January 19, 2022

Նիկոլ Փաշինյանը հանդիպեց ԱԺ «Ծառուկյան» խմբակցության հետ

ԱԺ «Ծառուկյան» խմբակցության անդամներն ասացին, որ իրենք կողմ են քվեարկելու իմ թեկնածության օգտին:

Նման հայտարարություն արեց ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար, «Իմ քայլը» շարժման առաջնորդ Նիկոլ Փաշինյանը, որը քիչ առաջ դուրս եկավ «Ծառուկյան» խմբակցության անդամների հետ քննարկումներից:

Հարցին՝ ինչի՞ դիմաց են կողմ քվեարկելու, արդյո՞ք եղան պայմանավորվածություններ, Փաշինյանը պատասխանեց, թե նման թեմաներ չեն քննարկվում, ավելին՝ այս պահին նման հարցեր քննարկելն ինքը ճիշտ չի համարում:

Ինչ վերաբերում է «Ծառուկյան» խմբակցության մտահոգություններին, Փաշինյան ասաց. «Նրանց մտահոգությունները նույնն են, ինչ բոլորինը՝ կապված երկրի ապագայի հետ: Անձամբ իմ թեկնածության հետ կապված մտահոգություն չունեն, հակառակը՝ մենք ֆիքսեցինք, որ այս ժամանակաշրջանը մեծ հնարավորություն է ՀՀ-ի համար, որ մեծ ճեղքում ունենանք, և երկիրը կարողանանք արագ, կայուն զարգացման ռելսի վրա դնել»:

Փաշինյանի խոսքով՝ բոլորի համար պարզ է, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններ լինելու են: Միևնույն ժամանակ նա շեշտեց, որ այս հարցը միանձնյա որոշման արդյունքում չի կարող լինել և ժամկետների հարցում քաղաքական ուժերի համաձայնությունն է հարկավոր: 

«Պարզ է, որ արտահերթ ընտրություններն անհրաժեշտություն են, ժամկետների մեխանիզմների մասին քննարկումներ կունենանք քաղաքական ուժերի հետ: Չեմ կարծում, որ դա պետք է տեղի ունենա ուղղակի միանձնյա որոշմամբ: Պետք է փորձենք գալ որոշակի ընդունելի ժամկետների ու փոխզիջումների»,– ասաց նա:

«Կա ավելի կարևոր սկզբունք՝ մենք պետք է համոզված լինենք, որ անհրաժեշտ նախապատրաստական աշխատանքներն ենք արել օրինական, ժողովրդավարական և արդար ընտրություններ կազմակերպելու համար: Մեզ պետք են այնպիսի ընտրություններ, որի արդյունքները հանրության ու քաղաքական ուժերի համար կասկածի տակ չեն լինի»,- ավելացրեց Նիկոլ Փաշինյանը:

tert.am

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4