October 15, 2018

Հայաստանում ընդդիմությունը շատ թույլ է և չի կարողանում մարտահրավեր նետել իշխանական համակարգին

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Գլենդելի նորընտիր քաղաքապետ Զարեհ Սինանյանը։ Հիշեցնենք, որ Զարեհ Սինանյանն արդեն զբաղեցրել է քաղաքապետի պաշտոնը 2014-2015 թթ., իսկ վերջին տարիներին Գլենդելի քաղաքային խորհրդի անդամ էր։

-Պարոն Սինանյան, շնորհավորում եմ Ձեզ՝ Գլենդելի քաղաքապետի պաշտոնը կրկին ստանձնելու կապակցությամբ։ Ամենակազմակերպված քաղաքի համարում ունեցող Գլենդելի քաղաքապետ կրկին դառնալը ի՞նչ նշանակություն ունի։

-Իրականում ինձ համար շատ բան չի փոխվում, որովհետև աշխատանքային բնույթս, ըստ էության, չի փոխվելու, պարզապես որոշ իրավասություններ են ավելանում։ Եվ ես շարունակելու եմ աշխատել նույն եռանդով, նույն մտադրությամբ և իրագործել այն կարճաժամկետ և երկարաժամկետ ծրագրերը, որոնք իմ առջև դրել եմ։

-Այսօր քաղաքում ի՞նչ խնդիրներ լուծման կարիք ունեն։

-Ամենակարևոր խնդիրը քաղաքի ֆինանսական առողջության պահպանումն է։ Մենք այս պահին առողջ ենք, և պետք է ամեն ինչ անենք, որ 5-10-20 տարի հետո նույնպես առողջ լինենք։ Հետևաբար, այն քաղաքական և տնտեսական որոշումները, որոնք կայացնում ենք այսօր, պետք է միտված լինեն ապագայում էլ ֆինանսական բյուջետային ապահով վիճակ ստեղծելուն։

Երկրորդ խնդիրը, մեր քաղաքում և մեր քաղաքից դուրս՝ Հարավային Կալիֆոռնիայում բնակարանների ահագնացող թանկացման խնդիրն է։ Այս պահին ճգնաժամ ենք ապրում ամբողջ տարածքում։ Հարավային Կալիֆոռնիայում մոտ մեկուկես միլիոն տների և բնակարանների պակասորդ կա, այսինքն՝ բնակիչների թիվն այդքանով գերազանցում է կացարանների թվին։ Սա ահռելի թիվ է և հետևանք է 10-20 տարվա վատ ծրագրավորման, վատ քաղաքականության, որի արդյունքում տարիների ընթացքում բավական քանակությամբ նոր կացարաններ չեն ստեղծվել։ Մենք անտունների հսկայական բանակ ունենք, որը Գլենդելում, բարեբախտաբար, փոքր թիվ է կազմում՝ մոտ 140-150 մարդ, սակայն միայն Լոս Անջելեսի տարածքում 48․000-ից ավելի մարդ է անտուն։ Իսկ մեզ մոտ այն արտահայտվում է բնակարանների վարձերի կտրուկ աճով։ Շատերը վերջին մեկ-երկու տարվա ընթացքում 50-70 տոկոսի աճ են տեսել բնակարանների վարձերի մեջ, որը, իհարկե, շատերի համար ճակատագրական թիվ է։ Հիմա մենք փորձում ենք այս ամենը զսպել, բայց դրան զուգահեռ՝ փորձում ենք ստեղծել հնարավորինս մատչելի գներով բնակարաններ, իսկ դա իրագործելու համար մենք օգտվում ենք նահանգային և դաշնային ծրագրերից և ստանում ենք այնքան, որքան մեր հնարավորությունները թույլատրում են։ Դրա հետ մեկտեղ աշխատում ենք նաև դաշնային և նահանգային իշխանությունների հետ, օրենսդիր մարմինների հետ, որպեսզի այդ ուղղությամբ մեզ հատկացվող գումարներն անընդհատ աճեն։

Երրորդ խնդիրը, որը միշտ ուշադրության կենտրոնում է, ապահովության մակարդակի պահպանման խնդիրն է։ Մեր քաղաքն ունի շատ ապահով լինելու համբավ։ Վիճակագրությունը ցույց է տալիս, որ մենք Միացյալ Նահանգների տասը ամենաապահով քաղաքներից մեկն ենք։ Եվ մենք պետք է այդ կարգավիճակը պահենք։ Եվ սա այն բնութագրիչներից մեկն է, որը մեր քաղաքը գրավիչ է դարձնում ոչ միայն մեր բնակչության, այլ նաև բիզնեսների համար։

Չորրորդ կարևորագույն խնդիրը տրանսպորտային միջոցների բարելավումն է, մասնավորապես վերջին 3-4 տարվա ընթացքում անընդհատ աշխատանք է տարվում և՛ տարածաշրջանային, և՛ տեղական տրանսպորտային միջոցներ ստեղծելու ուղղությամբ։ Խոսքը տրամվայի գծի ստեղծման մասին է, ինչպես նաև գնացքի գծով Լոս Անջելեսի բոլոր մյուս մասերը կապող համակարգի ստեղծման մասին է։ Սա Լոս Անջելեսում լուրջ խնդիր է, և դրա լուծման համար լուրջ ռեսուրսներ են սկսել հատկացնել։ Եվ մենք պետք է այնպես անենք, որ այդ ռեսուրսների արդար բաժինը հասնի Գլենդել քաղաքին։

-Իշխանությունների՞ թերացումն է նման իրավիճակի հանգեցրել։

-Միացյալ Նահանգների իշխանության վրա մեղքը բարդելն անարդար է, որովհետև դաշնային կառավարությունները շատ քիչ են առնչվում բնակարանաշինության հետ, նրանք ունեն մատչելի տների ծրագիր, որը օգնում է տարեց և անապահով անձանց մատչելի բնակարաններ ապահովելու հարցում։ Սա միակ դաշնային ծրագիրն է, որը շատ մեծ դեր չի խաղում բնակարանաշինության քաղաքականության մեջ։ Մեղքը հավաքականորեն ընկնում է բոլոր ՏԻՄ մարմինների վրա, որովհետև բնակչության ճնշումներին տեղ տալով՝ նրանք վերջին երկու տասնամյակի ընթացքում չեն կառուցել այնքան բնակարան, որքան անհրաժեշտ է։ Հիմնական պատճառն այն է, որ մարդիկ այստեղ չեն ուզում խիտ բնակեցված վայրերում ապրել։ Եվ էգոիստական նկատառումներով այդ բնակարանները չեն կառուցվել։ Հիմա հասկանում են, թե որքան լուրջ խնդիր է, բայց դանակը ոսկորին է հասել, և լուծումներ գտնելն էլ շատ դժվար է։

-Ըստ էության՝ Գլենդելը դարձել է մի քաղաք, որտեղ հայերը ինչ-որ իմաստով կազմակերպվելով, ընտրություններին կազմակերպված մասնակցելով կարողանում են իրենց կամքը թելադրել։ Գլենդելի հայության այդպիսի պատկառելի ներկայությունը մեծապես կապված է Հայաստանից մեծ արտագաղթի հետ։ Դուք ևս, ինչպես և Հայաստանից հազարավոր ընտանիքներ, լքել եք Հայաստանը և հաստատվել եք Լոս Անջելեսում։ Հայաստանը լքելու տենդենցը չի դադարում այսօր ևս։ Մյուս կողմից, Հայաստանի իշխանությունը ծրագրել է 2040թ 4 միլիոնի հասցնել Հայաստանի բնակչությունը, և այդ առթիվ Սերժ Սարգսյանը մեկ անգամ ևս այս օրերին խորհրդակցություն էր հրավիրել։ Ի՞նչ եք կարծում՝ այսօրվա իշխանություններն ի զորո՞ւ են այդպիսի խնդիր լուծել։ Ի՞նչ պետք է արվի այդպիսի խնդրի լուծման համար։

Այս հարցին կարող եմ պատասխանել որպես հայ մարդ։ Իհարկե, իրատեսական չեմ համարում այդ հայտարարությունները, որովհետև չեմ տեսնում նման ծրագրի իրագործման նախադրյալները։ Ըստ էության՝ այսօր Հայաստանից մարդիկ հեռանում են անարդարության պայմաններում ապրելու անհամաձայնությունից։ Այսինքն՝ նրանք չեն ուզում ապրել մի տեղ, որտեղ չեն կարող կայանալ որպես լիարժեք մարդ, որտեղ օրենքը չի պաշտպանում քաղաքացուն, որտեղ տնտեսական միջավայրը ոչ միայն կոռումպացված է, այլ նաև մոնոպոլիզացված։ Ահա թե ինչու են մարդիկ հեռանում։ Եվ որպեսզի երկրում տեղի ունենա դեմոգրաֆիկ աճ, առաջին հերթին պետք է մեկուսացնել այս պատճառները, իսկ դրա լուծման նախադրյալների նշույլն անգամ չեմ տեսնում։ Եվ որևէ լուրջ մարդ չի կարող ասել, որ սայլը տեղից շարժվել է։ Իսկ լուծման դեպքում, իմ կարծիքով, չորս միլիոնը համեստ թիվ է, կարելի է գերազանցել, կարելի է այդ ժամկետներում ավելի մեծ թիվ ապահովել Հայաստանում, բայց դրա համար անհրաժեշտ է, որպեսզի պետությունը աշխատի հանուն բնակիչների, իսկ այս դեպքում դա իրականություն չի։

-Կառավարությունը և վարչապետն ավարտում են իրենց աշխատանքը։ Մեկ տարի է՝ Կարեն Կարապետյանը դիմում է սփյուռքահայերին, որ գան և Հայաստանում ներդրումներ անեն։ Ինչո՞ւ որևէ սփյուռքահայ ականջալուր չեղավ վարչապետի հրավերին։ Կարծում եք՝ խնդիրը վստահության բացակայության մե՞ջ է։

-Մի տեղ, որտեղ խաղի օրենքները հստակ չեն բոլորի համար, օրենքները հավասար չեն գործում բոլորի համար, որևէ տնտեսական զարգացման մասին խոսելը լուրջ չէ։

-Դուք ձեր ամենօրյա աշխատանքում հետևում եք նաև Հայաստանից ստացվող տեղեկություններին։ Այսօր կապիտալի, անօրինական փողերի լվացման մեծ շարժեր են, և հայկական ԶԼՄ-ների որոշ հրապարակումներից տեղեկանում ենք, որ Հայաստանի շատ հարուստ օլիգարխներ իրենց կապիտալը Հայաստանից տեղափոխում են ԱՄՆ, մասնավորապես Լոս Անջելեսի շրջան և ներդրումներ են անում Մեծ Լոս Անջելեսի քաղաքներում, մասնավորապես և նաև Գլենդելում։ Ի՞նչ է Ձեզ հայտնի այդ մասով։

Ուղղակիորեն ինձ հայտնի չէ, ես անձամբ չեմ առնչվել, բայց գիտեմ, որ մեր իշխանական օղակների գրեթե բոլոր ներկայացուցիչներն իրենց ընտանիքներով ինչ-որ ձևով ներկա են այստեղ։

-Հայաստանը պատմական շրջանի առջև է։ Ընդամենը մի քանի օր հետո՝ ապրիլի 9-ին, Սերժ Սարգսյանը վայր կդնի իր պաշտոնը, և նրա փոխարեն Հայաստանի նախագահի պաշտոնը կզբաղեցնի Արմեն Սարգսյանը։ Ի՞նչ կարծիքի եք նրա մասին։

-Իհարկե, մոտիկից չեմ հետևել գործընթացներին, պարզապես գիտեմ, որ Հայաստանը նախագահականից անցում է կատարում խորհրդարանական համակարգի։ Որքան ես եմ հասկանում, նախագահը որևէ իրավասություն չունեցող ձևական պաշտոն է, և հետևաբար, թե ով է այդ ձևական պաշտոնը ստանձնելու, չեմ կարծում, թե շատ էական է։

-Սերժ Սարգսյանը, ըստ էության, չի բացառել, որ հավակնում է Հայաստանի վարչապետի պաշտոնը ստանձնել, չնայած նրա քաղաքական ուժի նկատմամբ համընդհանուր դժգոհությանը։ Ի՞նչ եք կարծում այդ մասին։

-Ես ընդհանուր կարող եմ ասել, որ Ադրբեջանին նմանվելը չի կարող լավ բան լինել։ Այսքանով սահմանափակվենք։

-Այսօր տարբեր քաղաքական հոսանքներ տարբեր քաղաքական պայքարներ են մղում։ Նիկոլ Փաշինյանը «Իմ քայլն» է անում, «Հանուն Հայաստան պետության» ճակատն իր քայլերն է անում, Զարուհի Փոստանջյանն իր ընդվզման օրակարգով է առաջ գնում։ Ի՞նչ եք մտածում այս ամենի մասին։

-Ժամանակս չի հերիքում, և ես շատ մոտիկից չեմ հետևում։ Ակնհայտ է և ցավալի, որ Հայաստանում ընդդիմությունը շատ թույլ է և չի կարողանում համապատասխան մարտահրավեր նետել իշխանական համակարգին։ Բայց համոզված եմ, որ այդ մարդիկ փորձում են ինչ-որ բան անել, թե ինչ է ստացվում, դա արդեն ուրիշ հարց է։

 

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


Add video comment
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը www.aaeurop.com-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական արտատպումը, տարածումը, կամ հեռուստառադիոընթերցումն առանց www.aaeurop-ին հղման արգելվում է:Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Կայքը պատասխանատվություն է կրում միայն «Եվրոպայի Հայերի Համագումարի » ի ստորագրությամբ նութերի, կարծիքների եւ դիրքորոշումների համար: All Rights Reserved,4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4