շնորհավորական ուղերձներ են հղել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդը, հասարակական, քաղաքական կազմակերպություններ և գործիչներ:

«Հայրենական մեծ պատերազմում մեր նախնիների տարած հաղթանակն իսկապես պատմական էր։ Այդ հաղթանակն ու նրանով պայմանավորված խաղաղությունը նոր դռներ բացեցին մեր ժողովրդի համար և նոր հորիզոններ բացեցին նրա ստեղծագործ աշխատանքի, երկրի շենացման ու զարգացման համար: Հայ ժողովրդի բոլոր հատվածներն այդ հաղթանակին տվեցին այն ամենը, ինչ կարող էին, և փառքով պսակեցին իրենց անունը Երկրորդ աշխարհամարտի բոլոր ճակատներում, ինչպես նաև թիկունքում, պարտիզանական կռիվներում և դիմադրական շարժումներում։ Խորին ակնածանքով այսօր մենք մեր հարգանքն ու երախտագիտությունն ենք հայտնում մեր վետերաններին», – ասված է Նիկոլ Փաշինյանի ուղերձում, որը հրապարակված է Հայաստանի վարչապետի պաշտոնական կայքէջում:

«Այսօր մեզ համար կրկնակի տոն է։ Մենք տոնում ենք Շուշիի ազատագրման հերթական տարեդարձը։ Այդ փառավոր հաղթանակը սոսկ ռազմական հաջողություն չէր։ Դրանով արցախահայությունը փրկվեց բնաջնջման վտանգից և ձեռք բերեց խաղաղ ապրելու հեռանկար։ Այսօր մենք գլուխ ենք խոնարհում մեր բոլոր նահատակների հիշատակի առջև և հավաստիացնում, որ անհատի և ազգի ազատության ոտնահարումը չի հանդուրժվելու։ Չի հանդուրժվելու, որովհետև մեր ժողովուրդն ունի մարդասիրական իդեալներ, ազատասեր ոգի, ինչպես նաև միասնական կամք՝ պաշտպանելու այդ իդեալները», – իր ուղերձում նշում է վարչապետը:

«Հայաստանում տեղի ունեցած ոչ բռնի, ժողովրդական, թավշյա հեղափոխությունը, նրա համաժողովրդական ընդգրկումը ևս մի անբեկանելի ապացույց է, որ մենք ունենք հստակ պատկերացում, թե ինչ են ազատությունը, ժողովրդավարությունը և խաղաղասիրությունը։ Այսօր հայ ժողովուրդը Հայաստանում, Արցախում և սփյուռքում կրկին վստահ է իր ուժերին, Շուշիի ազատագրման ոգին արթուն է մեր սրտերում և աչքերում», – ընդգծում է Փաշինյանը:

«Սիրելի՛ ժողովուրդ, Հայաստանի Հանրապետության հպա՛րտ քաղաքացիներ,
Չեմ կասկածում, որ վերջին իրադարձություններով ավելի ամրապնդված հայ ժողովրդի հաղթական ոգին Հայաստանին ու Արցախին բերելու է նոր հաջողություններ։ Հայ ժողովուրդը վստահ քայլում է իր երազանքների իրականացման ճանապարհով», – ասված է ուղերձում:

«Հաղթանակի և խաղաղության տոնի, Շուշիի ազատագրման և Արցախի Պաշտպանության բանակի օրերի առիթով Հայրապետական Մեր օրհնությունն ու շնորհավորանքն ենք հղում համայն մեր ժողովրդին՝ ի Հայաստան, Արցախ և ի Սփյուռս», – ասված է Ամենայն Հայոց կաթողիկոսի շնորհավորական ուղերձում:

«Նվիրական է այս օրը մեր ժողովրդի համար, որ հերոսաբար իր ավանդն է բերել Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի կերտմանը՝ հանուն աշխարհում խաղաղության և ժողովուրդների ազատ ու առաջադեմ կյանքի։ Հայրենանվեր նույն ոգով մեր ժողովուրդն ազատագրեց Շուշին՝ հաղթական նոր էջ հավելելով ազգային մեր պատմության մեջ։ Այսօր մենք հանդիսավորապես նշում ենք նաև Պաշտպանության բանակի օրը, որն աննկուն ու քաջաբար պահպանում է Արցախի անվտանգությունն ու խաղաղությունը», – Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի փոխանցմամբ՝ իր ուղերձում գրել է Վեհափառը:

«Գոհություն Տիրոջը, որ մեր ժողովրդի զավակները լի են վճռականությամբ ու նախանձախնդրությամբ հայրենիքի սահմանները պաշտպանելու և նորանոր իրագործումներով կերտելու լուսավոր ու պայծառ գալիքը ազգի և հայրենյաց: Սուրբ Էջմիածնի կամարների ներքո Մեր աղոթքն ենք վերառաքում առ Բարձրյալ Տերը, որ խաղաղ լինի հայոց երկինքը և անվտանգ ու անխռով ապրի մեր ողջ ժողովուրդը։ Թող Տերը ամուր պահի հայրենի մեր պետականությունը, օրհնի և զորակից լինի մեր ժողովրդին այսօր և հավիտյանս. ամեն», – ասված է Ամենայն Հայոց կաթողիկոսի ուղերձում:

.azatutyun.am/

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


Add video comment
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը www.aaeurop.com-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական արտատպումը, տարածումը, կամ հեռուստառադիոընթերցումն առանց www.aaeurop-ին հղման արգելվում է:Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Կայքը պատասխանատվություն է կրում միայն «Եվրոպայի Հայերի Համագումարի » ի ստորագրությամբ նութերի, կարծիքների եւ դիրքորոշումների համար: All Rights Reserved,4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4