
ԼՂՀ ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԻ ՄԱՄՈՒԼԻ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ
Ստեփանակերտ, 26 ապրիլի, 2010թ.
ԼՂՀ արտաքին քաղաքականության ու անվտանգության հանրային խորհուրդը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային ճանաչման գործընթաց նախաձեռնելու կոչով դիմել է Սփյուռքի հայկական կազմակերպություններին:
Հայկական երեք ավանադական կուսակցություններին ու Սփյուռքի լոբբիստական կառույցներին հղված ուղերձում, մասնավորապես, ասվում է. ՙ2009 թվականի ապրիլից, երբ հայ-թուրքական երկխոսությունը տեղափոխվեց հանրային հարթակ, մենք հայտնվեցինք նոր մարտահրավերների դեմ հանդիման: Հայաստանի և Թուրքիայի միջև բանակցային գործընթացը, հանրահայտ երկու արձանագրությունների ստորագրումը առիթ դարձան ներհայկական բուռն բանավեճերի: Սեփական խորհրդարանում արձանագրությունների վավերացումը հայերի կողմից Ադրբեջանի օգտին տարածքային զիջումների հետ կապելու` Թուրքիայի շարունակական փորձերը հավելյալ լարվածություն են հաղորդել կովկասյան տարածաշրջանին:
Արևմտյան հանրությունը, Սփյուռքի հայկական կազմակերպությունների աջակցությամբ, ակտիվացրել են Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացըª որպես ներազդելու միջոց թուրքական ղեկավարության վրա, որը հրաժարվում է հայ-թուրքական հաշտեցման գործընթացում ստանձնած պարտավորությունների կատարումից:
Ի պատասխան այդ ներազդման` Թուրքիայի քաղաքական ղեկավարության ներկայացուցիչները հայտարարեցին տարածաշրջանում իրավիճակի ապակայունացման սպառնալիքի մասին: Նկատի ունենալով Թուրքիայի մերձավորագույն դաշնակից Ադրբեջանի ռազմատենչ ծրագրերը` կարելի է չկասկածել, թե հատկապես որտեղից և ինչ ուղղությամբ կարող է սկսվել այդ ապակայունացումը: Դրա հետ կապված` հրատապ է դարձել ԼՂՀ անվտանգության ամրակայման, այսինքնª նոր ցեղասպանության վտանգի կրկնման բացառման խնդիրը, այս անգամ արդեն Արևելյան Հայաստանում:
ԼՂՀ արտաքին քաղաքականության ու անվտանգության հանրային խորհուրդը գտնում է, որ մեր ժողովրդի համար այնպիսի կարևոր խնդրի լուծման հետ միասին, ինչպիսին Ցեղասպանության ճանաչումն է, սփյուռքահայ կազմակերպություններին հարկ է քննարկել նաև Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման հարցը որպես իրենց գործունեության հավասարազոր առաջնահերթ ուղղություն՚:
Ըստ ԼՂՀ արտաքին քաղաքականության ու անվտանգության հանրային խորհրդի նախագահ Մասիս ՄԱՅԻԼՅԱՆԻ` վերջին ժամանակներս Կոսովոյի, Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախության ճանաչման նախադեպերն ապացույցն են այն բանի, որ ճանաչումը հանդիսանում է հակամարտային գոտիներում անվտանգության ամրապնդման և կայունության ապահովման իրական լծակ, ինչը, ամեն ինչից զատ, մեծ ջանքեր ու ծախսեր չի պահանջում:
Հանրային խորհրդի անդամ, ԼՂՀ Ազգային ժողովի պատգամավոր Գեղամ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԸ նշեց. ՙԱրտերկրի մեր հայրենակիցները մեծ փորձ ունեն, որ տասնամյակների ընթացքում ձեռք են բերել Ցեղասպանության միջազգային ճանաչմանն ուղղված գործունեությունում: Եկել է ժամանակը այդ փորձն օգտագործելու Արցախում հայոց հաղթանակների միջազգային-իրավական ամրապնդման համար՚:
Հանրային խորհրդի կարծիքով` տարբեր երկրների անգամ տեղաշրջանային մարմինների կամ տեղական ինքնակառավարման մարմինների կողմից Արցախի ճանաչումը կոգևորի ու կզորակցի արցախցիներին, առավելս տոկունություն կհաղորդի նրանց և բարոյական ու ինստիտուցիոնալ լուրջ աջակցություն կհանդիսանա:
lragir.am
Leave a Reply