January 28, 2022

ԱԺ ամբիոնից վարչապետի թեկնածուի ելույթի հիմնական թեզերը

Վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանն այսօր՝ մայիսի 1-ին ելույթ ունեցավ ԱԺ հատուկ նիստում:
Արտաքին քաղաքականության մասին
«Իմ ընտրվելու դեպքում Հայաստանն արտաքին քաղաքականության ոլորտում շրջադարձեր չի անելու, մնալու է ԵՏՄ եւ ՀԱԿՊ անդամ: Այս դիրքորոշումը բխում է ոչ թե ինչ-որ անձի ճաշակից, այլ ժողովրդին հաղթանակ բերած շարժման տրամաբանությունից: Ժողովուրդը բազմաթիվ փոփոխություններ պահանջելով ներքին կյանքում՝ որեւէ փոփոխություն չի պահանջել ու չի պահանջում արտաքին քաղաքականության ոլորտում: Մենք Ռուսաստանին համարել ենք ու համարում են Հայաստանի ռազմավարական դաշնակից եւ այս շարժումը որեւէ սպառնալիք չի ստեղծում ՌԴ-ի համար:
Խորացնելու ենք հարաբերությունները Եվրամիության եւ ԵՄ անդամ երկրների հետ, ամեն ինչ անելու ենք՝ ՀՀ քաղաքացիների համար ԵՄ-ի հետ վիզային ռեժիմի վերացման ուղղությամբ: Ակնկալում ենք դրա շուրջ բանակցությունները սկսել ամենամոտ ապագայում: ԵՄ-Հայաստան համաձայանագրի շուտափույթ կիրարկումը բխում է մեր շահերից: Իմ ղեկավարած կառավարությունը խորացնելու է հարաբերություններն ԱՄՆ-ի, Չինաստանի հետ, հավատարիմ է մնալու Ցեղասպանության ճանաչման գործընթացին, Հայաստանը շարունակելու է այս հարցում առաջամարտիկի դեր խաղալ»:
ԼՂ հակամարտության բանակցային գործընթացի մասին
«ԼՂ հակամարտության բանակցային գործընթացում կարծրատիպերը մեզ համար պարտադիր չեն: Ղարաբաղի հարցում մենք հանձնառու ենք բացառապես խաղաղ կարգավորմանը, որի հիմքում պետք է ընկած լինի ժողովուրդների ինքնորոշման սկզբունքը, պետք է նոր լիցք հաղորդել Արցախի միջազգային ճանաչման գործընթացին»:
Ներհայաստանյան կյանքի մասին
Մեր շարժման ամենակարեւոր ուղերձն արդարության պահանջն է: Վախի, անարդարության մթնոլորտը մեզ ուղեկցում էր ամենուր: Հանրային կյանքում, տնտեսական գործունեության մեջ, աշխատանք փնտրելիս մարդիկ բախվում էին դրա հետ: Սրան պետք է վերջ դրվի: ՀՀ-ում այլեւս որեւէ քաղաքացի չպետք է նսեմացած ու թույլ զգա՝ «ուժեղ մեջք» չունենալու պատճառով: Բոլորը պետք է հավասար լինեն օրենքի առջեւ, եւ սա վերաբերելու է, առաջին հերթին, վարչապետի ազգականներին ու մտերիմներին: Պաշտոնյաների հայտարարագրման համակարգը փոխվելու է այնպես, որ ժողովուրդը համոզված լինի, որ հստակ գիտի, թե ինչ ունեցվածք ունի յուրաքանչյուր բարձրաստիճան պաշտոնյա եւ ինչպես է դա փոխվում պաշտոնավար

մանը զուգահեռ: Երաշխավորում եմ, որ վաղվանից չի լինի որեւէ տնտեսական մենաշնորհ: Սա մենք պատրաստվում ենք անել ոչ թե որեւէ մեկին ճնշելով, այլ տնտեսական մրցակցություն ապահովելով: Տնտեսության հիմքում պետք է լինի ոլորտային դիվերսիֆիկացիան»:

Հասարակության մասին

«Բազմաթիվ վարկային կազմակերպություններ, օգտվելով քաղաքացու չիմացությունից, աներեւակայելի բեռ են դրել նրա վրա: Մարդկանց ոչ միայն վարկեր են տրվում աներեւակայելի բարձր տոկոսներով, այլեւ դրան գումարվում է տխրահռչակ «վերխերի» պրակտիկան, երբ քաղաքացին ստիպված է վարկի մինչեւ 20 տոկոսը թողնել իրենց, հակառակ դեպքում՝ ոչինչ չի ստանա: Մենք պետք է շուտափույթ լուծենք վարկային տույժ ու տուգանքները, եւ դա պետք է անենք այնպես, որ չտուժեն նաեւ բանկերն ու վարկային կազմակերպությունները: Այս գործընթացը պետք է կազմակերպվի մտածված, անցնցում, փոխադարձ համաձայնությամբ»:

Ներդրումների մասին

«Որպես վարչապետի թեկնածու՝ կարող եմ հայտարարել, որ այս շարժումը գեներացրել է այնպիսի հսկա էներգիա, որ ոչ միայն հնարավորություն կտա կանխել արտագաղթը, այլեւ սկսել մեծ հայրենադարձության իրականացումը: Բազմաթիվ ներդրումներ են հոսելու Հայաստան, մարդիկ վերադառնում են հայրենիք: Սա ոչ միան ամրապնդելու է ՀՀ անվտանգության մակարդակը, այլեւ պայմաններ է ստեղծելու Արցախի հարցի հայանպաստ լուծման համար: Ներդրումների հոսքը նշանակում է ռազմաարդյունաբերական համալիրի զարգացում, ինչը բարձրացնելու է բանակի մարտունակությունը: Հայաստանը պետք է իր ճակատից ջնջի 30 տոկոսանոց աղքատությունը»:

Ընտրությունների մասին

«Մեր ամենամեծ առաքելությունը համարում եմ արդար, թափանցիկ, անառարկելի ընտրությունների ինստիտուտի վերականգնումը, ինչի համար պետք է գոյություն ունենա քաղաքական կամք, նաեւ օրենսդրական երաշխիքներ: Դրա համար պետք է փոփոխել Ընտրական օրենսգիրքը, որը կբացառի ընտրակաշառքի բաժանումը: Կստեղծվի պրոֆեսիոնալ մարմին, որը կզբաղվի ընտրակաշառքները բացառելու եւ ընտրական այլ հանցագործությունները հետաքննելու գործով: Մեզ համար ակնհայտ է, որ այս գործընթացը պետք է ավարտվի արտահերթ խորհրդարանական ընտրություններով: Թե կոնկրետ ի՞նչ մեխանիզմներով պետք է իրականացնել արտահերթ ընտրություններ, առանձին քննարկման թեմա է, բայց դրանք հնարավորինս կարճ ժամկետներում անցկացումն անխուսափելի է որպես ժողովրդի անշրջելի իշխանության հաստատման եզրափակիչ փուլ»:

Վերջում վարչապետի թեկնածուն նշեց, որ շատ կարեւոր հարցերի, որոնց այսօր չանդրադարձավ, կանդրադառնա կառավարության ծրագրի ներկայացման ժամանակ:

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4