October 25, 2021

Կաթի արտադրությունը գյուղացու համար շահավետ չէ

Արագածոտնի մարզում տարեկան արտադրվում է շուրջ 72-73 հազար տոննա կաթ:  Մի շարք  տնտեսություններ, անհատ  ձեռներեցներ, հատկապես եզդիաբնակ գյուղերից, մթերում են կաթը`պանրի եւ կաթնամթերքի այլ արտադրության  համար: Խոշոր ձեռնարկությունները նույնպես գյուղերից կաթի մթերում իրականացնում են, սակայն գյուղացիները դժգոհում են, որ իրենցից մթերվող կաթը շուկայականից էժան են հաշվում:

Արագածոտնի մարզպետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության տվյալներով, մարզի Ռյա-Թազա համայնքում 1 լիտրը 110 դրամով տարեկան մթերվում է շուրջ 1000-1200 տ կաթ: 50-60 տ կաթ է մթերվում նաեւ Ջամշլու համայնքից` 90 դրամով:

Ռյա-Թազայի գյուղապետ Ահմադ Բրոյանը «Հետքի» հետ զրույցում ասաց, որ իրենց գյուղում կաթի մթերումը սեզոնային բնույթ է կրում եւ օրական մթերվում է մոտ 3-4 տոննա: Գյուղից մթերում իրականացնում են «Մարիաննա» եւ «Շանթ» ընկերությունները` 120 դրամով: «Այս տարի կաթի մթերման խնդիր չունենք, անցյալ տարի էինք վատ վիճակում հայտնվել: Պատճառն այն է, որ ղեկավարությունը ճիշտ քայլ արեց` հիմա հանրապետություն ավելի քիչ կաթի փոշի են բերում դրա համար էլ ձեռնարկությունները գյուղացուց բնական կաթ են մթերում»,- ասում է Ա. Բրոյանը:

Ջամշլու համայնքի ղեկավար Տիտալ Ալոյանը սկզբում զարմացավ, երբ իմացավ, որ  Ռյա-Թազա համայնքից կաթը մթերվում է 120 դրամով` նշելով, որ այդ գինը  անհավատալի է: Գյուղապետը դժգոհեց, որ գյուղացու կաթը մթերում են ինքնարժեքից ցածր, եւ շատերը նախընտրում են ընդհանրապես գործ չունենալ մթերող ձեռնարկությունների հետ:

«Անցյալ տարի մեզանից կաթը մթերում էին 82 դրամով, այս տարի 100 դրամ են սարքել: Եթե գինը նորմալ լինի մարդիկ սիրով կաթը կհանձնեն, բայց հիմա, կոնկրետ մեր գյուղում, մարդիկ պանիր են գցում, բայց չեն ուզում հանձնել, որովհետեւ էժան է»,- նշում է գյուղապետը: Ջամշլու համայնքում օրական մթերվում է 1-1.5 տոննա կաթ:

Մարզպետարանից էլ տեղեկացնում են, որ ամբողջ մարզից «Աշտարակ կաթը» 123-130 դրամով տարեկան մթերում է 1000 տ կաթ, Ալագյազի պանրագործարանը մթերում է 100-120 տ կաթ` 100 դրամով, Ապարանի  պանրագործարանը 115 դրամով մթերում է  տարեկան 450-460 տ կաթ եւ այլն:

Այսպիսով, մարզից մթերվում է տարեկան 4400-4800 տ կաթ, այսինքն` ամբողջ արտադրանքի կեսից մի փոքր ավելին, մնացած կաթը գյուղացիները չեն հանձնում գործարաններին, քանի որ գինը «ձեռք չի տալիս»:

hetq.am

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4