May 20, 2018

Երկրում կա ժողովուրդ, որը հստակ գիտի, թե ինչ է պետք անել, եթե հանկարծ որևէ իշխանություն փորձի լկտիանալ․ Փաշինյան

Leader of the opposition Nikol Pashinyan during the 18th day of the 'Velvet Revolution' on Republic Square of Yerevan, Armenia

«Իմ քայլը» նախաձեռնության առաջնորդ Նիկոլ Փաշինյանն այսօր Հանրապետության հրապարակում հրավիրված հանրահավաքում հայտարարեց՝ «բացարձակապես էական չէ, թե ով կլինի Հայաստանի Հանրապետության վարչապետ, որովհետև էականն այն է, որ կա երկրի ղեկը, երկրի իշխանությունը սեփական ձեռքերը վերցրած ժողովուրդ»:

Աջակիցներին ներկայացնելով օրվա ընթացքում Ազգային ժողովում տեղի ունեցած իրադարձությունները և արձանագրելով, որ մայիսի 1-ին նախատեսված վարչապետի ընտրություններին ներկայացված միակ թեկնածուն հենց ինքն է, և որ ինքը ստացել է երեք՝ «Ելք», «Ծառուկյան» և ՀՅԴ խմբակցությունների աջակցությունը, իսկ Հանրապետական մեծամասնությունը հայտարարել է, թե չի խոչընդոտելու այդ ընտրությանը, Նիկոլ Փաշինյանը փաստեց՝ շատ մեծ է հավանականությունը, որ վաղը ձեր կողմից առաջադրված թեկնածուն կընտրվի Հայաստանի Հանրապետության վարչապետ:

Հրապարակը այս հայտարարությունը ողջունեց «Նիկոլ, Նիկոլ» բացականչություններով: Ընդհատելով նրանց՝ Փաշինյանը շարունակեց․ – «Մինչև հիմա շատերին էր թվում, թե հենց սա է լինելու վերջին շրջանի քաղաքական գործընթացի ամենակարևոր իրադարձությունը: Իրականում, սակայն, այսօր, հիմա կարելի է արձանագրել, որ ամենակարևոր իրադարձությունը տեղի է ունեցել դրանից առաջ, ամենակարևոր իրադարձությունը տեղի է ունեցել օրեր առաջ, և մեզ բոլորիս ակնհայտ էր, որ Հայաստանի Հանրապետությունում ի վերջո կա ժողովուրդ, որը ոտքի է կանգնել և սեփական ձեռքն է վերցրել իրեն իսկ պատկանող իրադարձությունը: Ես ուզում եմ ասել, որ բացարձակապես էական չէ, թե ով կլինի Հայաստանի Հանրապետության վարչապետ, որովհետև էականն այն է, որ կա երկրի ղեկը, երկրի իշխանությունը սեփական ձեռքերը վերցրած ժողովուրդ: Որովհետև ամենակարևորն այն է, որ երկրում կա ժողովուրդ, որը շատ հստակ, բոլոր մանրամասներով գիտի, թե ինչ է պետք անել, եթե հանկարծ երբևէ որևէ իշխանություն Հայաստանի Հանրապետությունում փորձի լկտիանալ, փորձի իրեն կորցնել, փորձի հոտառությունը կորցնել, և փորձի տեղը չբերել սեփական ժողովրդին»:

Անդրադառնալով մայիսի 1-ի գործողություններին՝ Փաշինյանը կոչ արեց աջակիցներին ժամը 11:00-ին հավաքվել Հանրապետության հրապարակում, ճանապարհներ չարգելափակել, բողոքի ակցիաներ չիրականացնել:

«Վաղը այս հրապարակում պետք է տեղի ունենա մի հսկայական տոնախմբություն, որտեղ ժողովուրդը պետք է տոնի իր սեփական հաղթանակը, իր անշրջելի հաղթանակը: Վաղը ժամը 11-ից Հայաստանի բոլոր մարզերից, բոլոր քաղաքներից ու գյուղերից Հայաստանի Հանրապետության քաղաքացիները հավաքվում են Հանրապետության հրապարակում՝ հստակ արձանագրելու, որ իրենք են տերը մեր երկրի», – հայտարարեց ընդդիմադիր առաջնորդը:

Երեկ երեկոյան Հանրապետության հրապարակում կայացած հանրահավաքում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ պատրաստ է «պատասխանատու ձևով ստանձնել Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնը»: Նրա այս հայտարարությունը ջերմ ընդունելության արժանացավ հրապարակում հավաքված հազարավոր աջակիցների մոտ:

Խորհրդարանը մայիսի 1-ին նշանակված հատուկ նիստում նոր վարչապետ է ընտրելու:

Սերժ Սարգսյանը Հայաստանի վարչապետի պաշտոնից հրաժարական տվեց ապրիլի 23-ին՝ ընտրվելուց և նշանակվելուց մի քանի օր անց:

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


Add video comment
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը www.aaeurop.com-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական արտատպումը, տարածումը, կամ հեռուստառադիոընթերցումն առանց www.aaeurop-ին հղման արգելվում է:Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Կայքը պատասխանատվություն է կրում միայն «Եվրոպայի Հայերի Համագումարի » ի ստորագրությամբ նութերի, կարծիքների եւ դիրքորոշումների համար: All Rights Reserved,4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4