July 23, 2018

Փաշինյանը կոչ արեց բոլոր ընդդիմադիր ուժերին միավորվել Սերժ Սարգսյանի դեմ

Nikol Pashinyan holds a speech during the protest action organized by 'My Step' and '#merjirserjin' initiatives on Freedom Square of Yerevan, Armenia

Իշխող Հանրապետական կուսակցության ղեկավար Սերժ Սարգսյանի իշխանավարման երկարաձգումը կանխելու նպատակով պայքարի դուրս եկած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը Երևանի Ազատության հրապարակում կազմակերպված բազմամարդ հանրահավաքում բոլոր ընդդիմադիր ուժերին կոչ արեց «միավորվել և ներել իրար»:

Փաշինյանը, մասնավորապես, անվանական դիմեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հետ «Ելք» դաշինքին մաս կազմող «Լուսավոր Հայաստան», և «Հանրապետություն» կուսակցություններին: Երեք ուժերի միջև մարտի վերջին հակասություններ էին առաջ եկել վարչապետի պաշտոնում Սերժ Սարգսյանի առաջադրման դեմ պայքարի մեթոդների շուրջ, ինչից հետո «Քաղաքացիական պայմանագիրը» որոշել էր, առանց ընդդիմադիր մյուս գործընկերների հանդես գալ «Իմ քայլը» նախաձեռնությամբ: Նիկոլ Փաշինյանը և նրա աջակիցները, մարտի 31-ին դուրս գալով Գյումրիից, երկու շաբաթում ոտքով անցան Հայաստանի մի շարք քաղաքներով և այսօր հասան Երևան, որտեղ այսօր նախատեսված էր «Իմ քայլը» նախաձեռնության հանրահավաքը:

«Ես ուզում եմ Ազատության հրապարակի այս հարթակից համերաշխության ձեռք մեկնել Հայաստանի Հանրապետության բոլոր ընդդիմադիր քաղաքական ուժերին, բոլոր նրանց, ովքեր պայքար են մղել երբևէ Սերժ Սարգսյանի և նրա ապօրինի իշխանության դեմ», – հանրահավաքի ամբիոնից դիմելով ընդդիմադիրներն՝ ասաց նա: – «Սիրելի գործընկերներ, մենք այս ընթացքում բազմաթիվ հակասություններ ենք ունեցել, շատ վիճել ենք, կռվել ենք, երբեմն վիրավորել ենք նաև իրար, բայց կարծում եմ, որ ժամանակն է, որ մենք հանուն մեր ժողովրդի ի վերջո միավորվենք Ազատության հրապարակում և ներենք իրար ամեն ինչի համար», – հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:

Մոտ մեկ ժամ տևած իր ծավալուն ելույթում թվարկելով Սերժ Սարգսյանի պաշտոնավարման տասը տարիների ձախողումները՝ Փաշինյանը կոշտ քննադատության ենթարկեց նրան և մարդկանց կոչ արեց այս գիշեր մնալ Ազատության հրապարակում, իսկ վաղվանից էլ դուրս գալ փողոց և շրջափակել Հանրապետական կուսակցության գրասենյակը՝ տապալելու խորհրդի նիստը, որի ընթացքում իշխող կուսակցությունը պատրաստվում է Սարգսյանին առաջադրել վարչապետի պաշտոնում:

Անդրադառնալով իրենց առաջիկա քայլերին, ընդդիմադիր գործիչը հայտարարեց․ – «Գիշերը հրապարակում մնում են 100-300 հոգի: Այո, մենք կարող ենք բացառել ոստիկանական բռնությունը, եթե այս հրապարակում հենց այս պահին ներկա որևէ մարդ այս պահից մինչև հանգուցալուծումը չհեռանա հրապարակից և փողոցներից: Ես ինքս տուն չեմ գնալու այնքան ժամանակ, մինչև չլինի որևէ հանգուցալուծում, և ոչ մի վայրկյանով չեմ լքելու ձեզ: Մենք լինելու ենք ձեր կողքին և խնդրում ենք՝ դուք էլ եղեք մեր կողքին: Եթե, այնուամենայնիվ ոստիկանության կողմից հարձակում լինի, մեր գործողությունը մեկն է՝ մենք խմբվում ենք և պասիվ դիմադրություն ենք ցույց տալիս: Ինչ է դա նշանակում․ շատ պարզ բան: Եթե նրանք գալիս են մեզ ցրելու, մենք ուղղակի չենք ցրվում, թև-թևի տված, իրար մեջքը պինդ բռնած կանգնում ենք, և նրանք մեր աչքերի մեջ պետք է տեսնեն Սերժ Սարգսյանի պարտությունը»:

Հանրահավաքի ավարտին Փաշինյանը հայտարարեց, որ այսօր կգրավեն Երևան Ֆրանսիայի հրապարակը: Հանրահավաքի հազարավոր մասնակիցները շարժվեցին Ֆրանսիայի հրապարակ՝ այսպիսով արգելափակելով Մաշտոց – Բաղրամյան – Սայաթ Նովա բանուկ փողոցների միջև երթևեկությունը: Ընդ որում, Փաշինյանը հայտարարեց, որ եթե մարդկանց քանակն ավելանա, իրենք առաջ են շարժվելու և հարակից փողոցների երթևեկությունը ևս արգելափակելու են:

Նշենք, որ ավելի վաղ Ոստիկանությունը հայտարարություն էր տարածել, նշելով, որ հասարակական կարգի պահպանությունն ու անվտանգությունն ուժեղացնող միջոցառումներ մինչ այս պահը չի իրականացրել, քանի որ հավաքի կազմակերպիչը ընդհանուր առմամբ կատարում է «Հավաքների ազատության մասին» օրենքով նախատեսված իր պարտականությունները, իսկ հավաքը կրում է խաղաղ, սահմանադրական բնույթ: – «Չնայած ասվածին, երթ իրականացնելու օրենքով սահմանված պայմաններն ամբողջությամբ չեն պահպանվում, իսկ առանձին դեպքերում երթի բնականոնությունն ապահովելու իրավական պահանջը խախտվում է», – նաև նշել է ոստիկանությունը՝ երթի կազմակերպչին և մասնակիցներին հորդորելով «այսուհետ ևս պահպանել հավաքի խաղաղ բնույթը, հրաժարվել առանց իրազեկման կամ իրազեկման պայմանների խախտմամբ երթեր իրականացնելու գործելակերպից»:

azatutyun.am

 

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


Add video comment
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը www.aaeurop.com-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական արտատպումը, տարածումը, կամ հեռուստառադիոընթերցումն առանց www.aaeurop-ին հղման արգելվում է:Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Կայքը պատասխանատվություն է կրում միայն «Եվրոպայի Հայերի Համագումարի » ի ստորագրությամբ նութերի, կարծիքների եւ դիրքորոշումների համար: All Rights Reserved,4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4