September 18, 2021

Թրամփի «բազեները» պատրաստվում են պատերազմի «Հըզբոլլահ»-ի և Իրանի դեմ. հայացք Երևանից

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի իրանական քաղաքականությունը շարունակում է քննարկվել հայկական մեդիափորձագիտական դաշտում որպես Հայաստանի արտաքին քաղաքականության հնարավոր մարտահրավերներից մեկը: Թրամփի վարչակազմում վերջին ամսվա ընթացքում տեղի ունեցան փոփոխություններ, բարձր պաշտոններում առաջադրվեցին այնպիսի գործիչներ, ովքեր կողմ են Իրանի դեմ ավելի կոշտ քաղաքականությանը, ընդհուպ մինչև պատերազմը Իրանի դեմ: Մասնավորապես, պաշտոնից հեռացվեց պետքարտուղար Թիլերսոնը, որը կողմ էր Իրանի հետ 2015 թվականին ստորագրված միջուկային համաձայնագրի պահպանմանը և դեմ էր, որ Միացյալ Նահանգները դուրս գա այդ պայմանագրից: Այս հարցում Թրամփն ու Թիլերսոնը լուրջ հակասություններ ունեին: Սպիտակ տան ղեկավարը պետքարտուղարի պաշտոնում առաջադրեց Կենտրոնական հետախուզական վարչության տնօրեն Մայք Պոմպեոյի թեկնածությունը: Եվ ակնկալվում է, որ Պոմպեոն ավելի կոշտ մոտեցումներ կցուցաբերի Իրանի հարցում: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդականի պաշտոնը ապրիլի 9-ից զբաղեցնելու է Հանրապետական կուսակցության մեկ այլ հայտնի նեո-պահպանողական «բազե»՝ Ջոն Բոլթոնը, որը ժամանակին կողմ է արտահայտվել Իրանի դեմ ռազմական գործողություններին: Այսպիսով, նախագահ Թրամփը և իր առանցքային չորս թիմակիցները՝ պետքարտուղար Պոմպեոն, Պենտագոնի ղեկավար Ջեյմս Մեթիսը, խորհրդական Ջոն Բոլթոնը և Սպիտակ տան աշխատակազմի ղեկավար Ջոն Քելին Իրանը համարում են սպառնալիք ամերիկյան շահերին, իսկ Իրանի հարցը՝ առաջնահերթ խնդիր: Հարցն այն է, թե ինչպե՞ս է Թրամփի վարչակազմը պատրաստվում լուծել այս հարցը:

Զրկել Իրանին դաշնակիցներից

Ամերիկագետ Արեգ Գալստյանը «Առաջին լրատվական»-ի հետ հարցազրույցում նշել է երկու ճանապարհ՝ քաղաքական և ռազմական: Քաղաքական ճանապարհը Իրանի միջուկային համաձայնագրից դուրս գալն է: Դրա համար Թրամփին անհրաժեշտ է Սենատի 2/3-ի աջակցությունը, որը Թրամփն այսօր չունի: Երկրորդ տարբերակը խնդրի ռազմական լուծումն է: Փորձագետը չի բացառում, որ Թրամփը նշանակել է այս ռազմատենչ գործիչներին առանցքային պաշտոններում պարզապես դեմոկրատներին վախեցնելու համար, որպեսզի Կոնգրեսում կողմ քվեարկեն Իրանի միջուկային համաձայնագրից դուրս գալուն, բայց ամեն դեպքում Թրամփի վարչակազմը, նեո-պահպանողական «բազեները» այսօր Մերձավոր Արևելքում կարևոր են համարում մեկ հարցի լուծում՝ զրկել Իրանին իր դաշնակիցներից Լիբանանում և Պաղեստինում: Ամերիկյան խոշոր վերլուծական կենտրոնների (The Heritage Foundation, Atlantic Council, RAND Corporation) հրապարակած վերջին զեկույցներում նշվում է, որ Իրանի հարցի պոտենցիալ լուծումը հնարավոր է միայն այն դեպքում, եթե հաջողվի զինաթափել «Հըզբոլլահ»-ին, որովհետև նա լուրջ սպառնալիք է Իսրայելին, իսկ Իրանի դեմ երկու ճակատով պատերազմելն այսօր անհնար է:

«Եթե իսկապես դիտարկվում է հարցի ռազմական, ագրեսիվ սցենարը, ապա, անկասկած, ռազմական գործողությունները կսկսվեն Լիբանանից, որովհետև ոչ մի ռազմավարություն թույլ չի տա Միացյալ Նահանգներին օբյեկտիվորեն ինչ-որ գործողություններ սկսել Իրանի դեմ, երբ գոյություն ունի այսպիսի լուրջ թիկունք՝ ի դեմս այնպիսի լուրջ ուժի, ինչպիսին «Հըզբոլլահ»-ն է Լիբանանում, որովհետև նա անմիջական սպառնալիք է Իսրայելին, հետևաբար նաև սպառնալիք է ամերիկյան շահերին նեո-պահպանողականների տեսանկյունից»,- ասել է Արեգ Գալստյանը՝ ավելացնելով, որ, ըստ էության, իրանական հարցի լուծումը բխում է ոչ այնքան Միացյալ Նահանգների, որքան Իսրայելի շահերից և իսրայելամետ լոբբի իրականացնող նեո-պահպանողական էլիտայի շահերից:

Գալստյանի խոսքերով՝ Պենտագոնում շատ լավ են հասկանում, որ Իսրայելն ավելի լավ գիտի իր հարևաններին, և հենց այդ պատճառով հենց Իսրայելն է ամենայն հավանականությամբ ղեկավարելու ցանկացած ռազմական սցենար Իրանի և իր դաշնակիցների դեմ:

Թրամփի մերձավորարևելյան քաղաքականությունը

Թե՛ Իրանի, թե՛ Լիբանանում «Հըզբոլլահ» ռազմաքաղաքական կազմակերպության դեմ հնարավոր ռազմական գործողություններն անուղղակիորեն առնչվում են նաև հայկական շահերին, քանի որ Իրանը Հայաստանի հարևանն է և կարևորագույն գործընկերներից մեկը, իսկ Լիբանանում ապրում և գործում է Մերձավոր Արևելքի ամենակարևոր հայկական համայնքներից մեկը:

Արաբագետ Սարգիս Գրիգորյանը, սակայն, հավանական չի համարում ռազմական թեժացումը Միացյալ Նահանգների և Իրանի կամ Իսրայելի և «Հըզբոլլահ»-ի միջև:

«Տեսանելի ապագայում ռազմական բախումները հավանական չեմ համարում, բայց ակնհայտ է, որ Իսրայելն իր դերակատարությունը կունենա, եթե հետագայում լինեն որոշակի սրացումներ, որովհետև Իսրայելին սպառնացող հիմնական վտանգը հենց «Հըզբոլլահ»-ից է գալիս անմիջապես սահմանային հատվածում: Իսկ ավելի հեռու Իրանը Իսրայելի ավանդական հակառակորդն է տարածաշրջանում, որի դեմ Իսրայելը որոշակի քաղաքականություն է իրականացնում: Բայց պետք է չմոռանանք, որ Միացյալ Նահանգներն ունի իր ուրույն քաղաքականությունը, որը կարող է տարբերվել իսրայելականից, և նաև դրանով է պայմանավորված այն, որ կտրուկ սրացումներ չկան: Միացյալ Նահանգները շատ լավ հասկանում է, որ այսօրվա ծխացող, անկայուն տարածաշրջանում ևս մի օջախ ավելացնելը կարող է էլ ավելի սրել իրավիճակը: Ճնշումներ, իհարկե, կլինեն: Թրամփը կփորձի դա օգտագործել առաջին հերթին երկրի ներսում իր դիրքերն ամրապնդելու նպատակով»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում մեկնաբանեց արաբագետը:

Այսպիսով, եթե Օբամայի վարչակազմի տարիներին ամերիկյան քաղաքականությունը Մերձավոր Արևելքում ավելի պասիվ էր, ապա հիմա տեսնում ենք, որ Թրամփի օրոք Միացյալ Նահանգներն ավելի վճռական գործողություններ է իրականացնում տարածաշրջանում, ընդ որում տարբեր ուղղություններով:

«Իրանի հետ հարաբերություններում կանխատեսելիություն մտցնելը, Իրանի և նրա դաշնակիցների նկատմամբ ճնշում գործադրել Թրամփի մերձավորարևելյան քաղաքականության բաղկացուցիչ մասն են կազմելու ապագայում: Հավանաբար Միացյալ Նահանգներում շատ լավ հասկանում են, որ Իրանի նկատմամբ ուղղակի ճնշումներ բանեցնելը շատ քիչ ազդեցություն կունենա Իրանին զսպելու առումով, հետևաբար փորձում են այլ լուծումներ գտնել՝ փորձելով ներազդել Իրանի դաշնակիցների վրա: «Հըզբոլլահ»-ը այդ օղակի բաղկացուցիչ մասն է: «Հըզբոլլահ»-ը համարվում է Իրանին հարող կառույցներից մեկը, որն իրականացնում է իրանամետ քաղաքականություն տարածաշրջանում, և քանի որ Լիբանանում «Հըզբոլլահ»-ը բավական ամուր դիրքեր ունի և այդ ամուր դիրքերը դրդեցին, որ «Հըզբոլլահ»-ը դառնա բավական ակտիվ և արդյունավետ գործիք նաև հարևան Սիրիայի զարգացումներում, այդ պատճառով Թրամփի վարչակազմը փորձում է հստակցություն մտցնել նաև այս կառույցի նկատմամբ իրականացվող քաղաքականության մեջ»:

Իրանի դեմ՝ ոչ, «Հըզբոլլահ»-ի դեմ՝ այո

Իրանագետ Արմեն Իսրայելյանը կարծում է, որ Իրանի դեմ ուղղակի ռազմական գործողություններ չեն իրականացվի, բայց «Հըզբոլլահ»-ի նկատմամբ կարող են ավելի վճռական քայլեր կատարվել:

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում իրանագետը նշեց. «Ներկայումս տարածաշրջանում ռազմաքաղաքական իրավիճակն այնպիսին չէ, ինչպիսին մինչև միջուկային համաձայնությունն էր: Մինչև 2014-15 թթ. Իրան-Միացյալ Նահանգներ հարաբերություններն ավելի լարված էին, բայց այստեղ դեր խաղաց նաև Եվրամիությունը, հետևաբար այսօր այլ իրավիճակ է: Չեմ կարծում, որ ներկա իրավիճակում Միացյալ Նահանգները կփորձի Իրանի հետ խնդիրները լուծել ռազմական ճանապարհով: Դա ավելի շատ Իրանի նկատմամբ հոգեբանական ճնշումներ գործադրելու և միջազգային հանրությանը Իրանի դեմ ավելի կոշտ քաղաքականության նախապատրաստելու նպատակ ունի: Ինչ վերաբերում է «Հըզբոլլահ»-ին, ապա այո, կարծում եմ՝ այս հարցում Վաշինգտոնն ավելի հետևողական քաղաքականություն կիրականացնի: Ակնհայտ է, որ Թրամփի վարչակազմը պաշտոնավարման սկզբից Իրան-«Հըզբոլլահ» հարաբերությունների, Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գործունեությունը սահմանափակելու հետևողական քայլեր է ձեռնարկում: Սաուդյան Արաբիայում կայացած հայտնի հավաքի ժամանակ ևս ընդգծվեց իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի դերակատարությունը: Այս համատեքստում, Միացյալ Նահանգների դաշնակիցների աջակցությամբ, փորձ կկատարվի սահմանափակել Իրանի դերակատարությունը Մերձավոր Արևելքում»:

Կազդի՞ հայ-իրանական հարաբերությունների վրա

Իսկ ինչպե՞ս ամերիկյան այս քաղաքականությունն Իրանի նկատմամբ կազդի Հայաստանի և հայ-իրանական հարաբերությունների վրա:

Պատասխանելով հարցին՝ իրանագետ Արմեն Իսրայելյանը հույս հայտնեց, որ Հայաստանին երկընտրանքի առջև չեն կանգնեցնի, և մենք կկարողանանք այնպիսի քաղաքականություն վարել, որը թույլ կտա խնդիրներ չունենալ ո՛չ իրանական, ո՛չ էլ ամերիկյան կողմի հետ:

«Երևանը այդ փորձը ունի: Իրանի և Միացյալ Նահանգների միջև շատ լարված իրավիճակում Հայաստանը կարողացել է այնպիսի քաղաքականություն իրականացնել, որ միջազգային հանրությունը մտահոգություններ չունենա: Հայաստանը, լինելով ՄԱԿ-ի անդամ, մշտապես հետևել է Անվտանգության խորհրդի բանաձևերին և չի ձեռնարկել այնպիսի քայլեր, որոնք կարող են խնդիրներ առաջացնել: Ես չեմ հիշում որևէ դեպք, որ Միացյալ Նահանգները կամ Եվրամիությունը Իրանի հետ լարված հարաբերությունների շրջանում Հայաստանին ինչ-որ երկընտրանքի առջև կանգնեցնեն: Հայաստանը խստորեն հետևել է միջազգային բոլոր պարտավորություններին: Հայ-իրանական օրակարգում չկան այնպիսի նախագծեր, որոնց իրագործումը կարող է խնդիրներ առաջացնել Միացյալ Նահանգների համար: Սահմանվել են այնպիսի պատժամիջոցներ, որոնք չեն առնչվում հայ-իրանական տնտեսական կապերին: Իհարկե, բացասական կազդի, ընդհանուր միջավայրը կփոխվի, բայց չեմ կարծում, որ լուրջ ազդեցություն կունենա հայ-իրանական հարաբերությունների զարգացման վրա»,- ավելացրեց մեր զրուցակիցը:

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4