Rss Feed
Tweeter button
Facebook button
Technorati button
Reddit button
Myspace button
Linkedin button
Webonews button
Delicious button
Digg button
Flickr button
Stumbleupon button
Newsvine button
Youtube button
December 12, 2018

«Չէին սպասում, որ շարժումն այսքան կընդլայնվեր, և իշխանության ներսում սկսում են մտածել նավը լքելու մասին». իրավապաշտպան

Վերջին օրերի իրադարձություններին իշխանությունների արձագանքը փաստում է, որ նրանք կտրված են իրականությունից և միայն ուժային կառույցների ու քրեական տարրերի վրա հույսները դրած՝ փորձում են իրենց գործողություններն իրականացնել: Մեդիալաբի» հետ զրույցում նման դիտարկում արեց Հելսինկյան կոմիտեի նախագահ, իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը՝ ոստիկանության վերջին գործողությունները որակելով բիրտ:

Հիշեցնենք, որ ապրիլի 13-ից մեկնարկած ընդդեմ Սերժ Սարգսյանի վարչապետության բողոքի ակցիան օրենցօր նոր թափ է ստանում:

«Քայլ արա, մերժիր Սերժին» ակցիայի մասնակիցների շարքերն ամեն օր համալրվում է, փողոց են դուրս եկել երիտասարդները, անգամ դպրոցականները՝ հայտարարելով դասադուլ ու գործադուլ: Ոստիկանությունն ապրիլի 16-ին հատուկ միջոցներ էր կիրառել Բաղրամյան փողոցում Ազգային ժողովի շենքին մոտենալ ցանկացող ցուցարարների դեմ, կան վիրավորներ: Իսկ ապրիլի 20-ին ոստիկանները Երևանի ու մարզերի տարբեր հատվածներից բերման են ենթարկել մեծաքանակ ակտիվիստների: Բերման ենթարկելիս նաև բռնություններ են գործադրվել քաղաքացիների նկատմամբ: Այս օրերին ակտիվ են նաև քաղաքացիական հագուստով ոստիկանները:

Ավետիք Իշխանյանի խոսքով՝ սա իշխանությունների ձեռանգիրն է, նրանք այլ քաղաքականություն չունեն:

«Նրանք ամեն անգամ ցանկացած բողոք ոստիկանական բիրտ ուժով ճնշել են և շատ խիստ պատժել են բողոքի մասնակիցներին, իսկ իրենք անպատիժ են մնացել: Եվ ամեն անգամ իրենց թվացել է, թե հարցերը լուծվել են, և այլևս բողոքողներ չկան Հայաստանում: Իշխանությունները սրանից այն կողմ հարցերը լուծելու, բարեփոխումներ անելու ճանապարհ չգիտեն»,- «Մեդիալաբին» ասում է Ավետիք Իշխանյանը:

Իրավապաշտպանի խոսքով՝ իշխանությունները հանգիստ կեղծում են ընտրությունները, հետո հայտարարում, թե դրանք ժողովրդավար ընտրություններ էին, իրենք 60 տոկոս ձայն ստացան: Հանգիստ բռնություն են կիրառում ցուցարարների նկատմամբ, և իրենց թվում է, որ ոչնչի համար պատասխան չպետք է տան:

«Եթե հաշվի առնենք Շանթ հեռուսաընկերությանը տված Սերժ Սարգսյանի հարցազրույցը, ապա այդտեղից կարելի էր ենթադրել, որ ուժային կառույցներին արդեն հրահանգ է տրված: Նախ, մի կողմից նրանք չէին սպասվում, որ շարժումն այսպես թափ կստանար, երկրորդ, ենթադրվում էր, որ մինչև վարչապետ դառնալը ձևի համար Սերժ Սարգսյանն այնպիսի վիճակ էր ստեղծել, որ՝ տեսեք, ես չկամ, ոստիկաններին ցուցում տվող չկա: Վարչապետ դառնալուց հետո կամաց-կամաց սկսեց դա շտկել: Եվ այսօր այնպիսի բաներ են կատարվում, օրինակ, Ամիրյան փողոցի վրա քաղաքացիական հագուստով մարդիկ մի աղջկա են քաշքշել, մի խումբ մարդիկ փորձել են օգնել: Պարզվել է, որ այդ քաղաքացիական հագուստով մարդիկ ոստիկաններ են եղել, մարդկանց նկատմամբ հարուցվել է քրեական գործ՝ 316 հոդվածքով»,- հավելեց իրավապաշտպանը:

Ավետիք Իշխանյանը նկատում է, որ այս օրերին ակտիվ են նաև քաղաքացիական հագուստով ոստիկանները: Սա, նրա խոսքով, իշխանությունների նենգ գործելաոճի հետևանքն է, ոչ թե բացահայտ են գործում, այլ քաղաքացիական հագուսոտվ ոստիկաններն ու քրեական տարրեը սադրանքների են դիմում:

Ավտետիք Իշխանյանը չի բացառում, որ իշխանություններն ուժ ու հատուկ միջոցներ կարող են կիրառել խաղաղ ցուցարարների վրա՝ ցրելու նրանց ընդվզումը:

«Իշխանություններն այլ գործելաոճ չունեն: Իմ կարծիքով՝ նրանք կշարունակեն այդ նույն ձեռագրով աշխատել»,- «Մեդիալաբին» ասում է նա:

Հարցին, թե իշխանությունների մոտ այս օրերին վախ ու խուճապ նկատվո՞ւմ է, իրավապաշտպանը պատասխանեց. «Ես երբեք իշխանական շրջանակներում չեմ եղել, երբեմն ասեկոսեների մակարդակով եմ լսել, թե ինչ են մտածում իշխանությունները: Բայց ես համոզված եմ, որ նույնիսկ ամենափոքր բողոքի շարժումից իշխանությունները վախենում են, վախենում են իրենց ունեցվածքն ու իշխանությունը կորցնելուց»: Իսկ ինչքան ավելի մեծ թափ է ստանում այս շարժումը, իրավապաշտպանի խոսքով, այքան ավելի խուճապը մեծանում է:

«Քանի գնում, այս շարժումը թափ է առնում, և ես կարծում եմ՝ նույնիսկ իշխանության ներսում սկսում են մտածել նավը լքելու մասին»,- ասաց նա:

Անդրադառնալով այն հարցին, որ տարիներ շարունակ շահարկվել է այն հարցը, որ մարդիկ փողոց դուրս չեն գա, քանի որ չեն հավատում պայքարին, Իշխանյանն ասում է՝ իրոք անսպասելի էր այսքան մարդու մասնակցությունը:

«Եվ այն մարդիկ, ովքեր ասում են՝ այո, այսպես պետք է լիներ, նրանք ձևեր են թափում, որովհետև Հայաստանում բոլոր քաղաքագետներին ու մասնագետներին թվում էր, թե բոլոր տեսակի դիմադրության կետերը ճնշված են, երիտասարդությունը գտնվում է բուհերի ղեկավարների ու ուսխորհուրդների վերահսկողության տակ: Եվ բողոքի որևէ հույս չէր երևում Հայաստանում: Ես կարծում եմ՝ այդպես էին մտածում բոլորը, բացի վա-բանկ գնացող Նիկոլ Փաշինյանից: Եվ սա բոլորի համար զարմանալի իրավիճակ է»,- ասում է Իշխանյանը:

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


Add video comment
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը www.aaeurop.com-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական արտատպումը, տարածումը, կամ հեռուստառադիոընթերցումն առանց www.aaeurop-ին հղման արգելվում է:Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Կայքը պատասխանատվություն է կրում միայն «Եվրոպայի Հայերի Համագումարի » ի ստորագրությամբ նութերի, կարծիքների եւ դիրքորոշումների համար: All Rights Reserved,4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4