January 19, 2022

«Ելքի» հետ քննարկմանը նախապայմաններ չենք առաջադրել. Նաիրա Զոհրաբյան

ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի խոսքով՝ «Ելք» խմբակցության հետ քննարկել են հետագա աշխատանքների հետ կապված հարցեր, որևէ գաղտնիք չկա: Այս մասին նա լրագրողներին ասաց Ազգային ժողովում՝ քննարկումից հետո:

Պատգամավորը նշեց, որ իրենք «Ելք» խմբակցության հետ համագործակցության ժամանակ նախապայմաններ չեն առաջադրել:

«Որևէ համագործակցության ժամանակ «Ծառուկյան» դաշինքը նախապայմաններ չի թելադրում: Մենք վստահ ենք մի բանում, որ այս համակարգը, որ տարիներ շարունակ արմատավորվել է մեր երկրում, այս «մեր դեմ խաղ չկա»-ի համակարգը, որ «բոլոր ճանապարհները պիտի անցնեն Մելիք Ադամյան փողոցով», համատեղ ուժերով ջարդելու իսկապես արժանապատիվ հնարավորություն է ստեղծվել, և պետք է առանց որևէ նախապայմանների, առանց ուլտիմատումների միավորել մեր բոլոր ուժերը, միավորել հանդուրժողականության մթնոլորտում, միավորել ոչ թե վհուկների որս հայտարարելով, ոչ թե իրականությունը սև ու սպիտակի բաժանելով, այլ միավորել իսկապես երկիրն այս վիճակից դուրս բերելու համար»,- ասաց նա։

Նաիրա Զոհրաբյանի խոսքով՝ արտահերթ ընտրություններ պե՛տք է լինեն, բայց պետք է նաև հասկանալ, որ դա մեկ ժամում անելու բան չէ:

«Պետք է պատրաստվել դրան, բարեփոխել «Ընտրական օրենսգիրքը»,- ասաց նա։ Նա հիշեցրեց, որ «Ծառուկյան դաշինքը» ժամանակին ցանկանում էր հանել «ռեյտինգային ընտրակարգը, որն ուղղակի ապաքաղաքականացրել էր ընտրությունները»։

««Ծառուկյան դաշինքն» առաջարկել էր հաշվի առնել ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի լրջագույն առաջարկները, որոնք վերաբերում էին վարչական ռեսուրսի կիրառմանը և քրեական խիստ վերահսկողություն սկսել: Մենք կարծում ենք, որ մայիսի 1-ին սկսվելու է իսկապես սևագործ աշխատանք: Մենք պետք է ընտրությունների գնանք՝ հստակ ունենալով լուրջ «Ընտրական օրենսգիրք», ունենալով կրկնակի քվեարկությունները բացառող հստակ մեխանիզմ, գնալ տեխնիկապես զինված, որը կբացառի կրկնաքվեարկությունը»,- ասաց նա՝ նշելով, որ այս հարցում իրենց և «Ելքի» կարծիքները նույնն են:

Նաիրա Զոհրաբյանը նաև հավաստեց, որ իրենց խմբակցության բոլոր պատգամավորները, որոնք երկրում են լինելու, մասնակցելու են քվեարկությանը:

«Մի քանի բացակա ունենք, որոնք ԱԺ քարտուղարության հետ փորձում են կազմակերպել իրենց քվեարկությունը՝ գրավոր»,- ասաց նա։

Դիտարկմանը, թե հնարավո՞ր է, որ այնուամենայնիվ ՀՀԿ-ն տապալի քվեարկությունը, պատգամավորը պատասխանեց. «Մենք ունենք տեղեկատվություն Նիկոլ Փաշինյանի և Վահրամ Բաղդասարյանի հանդիպումից: Ուզում եմ հավատալ, որ նրանք չեն խոչընդոտի քվեարկությանը»:

Նա հիշեցրեց, որ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը խոստացել էր, որ իրենք չեն խոչընդոտի, եթե մնացած ԱԺ խմբակցությունների միջև կոնսենսուս լինի վարչապետի թեկնածուի շուրջ. «Խմբակցությունների միջև կոնսեսուս կա: Ուզում եմ հավատալ, որ միայն ՀՀԿ-ի ասածը խոսքեր չէին»։

tert.am

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4