October 15, 2018

Վատիկանում տեղի ունեցավ Սուրբ Գրիգոր Նարեկացու արձանի բացման արարողությունը

05 ապրիլի, 2018 | 13:54

Ապրիլի 4-ի երեկոյան Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը, հրավերով Հռոմի Կաթոլիկ Եկեղեցու Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապի, եղբայրական այցով ժամանեց Վատիկան` մասնակցելու Ս. Գրիգոր Նարեկացու արձանի բացման արարողությանը:

Ամենայն Հայոց Կաթողիկոսին ուղեկցում էին ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը, Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը, Մայր Աթոռի Միջեկեղեցական հարաբերությունների բաժնի տնօրեն Հոգեշնորհ Տ. Շահե ծայրագույն վարդապետ Անանյանը, Իտալիայի հայոց հոգևոր հովիվ Հոգեշնորհ Տ․ Թովմա վարդապետ Խաչատրյանը և Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգի տնօրեն Արժանապատիվ Տ. Վահրամ քահանա Մելիքյանը:

Ապրիլի 5-ի առավոտյան Վեհափառ Հայրապետը պատվիրակության ուղեկցությամբ մեկնեց Առաքելական պալատ, ուր տեղի ունեցավ Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Հռոմի Սրբազան Քահանայապետի առանձնազրույցը:


Հանդիպումից հետո Հռոմի Ֆրանցիսկոս Պապի, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, ինչպես նաև Լիբանանից ժամանած Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսի ու Հայ Կաթողիկե Եկեղեցու Պատրիարք Ամենապատիվ Գրիգոր-Պետրոս Ի Կապրոյանի մասնակցությամբ և ներկայությամբ Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի տեղի ունեցավ Սուրբ Գրիգոր Նարեկացու արձանի բացման արարողությունը: 


2015 թ. ապրիլի 12-ին Սուրբ Պետրոսի տաճարում Նորին Սրբություն Ֆրանցիսկոս Պապի կողմից մատուցված Ս. Պատարագի ընթացքում Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու հայրերից Սուրբ Գրիգոր Նարեկացին Կաթոլիկ Եկեղեցու կողմից հռչակվել էր «Եկեղեցու վարդապետ»: Արձանի մանրակերտը ՀՀ նախագահի կողմից ընծայաբերվել էր Ֆրանցիսկոս Պապին 2016 թ. Հայաստան կատարած այցի շրջանակներում:

Վատիկանի պարտեզում Ս․ Գրիգոր Նարեկացու բրոնզե արձանը կանգնեցվել է Վատիկանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Միքայել Մինասյանի և ռուսաստանաբնակ գործարար Արթուր Ջանիբեկյանի բարերարությամբ և Վատիկանում ՀՀ դեսպանության մշակույթի բաժնի պատասխանատու Վարդան Կարապետյանի կազմակերպական ջանքերի շնորհիվ։ Արձանի հեղինակն է Հայաստանի ժողովրդական նկարիչ, քանդակագործ Դավիթ Երևանցին, ճարտարապետը՝ Միքայել Հասրաթյանը:


Էկումենիկ արարողության ընթացքում հնչեցին Հայաստանյայց Առաքելական և Կաթոլիկ Եկեղեցիների շարականներ, ընթերցվեց հատված Ս. Գրիգոր Նարեկացու աղոթամատյանից, որի ժամանակ տիար Միքայել Մինասյանը կատարեց սրբի արձանի բացումը։ Այնուհետև Ֆրանցիսկոս Քահանայապետը օրհնեց արձանը, որից հետո հովվապետերը աղոթքով հայցեցին սրբի բարեխոսությունը:
Արարողությանը նաև ներկա էին ՀՀ ԱԺ պատգամավորներ, ՀՀ կառավարության անդամներ, պետական այրեր, աշխարհասփյուռ հայոց տարբեր թեմերից ժամանած ուխտավորներ։
Օրվա ընթացքում Նորին Սրբություն Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը պատվիրակության ուղեկցությամբ այցելեց նաև Ս. Պետրոսի տաճար։ Հայոց Ս. Գրիգոր Լուսավորիչ Հայրապետին նվիրված արձանի առջև կատարվեց մասնավոր աղոթք:

 

Հանրապետության Նախագահն այնուհետև այցելել է Սուրբ Աթոռում Հայաստանի Հանրապետության դեսպանություն, որտեղ տեղի է ունեցել պարգևատրման արարողություն:

Նախագահի հրամանագրերով դիվանագետի օրվա կապակցությամբ, Հայաստանի Հանրապետության և Սուրբ Աթոռի միջև միջպետական հարաբերությունների ամրապնդման և զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար Սուրբ Աթոռում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Միքայել Մինասյանը պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով, բարեխիղճ և արդյունավետ աշխատանքի համար Սուրբ Աթոռում Հայաստանի Հանրապետության դեսպանության գրասենյակի վարիչ Մարիամ Երեմյանը պարգևատրվել է Երախտագիտության մեդալով, մարդասիրական և բարեգործական անխոնջ գործունեության համար բարերար Սմբատ Կարապետյանըպարգևատրվել է Մխիթար Հերացու մեդալով, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործում ներդրած նշանակալի ավանդի համար Իտալիայի Հանրապետության Սենատի Հայաստան-Իտալիա խորհրդարանական բարեկամական խմբի անդամ, սենատոր Ալդո դի Բիաջոն պարգևատրվել է Մխիթար Գոշի մեդալով:

orer.eu

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


Add video comment
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը www.aaeurop.com-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական արտատպումը, տարածումը, կամ հեռուստառադիոընթերցումն առանց www.aaeurop-ին հղման արգելվում է:Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Կայքը պատասխանատվություն է կրում միայն «Եվրոպայի Հայերի Համագումարի » ի ստորագրությամբ նութերի, կարծիքների եւ դիրքորոշումների համար: All Rights Reserved,4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4