October 25, 2021

Հասարակական ի՞նչ համակարգ Հայաստանի համար

Ալեք Ենիգոմշույան

Սկիզբը

Հայաստանում առողջ եւ արդար համակարգի ու հասարակարգի հաստատումը, բացի ինքնըստինքյան անհրաժեշտություն լինելուց, միակ միջոցն է, ինչպես բազմաթիվ անգամներ շեշտվեց, երկիրն ու ժողովուրդը դուրս բերելու այլապես անխուսափելիորեն անհետացման առաջնորդող ճանապարհից: 

Այլընտրանքային համակարգի սկզբունքների ու ծրագրի պատկերացման, մշակման ու հաստատման գործը պետք է լինի հնարավորինս լայն հանրային քննարկման արդյունք: Այն չի կարող լինել մեկ կամ մի քանի հոգու մտքի կամ ուսումնասիրության արգասիքը: Ստորեւ ներկայացվածը, հետեւաբար, ինչքան էլ լինի համոզմունքի արդյունք, հավակնությունը չունի ներկայանալու որպես անփոփոխելի եւ անփոխարինելի պատկերացում: Այն հրապարակային քննարկման հրավեր է: Այն նաեւ ընդամենը մի ուրվագիծ է եւ հավակնությունը չունի ներկայանալու որպես ամբողջական ծրագիր: Վերջապես, այն հավակնություն չունի նորարարություն լինելու: Արտահայտված մտքերից որոշները այս կամ այն ձեւով արդեն արտահայտվել են տարբեր մարդկանց ու հեղինակների կողմից:

Հասարակարգի հիմնադրույթները

Մի կարճ ամփոփում: Հայաստանում տիրող համակարգը խարսխվում է մի խումբ մարդկանց ընչաքաղցության եւ իրենց նյութական ունեցվածքն անընդհատ բազմացնելու անհագ ցանկության վրա: Երկրում տիրող բոլոր հասարակական` տնտեսական, սոցիալական եւ քաղաքական հարաբերությունները, ինչպես նաեւ արժեքային համակարգը բխում են այս իրողությունից: Եթե այլ երկրների պարագայում, իրենց պատմական որոշակի զարգացման եւ առկա առարկայական գործոնների հետեւանքով, այսպիսի արմատների վրա խարսխված համակարգը կարող է երկիրն ու ժողովուրդը, անգամ բավական երկար ժամանակով, չզրկել որոշակի կենսունակությունից, Հայաստանի պարագայում նման տարբերակ պարզապես բացառվում է: Բացի էապես հակամարդկային եւ անբարոյական լինելուց` Հայաստանի պարագայում այդ հենքի վրա բարձրացած հասարակարգը, համաշխարհային համակարգում իր գրաված դիրքի եւ առկա, արդեն իսկ չափազանց փխրուն առարկայական իրավիճակի պատճառով, ուղղակիորեն կործանարար է:
Որպեսզի Հայաստանը նախ շրջվի կործանման տանող ճանապարհից եւ ապա դառնա այն երկիրը, որը ոչ միայն իրենից չի վանի հայերին, այլեւ կձգի նրանց, անհրաժեշտ է, որ`

– բոլոր քաղաքացիների կենսաբանական-վերարտադրական պահանջների, ինչպես նաեւ պատմահասարակական զարգացման ներկա փուլի առաջացրած նյութական էական պահանջների բավարարումը լինի ապահովված.

– Հայաստանի քաղաքացու եւ հայ մարդու` իրենց մարդկային եւ ազգային էությունն ապրելու, կենսագործելու, ազատ եւ ստեղծագործող մարդիկ լինելու պայմաններն ապահովված լինեն.

-երկիրը հաստատապես բռնի անհատի եւ հավաքականության պահանջների ու շահերի, նյութական եւ ոգեղեն պահանջների ու մղումների հավասարակշռված բավարարման առողջ ուղին եւ այդ սկզբունքով քայլ պահի համաշխարհային զարգացումների հետ:

Ազգն, ի հարկէ, ավելին է, քան իր զավակների թվաբանական գումարը, իսկ ազգային ու պետական շահերն ու նպատակները` ավելին, քան անհատների շահերի ու նպատակների գումարը: Սակայն ազգն ու պետությունը ուժեղ են լինում այնքան, որքան ուժեղ են լինում ազգի զավակները, քաղաքացիներն ու հասարակությունը: Վերոնշյալ սկզբունքների անխախտ հարգումը, հետեւաբար, ազգի եւ պետության ամրության եւ արտաքին մարտահրավերներին հաջողությամբ դիմադրելու ունակության անշրջանցելի նախապայմանն է:

Նշյալ հիմնադրույթների վրա հիմնված հասարակարգի ու համակարգի կայացումը պահանջում է նվիրված եւ վճռակամ մարդկանց խմբի գոյություն եւ, ելնելով երկրի ու ժողովրդի մարդկային ու նյութական առկա պաշարներից ու հնարավորություններից, համապատասխան ծրագրի մշակում եւ իրականացում:

Մարդկային գործոնի անգերագնահատելի նշանակությունը

Մի քանի պարզ բայց էական հաստատումներ: Նշյալ հիմնադրույթների վրա հիմնվող ծրագիրը կմնա ընդամենը թղթի կտոր, եւ ոչինչ չի փոխվի, քանի դեռ այն իրականացնելու հայտ ներկայացնողներն իրենք կրողները չեն այդ սկզբունքներին ու ծրագրի հենքը հանդիսացող արժեքներին: Դա վերաբերվում է ընդհանրապես հասարակությանը, բայց սկզբում` հատկապես նրանց, ովքեր արմատական փոփոխությունների ջատագովներն են: Ոչինչ չի փոխվի քանի դեռ նյութական կուտակման եւ այլոց տիրապետելու մարդկային ներքին մղումը կգերիշխի մարդկային մի այլ ներքին մղումի` ստեղծագործելու, սեփական կյանքի տերը լինելու ու կյանքը ծաղկեցնելու, այլ կերպ ասած ինքնաիրացման պահանջի ու մղումի վրա (որը ներառում է նյութական բոլոր էական պահանջների բավարարվածությունը): Այս վերջինի կողմից նախորդի տիրապետումն է, որ առաջնորդում է մարդկանց միջեւ համերաշխության եւ ամբողջ հասարակության ու ազգի ինքնաիրացման ու լիարժեք ազատության:

Ներքին այդ երկու մղումների միջեւ պայքարը հարատեւ է եւ մշտական ջանք է պահանջում, որ մարդը ներքնապես հարստացնող մղումը լինի եւ մնա գերակա: Լայն հանրության համար դա երաշխավորող գլխավոր միջոցներից են հասարակարգի դրվածքն ու դաստիարակությունը:

Նոր համակարգը, սակայն, առաջին րոպեից իսկ պահանջում է, որ ղեկավար օղակներում տեղ զբաղեցնողները պարտադիր կերպով լինեն միայն նրանք, ովքեր իրենց ներսում միանշանակորեն եւ ամբողջովին զսպել են կուտակման-տիրապետման մղումները եւ առաջնորդվում են միայն ազնիվ մղումներով: Որպես ապացույց իրենց ազնվության, հետեւաբար, բոլոր նրանք, ովքեր ներկայանում են որպես ներկա կործանարար համակարգի փոփոխության ջատագովներ, պարտավոր են իրենց վարքով ամեն օր ապացուցել իրենց ազնվությունը: Պարտավոր են գործնապես լինել բարոյականությամբ օժտված, նյութական ունեցվածքով չշլացող, ժուժկալ եւ անկաշառ, հայոց պատմության, հայ մշակույթին, հողին ու մարդուն ընդելուզված իսկական հայրենասերներ, ցուցաբերել համերաշխություն այլոց նկատմամբ, սիրել բնությունն ու գուրգուրալ նրան, լինել աշխատասեր, խրախուսել հավաքական եւ հավասար աշխատանքը, հարգել եւ պահպանել հանրային սեփականությունը եւ այլն: Միայն ամեն օր ցուցաբերված նման վարքագծով նրանք կարող են ապացուցել, որ իշխանության օղակներում առանցքային պաշտոններ ստանձնելու պարագայում կլինեն նույն արժեքների կրողները:

Սա կլինի նույն արժեքները հասարակության համար ընկալելի եւ օրինակելի դարձնելու լավագույն առաջին միջոցը:

Ծրագրի ուղենշային նպատակները

Որո՞նք պետք է լինեն վերոնշյալ սկզբունքների եւ ընդհանրապես ազգային-պետական շահերի վրա հիմնված ծրագրի գլխավոր ուղղությունները:

-Արցախի (իր ներկա սահմաններով) պահպանում ու զարգացում. ցեղասպանության հետեւանքների եւ Թուրքիայի հետ հարաբերությունների կապակցությամբ սկզբունքայնություն. Ջավախքի հայկականության երաշխավորում:

-Տնտեսությունում` օպտիմալ աստիճանի ինքնաբավության ապահովում` նկատի ունենալով աշխարհաքաղաքական հնարավոր զարգացումներն ու համաշխարհային միտումները: Աշխարհի հետ քայլ պահելու, զբաղվածությունը հնարավորինս ապահովելու եւ օպտիմալ ինքնաբավության հասնելու նպատակներով` արդյունաբերության վերակենդանացում նախ ավանդական ոլորտներում, ապա կրթության ու գիտության զարգացման զուգահեռ` գիտելիքահենք ոլորտներում:

-Մասնավոր տնտեսության հատվածում միջոցների կենտրոնացման եւ խոշորացման գործընթացների խիստ սահմանափակում:

-Բոլորի համար արժանապատիվ կյանքի մակարդակ ունենալու պայմանների ստեղծում:

-Բացառիկ ուշադրություն գյուղատնտեսությանն ու բնության պահպանությանը:

-Երկրի տարբեր շրջանների համակողմանի զարգացում:

-Կրթության ու դաստիարակության կազմակերպում երեք առանցքների շուրջ` մարդկային դրական արժեքներ, առողջ հայրենասիրություն եւ գիտելիքներ: Մշակույթի եւ հատկապես ազգային մշակույթի ծաղկման պայմանների եւ հնարավորությունների ապահովում: Գիտության վերադարձ ուշադրության կենտրոն. գիտության արդի ճյուղերի զարգացում:

-Ծնելիության մակարդակն ավելացնելուն ուղղված պայմանների ապահովում. ընտանիքի գաղափարի արժեւորում:
-Հասարակական բնույթի վերոնշյալ բոլոր ոլորտներում համերաշխական մթնոլորտի եւ հարաբերությունների խթանում. աշխատանքային արժանապատիվ եւ իր աշխատանքի գործընթացում մարդուն հնարավորինս լիացնող պայմանների ապահովում. աշխատանքային հավասար պայմաններով եւ ինքնակառավարվող նախաձեռնությունների խթանում:

Նպատակների կենսագործման եղանակը

Հայաստանում անհրաժեշտ է միաժամանակ հետապնդել եւ զուգահեռաբար իրականացնել միմյանց ամբողջացնող մի շարք նպատակներ (ազգային բնույթի արտաքին, ժողովրդագրական, սոցիալական, մշակութային-հոգեւոր, ազատությունների, արդյունաբերական զարգացման, գյուղատնտեսության վերակազմավորման, բնապահպանական եւ այլն): Այս բոլորը պահանջում են ոչ միայն հանրային-պետական ծրագրավորում եւ ապա վերահսկողություն, այլ նաեւ ուղղակի մասնակցություն: Տնտեսության եւ վերաակտիվացումն ընդհանրապես, եւ ռազմավարական ճյուղերի հիմնադրումն ու զարգացումը չեն կարող իրականանալ եւ համընդհանուր նպատակներին ծառայել` առանց հանրային լուրջ մասնակցության, թողնվելով բացառապես շուկային ու շուկայական տրամաբանությանը: Նույնը` եւ շրջանների զարգացման, բնապահպանության, եւ մնացյալ համարյա բոլոր ոլորտներում:

Շուկայական մրցակցային ազատ տնտեսության հենքը կազմում է ձեռնարկատերերի եւ ձեռնարկությունների կողմից առավելագույն շահույթի հետապնդումը: Վերոնշյալ նպատակների մի մասն ընդհանրապես դուրս է շահույթի տրամաբանությունից, եւ հանցագործություն կլիներ նրանց ենթարկելը այդ տրամաբանությանը: Մի ուրիշ մաս` հիմնականում տնտեսական բնույթի, մի որոշ ժամանակ չի կարող եկամտաբեր լինել, եւ այդ պատճառով առանց հանրային-պետական ուղղակի լուրջ մասնակցության` համարյա անհնարին կլինի նրանց իրականացումը (բացի եթե որպես գլխավոր ներդրող հանդես գա բացառապես օտար դրամագլուխը, ինչն անցանկալի է): Բացի վերոնշյալներից, ներքին ու առավել եւս միջազգային մրցակցության պայմաններում, բացառապես շուկայական տնտեսությունը ենթադրում է ապրանքների գների նվազեցում, ինչն, իր հերթին, հնարավոր է իրականացնել միայն գնագոյացման բաղադրիչների գների նվազեցման, առաջին հերթին աշխատավարձերի սահմանափակման ի հաշիվ: Բացի ըստ էության անարդար լինելուց` տնտեսական նման համակարգը Հայաստանի առկա չափազանց փխրուն պայմաններում կլինի աղետաբեր, որովհետեւ, չբավարարելով աշխատավորների` (այսինքն ազգաբնակչության ճնշող մեծամասնության) արժանապատիվ կյանքով ապրելու պահանջն ու իրավունքը, կշարունակի խթանել արտագաղթի մահաբեր գործընթացը:

Բացառապես «ազատ մրցակցային շուկայի» հաստատումն ու մարդու իրավունքների հարգումը, մենաշնորհների եւ մանր ու միջին ձեռնարկությունների առաջ ցցված արհեստական խոչընդոտների վերացումը չեն կարող Հայաստանի հիմնախնդիրների լուծումը լինել:

Ներկա համակարգին որպես իսկական այլընտրանք ներկայացող ուժը` «բուրժուա դեմոկրատական» կամ «ազատական ժողովրդավարական» ընդդիմությունից պետք է տարբերվի ոչ միայն Արցախի ու Թուրքիայի հետ կապակցված հարցերում, այլեւ հավասարապես ծրագրային նպատակների եւ դրանց իրականացման եղանակի հարցերում:

Հայաստանին անհրաժեշտ է իսկական հայրենասիրության, ընտանիքի ապահոված ջերմության, սոցիալական հստակ ուղղվածության, ազատությունների, մարդկային համերաշխության ու մարդու ստեղծագործ նախաձեռնողականության, գիտակից ինքնակառավարման, տնտեսությունում պետության ուղղակի եւ կարգավորող դերակատարության ու շուկայի հորիզոնական համադրող դերակատարության համադրությունը կազմող մի համակարգ: Ու այս` ոչ որպես տարբեր գաղափարախոսությունների ու համակարգերի ընտրողական (էկլեկտիկ) մի խճանկար, այլ ինքնուրույն, կենսունակ ու ներդաշնակ մի ամբողջություն:

Որպես ազգ եւ պետություն` մեզ մնացել է վերջին մի հնարավորություն աշխարհ մոլորակում մեր բազմադարյան երթը շարունակելու եւ մեր, թեկուզ եւ փոքր, բայց փայլուն ներկայությունն ունենալու ազգերի ու մարդկության ստեղծագործած համաշխարհային քաղաքակրթության կտավի վրա: Այդ հնարավորությունը ներկայի կործանարար համակարգից անհապաղ ձերբազատումը եւ դրա` մարդկային ու ազգային պատասխանատվության համակարգով փոխարինումն է:

Թե ինչպե՞ս իրականացնել առաջինից ձերբազատումը, որպեսզի կառուցվի նորը` մնում է հարցերի հարցը: Բայց նորի հստակ պատկերացումը, դրա շուրջ ուժերի կոնսոլիդացումը եւ անշահախնդիր ակտիվիստների կուռ խմբի կազմավորումը այդ «ինչպե՞ս» հարցի պատասխանի սկիզբն է:

hetq.am

photo by vikipedia

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4